Ում ոտքն է տրորել Զովունու վարչական ղեկավարը 

Ում ոտքն է տրորել Զովունու վարչական ղեկավարը 

Առավոտյան irakanum.am կայքում հրապարակում կար, որ «Կոտայքի մարզի Զովունի համայնքում իշխանությունը փորձում է «հեղափոխություն» իրականացնել՝ մի խումբ ՔՊ-ականներ ձեռնարկել են Նաիրի խոշորացված համայնքի Զովունի գյուղի վարչական շրջանի ղեկավար Արտաշես Ղարիբյանի պաշտոնանկությունը։ Մեզ ասացին, որ գործընթացի թիկունքում ՔՊ-ական Ռոմանոս Պետրոսյանն է կանգած և հենց նրա հովանավորությամբ է կազմակերպվում այս ամենը»։ Բայց վարչական ղեկավարը համայնքում նաեւ պաշտպաններ ունի։

Ավելի ուշ Զովունու մի խումբ բնակիչներն էլ՝ ի աջակցություն իրենց վարչական համայնքի ղեկավարի հավաքվել էին համայնքապետարանի շենքի մոտ։ «Ով, կամ ովքեր են ուզում Ձեր հրաժարականը», հարց ուղղեցինք վարչական շրջանի ղեկավար՝ Արտաշես Ղարիբյանին.

«Ես չգիտեմ, մի քանի հոգի կա, որ ուզում են՝ չաշխատեմ, եւ դրա համար ինչ-որ քայլել են ձեռնարկում: Այս պահին ես համայնքապետարանում չեմ, բայց աշխատանքային գործերով համայնքում եմ, կսպասեմ մի քիչ լարվածությունը անցնի, նոր կգնամ գյուղապետարան»: Անուններ կասե՞ք, ովքեր են. «Չգիտեմ, հիմա ճշտում եմ, թե ովքեր են»: Շրջանառվում է Ռոմանոս Պետրոսյանի անունը, որ նա է Ձեր դեմ ակցիան կազմակերպել. «Ինքը կապ չունի, այս պահին այսքանը կարող եմ Ձեզ ասել»: 

Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը եւս տեղյակ էր խնդրին, սակայն նա էլ չցանկացավ ասել, թե իրականում ովքեր են պահանջում Զովունի վարչական շրջանի ղեկավար Արտաշես Ղարիբյանի հրաժարականը. «Խնդրին տեղյակ եմ, վարչական ղեկավարը ինձ տեղեկացրել է, բայց որքանով ես տեղյակ եմ փոքր թվով մարդիկ են, ինչ-որ լուրջ բաներ չկա, հիմա էլ դադարեցվել է ակցիան: Իմ տեղեկություններով պահանջողները նույնիսկ Զովունի համայնքից չեն, չեմ կարծում, որ նրանք իրավունք ունեն այդ հարցը բարձրացնել»: 

Ըստ գյուղացիների՝ ՔՊ-ական Վաղարշակ Ամիրխանյանը, ով ՔՊ-ի Նաիրիի տարածքային խորհրդի նախագահն է, եւ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալը, արշավ է սկսել իրենց վարչական շրջանի ղեկավարի դեմ. «Ողջ գյուղը Ղարիբյանի կողքին ա: Մենք ենք ընտրել մեր գյուղապետին, ոչ մեկը իրավունք չունի մեր ընտրած գյուղապետին ասի՝ ազատվի գնա: Ամեն բան սկսվեց հողերի աճուրդից, երեւի Ամիրխանյանը միանգամից ամեն ինչի մեջ փայատեր էր ուզում դառնալ, չստացվեց, դրանից էլ որոշել ա գյուղապետից ազատվել:

Ընտրություններում ինքը իր թեկնածությունը դրեց՝ պարտվեց: Խոշորացված համայնքի ղեկավար ընտրվեց Նորայր Սարգսյանը, անգամ ինքը տեսնելով Ղարիբյանի աշխատանքը՝ նորից նշանակեց վարչական շրջանի ղեկավար»,- մեզ հետ զրույցում ասում էին զովունեցիները: 

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Վաղարշակ Ամիրխանյանին հարցրեցինք՝ ինչո՞ւ են արշավ սկսել Զովունի համայնքի վարչական շրջանի ղեկավար Արտաշես Ղարիբյանի դեմ. «Բացարձակ ես կապ չունեմ դրա հետ»,-պատասխանեց Ամիրխանյանը: Գյուղացիները Ձեր անունն են շրջանառում, որ Դուք եք այս ամենի հեղինակը. «Ձեր իմացած տեղեկությունները բացարձակ իրականության հետ կապ չունեն, ու չգիտեմ, ով է կապում այդ ամենը իմ անձի հետ: Եթե կան մարդիկ, որ կուզեն կոտկրետ ինձ հետ խոսել, պատրաստել եմ լսել իրենց»: 

Նշենք, որ Արտաշես Ղարիբյանը 2019-2022թթ. Եղվարդ համանքի Զովունի գյուղի վարչական ղեկավար է եղել, իսկ 2022 թվականի դեկտեմբերի 5-ի ընտություններից հետո նշանակվել է Նաիրի խոշորացված համայնքի Զովունի գյուղի վարչական ղեկավար: Ըստ մամուլի հրապարակումների դեկտեմբերի 5-ի ընտրություններում Ամիրխանյանի թեկնածությունն  առաջարկել է Ռոմանոս Պետրոսյանը: Չի բացառվում, որ այս պարագայում եւս Ռոմանոս Պետրոսյանի մատը խառը լինի: