«Հրապարակ». Ձեւավորվել են պետական կառույցներ, որոնք հետեւողականորեն զբաղվում են հայկական հետքի ոչնչացմամբ

«Հրապարակ». Ձեւավորվել են պետական կառույցներ, որոնք հետեւողականորեն զբաղվում են հայկական հետքի ոչնչացմամբ

Այս օրերին քաղաքական գործիչներից հաճախ կարող ենք լսել, որ Հայաստանն անհույս տանուլ տվեց Արցախը, եւ Արցախի հարցն այլեւս փակ է։

Իրավաբանական գիտությունների դոկտոր, արդարադատության նախկին նախարար Գեւորգ Դանիելյանը, ի տարբերություն շատերի, այդպես չի կարծում։ Հարցին՝ հետագայում դրան կանդրադառնան, երևի, չէ՞, հենց մի քիչ հզորանանք, պատասխանում է․ «Հենց մի քիչ ազատվենք գործակալներից։ Հզորության խնդիր չկա, մեզ են ներշնչել, թե մենք ոչնչություն ենք, իրականում լավ էլ հզոր ենք» ։Գեւորգ Դանիելյանի հետ զրուցեցինք, թե ստեղծված ծանր իրավիճակում ինչ կարող է անել Հայաստանը։

- Այս պայմաններում ի՞նչ կարելի է անել Արցախի համար՝ միջազգային հարթակներում, որ Արցախի հարցը չփակվի, գերիներին կարողանանք վերադարձնել, ու մշակութային արժեքները չոչնչացնեն բարբարոսները: 

- Կարեւոր հարցադրումներ եք շոշափում, սակայն այդպիսի հավակնոտ թեմաներին ու անելիքներին անդրադառնալուց առաջ հարկ է նկատել, որ իշխանության առաջին դեմքերը, ցավոք, բավարարվում են միայն ներքին լսարանի համար նախատեսված հրապարակախոսական-կենցաղային հարթությամբ, այն էլ՝ խիստ իրարամերժ հայտարարություններով: Միայն լսում ենք խրոխտ խոսքեր՝ «թե իմանաք ինչեր ենք անում» ոճի մեջ: Այսպիսի մթնոլորտում գրեթե անհնար է հուսալ, որ պետական իրավասու մարմինները կփորձեն քայլեր անել՝ Ձեր բարձրացրած հարցերի ուղղությամբ: Եթե մինչ այս պահը գրեթե ոչինչ չի արվել, այդ ի՞նչ խթաններ պետք է գործի դրվեն, որ արթացնեն լեթարգիական խորը քնից: Բացի այդ, Ձեր հարցից բխում է, թե իբր ադրբեջանցի բարբարոսները դեռ նոր պետք է ձեռնամուխ լինեն պատմամշակութային արժեքների ոչնչացմանը, մինչդեռ դա իրենք սկսել են եւ վաղուց արդեն հապճեպ ավարտին են հասցնում, ինչին նպաստեց 44-օրյա պատերազմի արդյունքների յուրօրինակ արձանագրումը: Ընդ որում, պատմամշակութային արժեքների ոչնչացումը եւ հընթացս դրանց յուրացումը տեղի են ունենում այդ երկրի պետական քաղաքականությանը խիստ համապատասխան՝ միջազգային իրավասու կառույցների լուռ կեցվածքի, երբեմն՝ նաեւ աջակցության ներքո: Ձեւավորվել են պետական կառույցներ, որոնք հետեւողականորեն զբաղվում են այդ արժեքների, ընդհանրապես՝ հայկական որեւէ հետքի իսպառ ոչնչացման նենգ առաքելությամբ: 

- Խոսքն ի՞նչ հակասական մտքերի մասին է, նկատի ունեք այն, որ իշխանությունն աստիճանաբար հե՞տ է կանգնում իր խոստումներից:

- Դե, դա կլիներ չարյաց լավագույնը: Խոսքը միաժամանակ տարբեր պաշտոնյաների կողմից իրարամերժ հայտարարությունների մասին է: Այսպես, ՄԱԿ-ի ԱԽ-ի նիստում Հայաստանի արտաքին գործերի նախարարը պնդում է, որ ռազմական գործողություններն անմիջական սպառնալիք են նաեւ խաղաղ բնակչության համար, մինչդեռ ադրբեջանական ներկայացուցիչը հերքում է այդ մտքերը՝ ցիտելով վարչապետի այն հայտարարությունը, ըստ որի՝ խաղաղ բնակչության համար որեւէ սպառնալիք գոյություն չունի, եւ այսպես շարունակ: Ցավոք, այս դրվագները ոչ թե եզակի են կամ սակավաթիվ, այլ արդեն՝ օրինաչափ: Ի՞նչ եք կարծում, այսպիսի իրավիճակում դյուրի՞ն կլինի, արդյոք, հետագայում պարզել պատճառված նյութական ու մարդկային կորուստները՝ փոխհատուցում պահանջելով Ադրբեջանից: Մինչդեռ մեր երկու՝ բացահայտ թշնամական կեցվածք որդեգրած հարեւաններն անթաքույց հայտարարում են, որ Հայաստանի նկատմամբ պատրաստվում են ներկայացնել միլիարդների հասնող պահանջներ, որոնք չմարելու դեպքում հարկ կլինի դիմել տարածքային զիջումների՝ սկզբի համար նկատի ունեն Սյունիքը: Իրենք իրենց պետական քաղաքականության համատեքստում արդեն չեն էլ օգտագործում հայեցի պատմական անվանումները, իսկ Հայաստանը որակել են իբրեւ Արեւմտյան Ադրբեջան: Այ, այս պետության հետ ենք պատրաստվում խաղաղության դարաշրջան սկսել: 

