Տիեզերական մշտադիտարկումը կօգնի ճշգրիտ իմանալ, թե ով է էսկալացիայի մեղավորը

Տիեզերական մշտադիտարկումը կօգնի ճշգրիտ իմանալ, թե ով է էսկալացիայի մեղավորը

Ադրբեջանը փորձում է համառորեն տարածել, որ հուլիսի 12-ին-լույս 13-ին հայ-ադրբեջանական սահմանի Մովսես գյուղի դիրքերի մոտ տեղի ունեցած բախումը «հայկական կողմի սադրանքն» էր։ ՀԱՊԿ-ն, որի անդամ ենք մենք, քննարկում է տեղի ունեցածը։ Տարբեր մարմիններ, այդ թվում՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրի արտգործնախարար Լավրովը, կողմերին զսպվածության ու կրակն անհապաղ դադարեցնելու կոչեր են անում։ Կողմերի միջեւ նույն հավասարության նշանը դնում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը։ Սա այն է, ինչ ունենք 2020 թ․ հուլիսին՝ 2018 թվականից հետո հետեւողականորեն բանակցային օրակարգից Ադրբեջանի ջանքերով եւ Երեւանի լուռ համաձայնությամբ դուրս մղված Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններից 4 տարի անց։ Հիշեցնենք․ պայմանավորվածություններ էին ձեռք բերվել շփման գծում մշտադիտարկում իրականացնելու, միջադեպերի հետաքննության մեխանիզմ ներդնելու եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ավելացման շուրջ: Իհարկե, հիշյալ պայմանավորվածություններն Արցախ-Ադրբեջան շփման գծի շուրջ էին, Տավուշի մարզը ՀՀ տարածք է, ինչը նշանակում է, որ մշտադիտարկումը եթե անգամ լինի, չի տարածվելու ՀՀ տարածքի վրա։ Բայց սա չի նշանակում, թե առաջիկայում շփման գծի հատվածում նման միջադեպեր չեն լինելու, եւ հերթական անգամ դիտորդներն ու միջազգային հանրությունը, ըստ էության, ագրեսոր կանվանեն երկու կողմին էլ՝ հավասարության նշան դնելով մեր միջեւ, այստեղից բխող բոլոր հետեւանքներով հանդերձ։

Մինչդեռ ժամանակակից աշխարհում, հատկապես վերջին տարիներին, մշտադիտարկման համակարգերի զգալի մասը ցամաքից տեղափոխվել է օդ, նման տվյալների ձեռքբերումը ռազմական հետախուզությունների համար խնդիր չէ։ Բայց այստեղ կա մի «բայց», եւ դա այն է, որ օդային տարածքից նման գործողություններ կարող են կատարվել մինչեւ այն պահը, քանի դեռ կողմերից մեկը չի հայտարարել, որ դա հակասում է իր պետական, անվտանգային եւ այլ շահերին։ Մինչդեռ տիեզերքն ազգային սահմաններ չունի, եւ միջազգային իրավունքն էլ ենթադրում է, որ տիեզերքի տարածությունների օգտագործման դեպքում արբանյակների միջոցով մշտադիտարկումներ անելու համար կողմերից որեւէ մեկի թույլտվությունը ստանալու կարիքը, համաձայն տիեզերքի մասին միջազգային կոնվենցիաների, չկա։ Իսկ տիեզերական արբանյակների օգնությամբ 24-ժամյա ռեժիմով մշտադիտարկումը կարող է տալ բոլոր հարցերի պատասխանը։ Ի դեպ, ոչ միայն այն, թե կողմերից որն է սկսել, այլեւ՝ ով է ուզում սկսել։ Պատահական չէ, որ աշխարհի 3 գերտերություններ՝ Ռուսաստանը, ԱՄՆ-ն, իսկ վերջերս՝ նաեւ Չինաստանը տարեցտարի մեծացնում են իրենց արբանյակային նավատորմը՝ նման հարցերի պատասխաններն ունենալու համար։ Եթե Հայաստանի կառավարությունը հետեւողական գտնվեր, ապա հնարավոր է Հայաստան-Ադրբեջան հրադադարի խախտումների հարցում եւս ԵԱՀԿ Մինսկի խումբը տիրապետեր նման ինովացիոն գործիքակազմի, որի շնորհիվ երեկվա ամորֆ ու կողմերի միջեւ հավասարության նշան դնելու հայտարարությունները գուցե չլինեին։

Բանն այն է, որ 2016-ի ապրիլյան պատերազմից հետո ՀՀ պաշտպանության նախարարության Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը պրոֆեսոր, գեներալ-մայոր Հայկ Քոթանջյանի գլխավորությամբ իրականացրել է տիեզերական մշտադիտարկման ուղղությամբ մշակումներ, որոնք 2017-ի կեսերին ներկայացվել են ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրներից երկուսի՝ Ռուսաստանի ու ԱՄՆ-ի տարբեր ներկայացուցիչների՝ տարբեր ձեւաչափերում ու մակարդակներում։

