Քննիչի ծեծի դեպքով հարուցվել է քրեական գործ

Քննիչի ծեծի դեպքով հարուցվել է քրեական գործ

Երեկ մենք գրել էինք, որ նախօրեին Սարալանջ փողոցում ժամը 22.00-ի սահմաններում ծեծի է ենթարկվել Քննչական կոմիտեի քննիչներից մեկը՝ կնոջ և երեխաների ներկայությամբ: Մեզ ասացին, որ ծեծի ենթարկողը եղել է ոմն Արթուր, ով ԱԺ իմքայլական պատգամավոր Հայկ Սարգսյանի (շիշ բռնող) քրոջ ամուսինն է: Ծեծի ենթարկողները եղել են մոտ 10 հոգի` 2 մեքենաներով, զինվորական համազգեստներով և զինված, ու ներկայացել են, թե իբր նոր են դիրքերից իջել: Ծեծի պատճառը եղել է այն, որ քննիչի մեքենան անսարք է եղել, և նա փորձել է ճանապարհի երթևեկելի գոտուց հեռացնել մեքենան, ինչն էլ արի ու տես, որ «դուր չի եկել» ծեծի ենթարկող Արթուրին:

Մենք տեղեկացանք, որ ծեծի ենթարկված քննիչը Քննչական կոմիտեի ՀԿԳ քննիչ Վ․Ա-ն է, իսկ ծեծի ենթարկողներից Արթուրը Սննդի անվտանգության տեսչական մարմնի` ՍԱՏՄ պետի տեղակալ Արթուր Շատվորյանն է, որը, ինչպես նշեցինք, Հայկ Սարգսյանի քրոջ ամուսինն է։

Ոստիկանության լրատվական վարչությունից հաստատեցին մեր տեղեկությունը, որ նման միջադեպ եղել է: Քննչական կոմիտեից էլ մեզ ասացին, որ դեպքի առթիվ ՀՀ ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (խուլիգանություն) 3-րդ մասի 1-ին կետով, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին և ընդունվել վարույթ: