Ինձ համար այս իշխանությունները` գոյություն ունեցած բոլոր իշխանություններից, լավագույնն են. Գրիգոր Խաչատրյան

Ինձ համար այս իշխանությունները` գոյություն ունեցած բոլոր իշխանություններից, լավագույնն են. Գրիգոր Խաչատրյան

Այս օրերին Հայաստանում, Ռուսաստանում, Վրաստանում եւ անգամ Ուկրաինայում նշում են աշխարհահռչակ կինոռեժիսոր, սցենարիստ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Սերգեյ Փարաջանովի 100-ամյակը: Հայաստանում նաեւ տեղի ունեցավ Փարաջանովի արձանի բացման արարողությունը: Անդրադառնալով Փարաջանովին ժամանակին հայտնի սկետչիստ եւ ինստալացիաների հեղինակ, նկարիչ Գրիգոր Խաչատրյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում էր արել. «Փարաջանով Փարաջանով, սարքեցիք Գրիգոր Խաչատրյան»:

Մենք որոշեցինք զրուցել նկարչի հետ, ով իրեն համեմատում է Փարաջանովի հետ: Փարաջանովն աշխարհահռչակ ֆիլմեր է ստեղծել, անգամ կտավներ է թողել, դուրս է եկել Սովետական բռնատիրական ռեժիմի դեմ, ինչի համար դատապարտվել է եւ աքսորվել, նոր ոճի, նոր մտածողության կրող է` հարուստ ժառանգություն թողած արվեստագետ:

Մեզ հետաքրքրում էր, թե ինչով է Գրիգոր Խաչատրյանն իրեն համեմատում նրա հետ` ստեղծած արվեստի բարձրարժեք գործերո՞վ, թե՞ իշխող ռեժիմի դեմ անհավասար պայքար մղելու եւ բանտ ու աքսորից չվախեցող մարտիկ լինելու հանգամանքով: 

- Պարոն Խաչատրյան, մենք տեսանք Ձեր գրառումը, կուզեինք նախ Ձեր գնահատականը հնչեցնեք Փարաջանովի արվեստի մասին, Դուք նրա ստեղծագործություններին ինչպե՞ս եք վերաբերվում:

- Լավ կարծիք ունեմ: Բայց նրա արածն ավելի շատ նկարչի արած էր: Ինքը գալիս էր նկարչությունից:

- Բայց Սերգեյ Փարաջանովը նաեւ համարձակ մտավորական էր: Դուրս էր եկել մի այնպիսի համակարգի դեմ, որին հաղթելն անհնար էր եւ դուրս եկողները նախապես դատապարտված էին պարտության: Սովետական համակարգը գաղտնիք չէ, թե ինչպիսին էր` Փարաջանովն իր գաղափարներով, մտածողությամբ, ստեղծագործությամբ դիսիդենտ էր` հակադրվել էր մի սարսափելի ռեժիմին: Դուք, օրինակ, ո՞ւմ եք այսօր հակադրվում, ի՞նչ եք քարոզում, ինչի համար եք պայքարում:

- Այդ ամբողջը վերաբերում է նրան` դուք համարձա՞կ եք, թե՞ ոչ: Եթե գտնում ես, որ քո ասելիքը կարևոր է, ապա անպայման այդ մասին կխոսես, անկախ նրանից, թե ում հետ ես կռվում: Բոլոր ժամանակներում էլ եղել են նման արվեստագետներ, կան ու կլինեն:

- Ստացվում է` այսօր Դուք ասելիք չունեք: Բայց այսօր էլ անմեղ մարդկանց են կալանավորում, օրինակ` ֆեյսբուքում վարչապետին քննադատելու համար, բողոքի ակցիաներին մասնակցելու համար և այլն: Արցախը հանձնվեց, 5000-ից ավելի երիտասարդ զոհվեց, Դուք ոչ մի անգամ չեք խոսել այդ մասին, չեք քննադատել Նիկոլ Փաշինյանին: Մի՞թե այս տարիներին կատարվածը նրան քննադատելու առիթ չեն ձեզ համար:

- Ես լուրեր ընդհանրապես չեմ լսում և ինձ համար այս իշխանությունները, գոյություն ունեցած բոլոր իշխանություններից, լավագույնն են:

- Բա ինչպե՞ս եք հանդգնում Փարաջանովի հետ համեմատվել:

- Բայց ի՞նչ կապ ունի, նա Սովետում էր ապրում:

- Իշխանությանն ընդդիմանալու մասին ենք խոսում: Իշխանությունն իշխանություն է` բռնի մեթոդներով աշխատող: Իսկ այս իշխանության օրոք մենք մեծաթիվ կորուստներ ենք ունեցել: Դուք հիմա ասելիք չունե՞ք:

- Եթե նկատել եք, ես միշտ իշխանությունների դեմ սուր եմ ճոճել:

- Ե՞րբ: Ես այսօրվա մասին եմ խոսում: Այսօրվա ապօրինությունների, կորուստների, սխալների...

- Ես ասացի, որ այս իշխանությունից այդ տեսակ դժգոհ չեմ, որքան նախկիններից, դրա համար ձայն չեմ հանում, կան բաներ, որ իշխանությունները չեն կարող բացատրել հասարակությանը: Դուք հիմա փորձում եք ինձանից կորզել իշխանությունների հասցեին ինչ-որ վատ բան:

- Ոչ, ես չեմ փորձում կորզել, ուզում եմ հասկանալ, թե ինչից կարող է գոհ լինել մտավորականն այսօր եւ ինչպես կարող է գովերգել իշխանություններին, ջերմ հարաբերություններ պահել նրանց հետ` երբ այսքան կորուստ ենք կրել, այսքան ցավ ու աղետ ենք տեսել իրենց կառավարման արդյունքում: Ասում եք` այս իշխանությունը լավագույնն է: Ի՞նչ առումով: Այս աղետալի վիճակը Ձեզ դո՞ւր է գալիս:

- Բայց չե՞ք տեսնում, որ այդ ամենի հիմքերն ավելի շուտ են գցված եղել, որ էսօր էսպես եղավ, որտե՞ղ են դրա հիմքերը: Հո ինքն իրեն չի՞ եղել այդ ամենը:

- Բայց Նիկոլ Փաշինյանն ասում էր, որ իր զրոյական կետից է սկսել, ինչ ուզում` դա էլ բանակցում է, ասում էր` նոր պատերազմ, նոր տարածքներ, անվերջ սադրում էր Ադրբեջանին: Սրանք փաստեր չե՞ն Ձեզ համար:

- Մենք հիմա չենք կարող այդ հարցերը քննարկել: Մենք հիմա փորձում ենք վերլուծել, բայց այդ ամենի հիմքերը դրել են այդ երկու հոգին` Սերժն ու Ռոբերտը: Այնպես որ այդ թեման եկեք փակենք:

- Այսինքն` Դուք էլ եք կարծում, որ Փաշինյանը հիմար էր` «խեղճ հարիֆի ջեբը գցեցին» նախկինները:

- Ես այդ մտքերին ծանոթ չեմ: Ես հեռու եմ այդ ձևակերպումներից: Այդ թեմաներից էլ չեմ ուզում խոսել: