Շագանակները կրակից քավորի միջոցով է հանում․․․

Շագանակները կրակից քավորի միջոցով է հանում․․․

Իմաստություն է՝ օրենսդիր իշխանությունը պետության սիրտն է, գործադիր իշխանությունը՛ նրա ուղեղը։ Կա՞ այսօր մեկը, որ մտածի, թե ՀՀ ընդհանրական ազգային ժողովը աշխատում, բաբախում է հայ ժողովրդի համար, իսկ գործադիր իշխանությունն էլ հայ ժողովրդի փոխարեն մտածում է։ Սիրտ ու միտք ունեցող պետությունն ապրում է իր ժողովրդի ցավով, հոգսով ևմտածում , թե ի՞նչ անի, որ իր ժողովուրդը ավելի անվտանգ ու բարեկեցիկ ապրի։ Ազգային ժողովը ժողովրդի ցավի, տառապանքի թրթիռը պիտի լինի գործադիրն էլ ՝ ուղեղը։

 Հայաստանի սիրտն ու ուղեղը փոխել ու արհեստական սիրտ և ուղեղ են դրել։ Շատ են խոսում արհեստական բանականության մասին, այ հենց այդ արհեստական բանականությամբ էլ պետությունը ղեկավարվում է։ Ուղեղն  աշխատեցնում են համապատասխան մարմինները՝ իրենց հրահանգներով, իսկ սիրտն էլ ցավ չի զգում, թե ոնց կործանվեց Արցախ անունով մի պատմական պետություն և ոնց է հրահանգներով կործանվում ծաղկուն Հայաստանը։ Հայաստանից խլվել է միտքը և սիրտը։ Ո՞րն է փրկությունը։ Ժողովուրդը, որպես իր երկրի տեր, պիտի իր երկրի դոնորը լինի։ Այսինքն իր սիրտն ու ուղեղը փոխանցի երկրին։ Ոնց ուզում եք հասկացեք։ Մեր պատմության մեջ մեր հայրենիքն ապրեցրել, ծաղկեցրել ենք մեր արյան, սրտի, մտքի շնորհիվ։ Այն, ինչ չեն կարող անել աշխարհի մեծամեծ վեհաժողովները, ժողովուրդը կարող է լուծել իր կամքով։ 

Վեց տարի մեր ժողովրդին հակառակն է քարոզվել ու արդյունքը տեսնում ենք։ Նիկոլը հայոց  պատմության կրակը մարում , մոխիր է տալիս ․․․ Մեր հաղթանակները վերցրել, պարտություններ է տվել․․․Այսօր մեզ համար պատմություն չի թողել։ Այսօր մոխրի մեջ եղած անթեղն էլ հանգցնում է իր կրակմարիչների՝ նշանակած մարզպետների միջով։ Այսօր արդեն իրողություն է,  որ սահմանամերձ վայրերում  արյուն- քրտինքով, կռվով ու դավով գյուղապետեր, քաղաքապետեր «ընտրել տալով» ինչ խնդիր է լուծում։ Եթե մի քանի տարի առաջ չէիք հասկանում, թե ինչու՞ է իր քավոր Հայկ Ղալումյանին նշանակում Տավուշի մարզպետ, այսօր էլ բացատրելու կարիք չկա։ Այստեղ հարցը ԽԾԲ կապերը չեն միայն, որ Նիկոլը մարզպետին, մարզպետն էլ իր բարեկամներին  պաշտոնների մեջ լողացրել է, հարցը տարածքները լռության մեջ հանձնելն է։ Հարցը մոխրի միջի  պեծը, կայծկլտուկը  մարել տալն  է։ Հարցը շագանակները իր քավոր մատներով կրակից հանելն է։ Ու սա միակ սահմանամերձ վայրը չէ, բոլոր կետերում տարածվել, հողն ուտող արմատներ է գցել․․․