Այդ շրջանում ինստիտուտի տնօրեն, Թավթսի համալսարանի Ֆլետչերի դասընթացներն ավարտած Բենամին Պողոսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ մշակումը մոդելավորված էր ղարաբաղյան հակամարտության վրա որպես պլատֆորմ, որը հնարավորություն կտա ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամ եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների միջեւ իրականացնել հետախուզական տեղեկույթի փոխանակում՝ հակամարտող կողմերի գործողությունների վերաբերյալ։
«Թեկուզ այս փոքր, բայց փաստացի՝ հետախուզական տեղեկույթի փոխանակման հնարավորությունը հետաքրքրեց թե՛ ամերիկացիներին, թե՛ ռուսներին, այն առումով, թե արդյոք այն կլինի՞ մի փորձնական քայլ, որն ի ցույց կհանի, թե հնարավո՞ր է արդյոք իրականացնել նման գործընթաց։ Եվ եթե լոկալ հատվածում սա տա իր արդյունքները, ապա նույն այդ պրակտիկան թվային եւ կիբերտեխնոլոգիաների կիրառմամբ կարող է տեղափոխվել նաեւ այլ ոլորտներ։ Այսինքն՝ դա Ռուսաստանի ու ԱՄՆ-ի համար հետաքրքիր էր առաջին հերթին այդ տեսանկյունից։ Իրենց հետաքրքրությունը դա էր, մեր հետաքրքրությունն էլ այն էր, որ դրա միջոցով մենք լուծելու էինք հրադադարի խախտումների անորոշության հարցը»,- ասում է Բենիամին Պողոսյանը։ Ակնհայտ է, որ տիեզերական վերահսկողության ինովացիոն տեխնոլոգիան զրկելու է Ադրբեջանին իր հիմնական գործիքակազմից։ Եվ ամենակարեւորը՝ միջնորդներն այլեւս չէին կարող խուսանավել, թե հայտնի չէ՝ ով է առաջինը սկսել։

Ինչեւէ, 2017-ի աշնանը այս մշակումը մի քանի հրապարակումների միջոցով հրապարակայնացվեց դոկտոր Հայկ Քոթանջյանի կողմից, բայց, չնայած ամերիկացիների ու ռուսների նախնական հետաքրքրությանը, այն պետք է Հայաստանի կառավարության՝ Հայաստանի արտաքին գործերի նախարարության կողմից պաշտոնապես ներառվեր ղարաբաղյան բանակցային օրակարգ, սակայն մնաց սեղանին։ «Հայաստանը, հաշվի առնելով, որ Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի համաձայնությունների կիրառումը խափանված է Ադրբեջանի դիրքորոշման պատճառով, սակայն, մյուս կողմից, հրադադարի խախտումները շարունակվում են, հետեւաբար՝ մեղավորների հարցը շարունակում է մնալ ակտուալ, առաջարկելու էր, որպեսզի Մինսկի խմբի շրջանակներում այդ հարցը քննարկվի, ԱՄՆ-ի ու Ռուսաստանի միջեւ սկսվեն քննարկումներ, որպեսզի նրանք գործուն քայլեր կիրառեն այդ՝ արբանյակային տեսազննման համար։ Մենք մեր մասն արեցինք՝ հետազոտական պրոդուկտ, հիմնավորումներ։ Հաջորդ քայլը պետք է լիներ այն, որ ԱԳՆ-ի կողմից քայլեր արվեին՝ այս հարցը բանակցային օրակարգում ներառելու համար»,- ասում է Բենիամին Պողոսյանը։

Հարցին, թե ում՝ նախկինների՞ մեղքն է, թե՞ նորերի, որ այդ կարեւոր մշակումները մնացին սեղանին, փորձագետը պատասխանեց․ «Թե՛ ես, թե՛ Հայկ Սերգեեւիչը այդ հարցը նաեւ հեղափոխությունից հետո ենք բարձրացրել, որ հետազոտությունները կան, նախնական քննարկումներն ու հետաքրքրությունը կան»։ Բ․ Պողոսյանի գնահատմամբ՝ հիմա էլ ոչինչ չի խանգարում, որ հենց տավուշյան վերջին էսկալացիան հիմք ընդունելով՝ ՀՀ ԱԳՆ-ն այդ գաղափարը դարձյալ պաշտոնապես դնի շրջանառության մեջ։ Հետաքրքիր է, թե ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրներին հիմա ինչ-որ բան խանգարո՞ւմ է հետկորոնավիրուսային փոփոխվող այս աշխարհում հակամարտությունների սառեցման, լուծման եւ պատերազմը կանխելու ուղիների վերաբերյալ պրակտիկ մոդելների հասնելու, իսկ ղարաբաղյան հակամարտության պարագայում փորձարարական եւ նորագույն թվային տեխնոլոգիաներ կիրառելու հարցում։