- Կոնկրետ ի՞նչ կարելի էր անել, որպեսզի գոնե նվազագույն աջակցություն ցուցաբերվեր ռազմագերիներին:

- Իսկ մենք ի՞նչ գիտենք նրանց մասին, տեղյա՞կ ենք, արդյոք, նրանց մեղսագրվող կեղծ ու շինծու մեղադրանքներից: Այդ մասին, ցավոք, որոշակի տեղեկատվություն ենք ստանում թշնամական աղբյուրներից: Մինչդեռ առնվազն կոնկրետ քայլեր պետք է ձեռնարկվեին, որպեսզի հայ փաստաբանները կարողանային ներգրավված լինել այդ մարդկանց շահերի պաշտպանությանը, ինչն անգամ սումգայիթյան ու Բաքվի ցեղասպան ջարդերի վերաբերյալ քրեական գործերով է կազմակերպվել: Մեր սերունդը լավ է հիշում, թե ինչպես անվանի փաստաբաններ Ռուբեն Սահակյանը եւ Շապոշնիկովան մեկնեցին Ադրբեջան եւ մասնակցեցին քրեական վարույթներին: Գոնե օտարերկրյա փաստաբանների մասնակցության հարցը կարող էր քննարկվել, բայց այս խոր ապատիայի պայմաններում դրա մասին խոսելն ավելորդ է: Ցավոք, այս ամենի ֆոնին մեզ համար առաջնային է դիտարկվում գերեվարվածներին արդեն Հայաստանում քրեական պատասխանատվության ենթարկելու հեռանկարը:

- Պատմամշակութային արժեքների պահպանության տեսանկյունից ի՞նչ քայլեր են անհրաժեշտ: Մենք կարո՞ղ ենք ինչ-որ բան փրկել։ 

- Կարծում եմ՝ հարկ է հնարավորինս սեղմ ժամկետում համախմբել բոլոր գիտական եւ հետազոտական կառույցներին, որպեսզի իրականացվի փաստահավաք աշխատանք, որը կվերաբերի ոչ միայն դեռեւս առկա արժեքներին, այլեւ դրանց ոչնչացման եւ յուրացման ադրբեջանական քայլերին: Պատրաստված նյութերը պետք է հիմք հանդիսանան՝ միջազգային կառույցներին դիմելու, այդ թվում՝ դատական գործընթացներ նախաձեռնելու համար: Դեռ 2 տարի առաջ Հայաստանի ԳԱԱ-ն հրապարակել եւ միջազգային կառույցներին էր հղել բավականին հաջողված վերլուծական, սակայն այն այդպես էլ չստացավ որեւէ պատշաճ արձագանք: Վիճակը հետեւյալն է․ ադրբեջանական կողմը ղեկավարվում է այդ արժեքները ոչնչացնելու եւ յուրացնելու պետական քաղաքականությամբ, ինչին մենք արձագանքում ենք ամեն գնով խաղաղության դարաշրջան սկսելու սին լոզունգով: 

- Արցախի Հանրապետության գոյությունը դադարեցնելու վերաբերյալ Արցախի նախագահի հրամանագրի ֆոնին, երբ դե ֆակտո դադարել է Արցախի սուբյեկտայնությունը, կարո՞ղ են մինչ այս պահը ձեւավորված մարմինները շարունակել աշխատանքները եւ ազդել իրադարձությունների վրա:

- Նախ, Արցախի Հանրապետությունը դե յուրե գոյություն ունի, եւ որեւէ պաշտոնյա իրավասու չէր իր, այն էլ բացահայտ սպառնալիքի ազդեցության ներքո պաշտոնապես չհրապարակված իրավական ակտով որոշելու Արցախի ճակատագիրը, ինչին արդեն անդրադարձել եմ մամուլում: Բացի այդ, ոչ միայն Արցախի Հանրապետությունն է դե յուրե գործում, այլեւ բոլոր սահմանադրական մարմիններն են պահպանել իրենց կարգավիճակը եւ ոչ թե իրավասու են, այլ պարտավոր են շարունակել իրենց առաքելությունը: Նորություն ասած չեմ լինի, եթե Արցախի Գերագույն դատարանը շատ շուտով անդրադառնա այդ հրամանագիր կոչվածի սահմանադրականության հարցին: Միաժամանակ մյուս իշխանության ճյուղերի մարմինները պարտավոր են շարունակել գործել, ընդունել համարժեք իրավական ակտեր եւ հնարավորության սահմաններում ձեռնամուխ լինել դրանց իրացմանը: Հուսանք, որ Հայաստանի իշխանության մարմինները սա չեն դիտարկի իբր Ադրբեջանի կողմից պատերազմի հերթական սադրանք եւ կաջակցեն մեր հայրենակիցների պետականամետ գործունեությանը՝ ներգրավելով նաեւ Հայաստանում Արցախի ներկայացուցչության ջանքերը: Այս իրավիճակում հանգիստ չպետք է լինել, հարկ է տքնել եւ ձգտել խելամիտ քայլերով հաջողությունների: