Ատամների կրճտոց

Ատամների կրճտոց

Վստահ եմ՝ հայ հասարակության որակյալ մեծամասնությունը նախորդ գիշեր այդպես էլ չքնեց։ Մինչեւ գիշերվա 4-ը մենք գամված հետեւում էինք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստին, որտեղ տարբեր պետությունների ներկայացուցիչներ Արցախի մասին էին խոսում, քննարկում Հայաստանին կապող միջանցքի խնդիրը։ Իհարկե, երբեմն մտածում ես, թե սա մի ծանր մղձավանջ է՝ գիշերվա երազ, եւ մենք մի օր արթնանալու ենք մինչեւ 2018 թվականը տիրող երջանիկ անտեղյակության մեջ, երբ Լաչինով ճանապարհը չհավանելով՝ Քարվաճառի նորակառույց ճանապարհով էինք դեպի Արցախ սլանում։ Բայց, ցավալիորեն, այս դառն իրականությունը փոխելու մեր միակ հույսն այսօր մնացել են աֆրիկյան ու ասիական երկրներում բնակվող ինչ-որ մարդիկ եւ, որպես փրկօղակ, նրանց ելույթները, որոնք կարող են ինչ-որ բան փոխել եւ Արցախը հանել այս նեղ վիճակից։

Բայց այն բոլոր ելույթները, որոնք հնչեցին նախօրեի գիշերը, զայրույթի, ցավի, հուսահատության զգացում էին միայն առաջացնում։ Ազատորեն ամբողջ երկրագնդով մեկ երթեւեկող, միջպետական սահմանները ոչնչացրած, բոլոր հնարավոր ճանապարհներն ու ուղիները բացած աշխարհը փորձում էր մեզ համոզել, որ կարելի է օգտվել Աղդամի ճանապարհից՝ մոռանալով Լաչինի միջանցքի մասին։ Թույլ էր տալիս, որ մեր լկտիացած հակառակորդը ներկայացնի, որ ոչ մի ճանապարհ էլ փակ չէ, եւ ինքը ցեղասպանություն չի իրականացնում։ Եվ ոչ մեկը նրան չէր ասում՝ լավ, իսկ ինչո՞ւ թույլ չես տալիս, որ Լաչինի միջանցքը գործի, ինչո՞ւ արցախցին չի կարող ընտրել, թե որ ճանապարհով երթեւեկի եւ որով մթերք ու վառելիք ստանա։ Եթե մարդու իրավունքները հարգվում են, ո՞րն է այս բռնության բացատրությունը, եւ դա ի՞նչ կապ ունի Ադրբեջանի տարածքային ամբողջականության գաղափարի ու հայ-ադրբեջանական կոնֆլիկտի հետ։