Ռուսաստանում սեպտեմբերի 19-ին սպասվում են ընտրություններ․ ինչ է տեղի ունենալու

Ռուսաստանում սեպտեմբերի 19-ին սպասվում են ընտրություններ․ ինչ է տեղի ունենալու

Սեպտեմբերի 19-ին Ռուսաստանում տեղի են ունենալու Պետդումայի ընտրություններ։ Միաժամանակ 9 դաշնային սուբյեկտներում նահանգապետեր են ընտրվելու, որոնց շարքում երեք դաշնային սուբյեկտում՝ տարածաշրջանային օրենսդիր մարմիններն են ընտրելու սուբյեկտի դեկավարին, ինչպես նաեւ՝ 39 տարածաշրջաններում ընտրվելու են տարածաշրջանային պառլամենտներ։ Լինելու են նաեւ հանրաքվեներ եւ մունիցիպալ ընտրություններ։

Բուն քվեարկություններն ընթանալու են երեք օր շարունակ՝ սեպտեմբերի 17, 18, 19-ին՝ տեղական ժամով 08։00-20։00-ին։ Ընտրողները կարող են քվեարկել ինչպես ընտրական տեղամաս այցելելով, այնպես էլ շարժական քվեատուփերի միջոցով, ընդ որում՝ եթե մարդն ունի հարգելի պատճառ եւ չի կարող ընտրությունների գնալ, ապա քվեատուփն ու քվեաթերթիկները նրա մոտ կբերեն՝ ըստ նախնական գրավոր կամ բանավոր հայտարարության։ Ընտրողներն ընտրատեղամասեր կարող են այցելել ըստ իրենց բնակության կամ գտնվելու վայրի։ Տեղի է ունենալու նաեւ ինտերնետի միջոցով քվեարկություն՝ յոթ սուբյեկտներում։ Դիստանցիոն քվեարկություն իրականացվելու է Մոսկվայում, Սեւաստոպոլում, Նիժեգորոդսկի, Յարոսլավլի, Կուրսկի, Մուրմանսկի եւ Ռոստովի մարզերում։

Ինտերնետ ճանապարհով քվեարկելու համար եւս իրականացվելու է նախնական հայտագրում միասնական պետական ծառայությունների կայքի օգնությամբ։ Роспотребнадзор-ն էլ հրապարակել է տեղամասերում եւ տնային քվեարկությունների հետ կապված բժշկասանիտարական պրոֆիլակտիկ ցուցումները։ Այսինքն, բոլոր հնարավոր եղանակները կիրառվելու են, եւ բոլոր պայմանները ստեղծված են ընտրությունները կեղծելու, իշխանությունների ցանկալի արդյունքներն ստանալու համար։ Այս բոլոր սողանցքները ժամանակին ընդդիմության եւ մտածող մարդկանց կողմից լայնորեն քննադատվել են, սակայն ռուսական կայսրության ֆենոմենն այն է, որ հասարակության մեծ մասը դեմոկրատիայի, ազատ ընտրությունների, արդարության պահանջ չունի, եւ հաշտ են բռնապետական կարգերի եւ բռնապետին մինչեւ իր կյանքի վերջը վերընտրելու մտքի հետ։

Ռուսաստանի սեպտեմբերյան ընտրություններն ունենալու են մեկ հետաքրքիր նորամուծություն եւս․ «Լռության օր», որպես այդպիսին, չի լինելու, քանի որ ընտրությունները մի քանի օր են տեւելու, միայն բուն ընտրությունների օրերին է քարոզչության արգելքը պահպանվելու։ Պետդումայի ընտրություններին կմասնակցեն 14 քաղաքական ուժ եւ դաշինք, այդ թվում՝ իշխող «Եդինայա Ռոսիան», «Քաղաքացիական հարթակը», «Կանաչ այլընտրանքը», «Կանաչների կուսակցությունը», Ռուսաստանի Դաշնության Կոմկուսը, Ռուսաստանի կոմունիստները, Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական, «Նոր մարդիկ» կուսակցությունները, «Աճի կուսակցությունը», «Հայրենիք», Ռուսաստանի թոշակառուների եւ սոցիալական արդարության, Ռուսաստանի ազատության եւ արդարության, «Արդար Ռուսաստան՝ հանուն ճշմարտության», «Յաբլոկո» կուսակցությունները։

Չնայած կանխատեսումներ անելն անշնորհակալ գործ է, սակայն նոր Պետդումայում հայտնվելու ռեալ հնարավորություններ ունեն իշխող «Եդինայա Ռոսիան», ՌԼԴԿ-ն (նախագահ՝ Վլադիմիր Ժիրինովսկի), ՌԴ ԿԿ-ն (նախագահ՝ Գենադի Զյուգանով), «Արդար Ռուսաստան-Հանուն ճշմարտության» կուսակցությունը։ Սպասել, որ կլինի թեժ ընտրապայքար, պետք չէ, քանի որ ռուսական քաղաքական համակարգն այնպես է կազմավորված եւ այնքան խիստ է վերահսկվում, որ էքսցեսներ, ֆորսմաժորներ սպասելն անիմաստ է։ Իսկ հեռուստաեթերում բուռն նախընտրական բանավեճերն ընդամենը ֆոն ապահովելու համար են։ Ի դեպ, իշխող «Եդինայա Ռոսիայի» ցանկում են ռուսական գործող վարչակազմի հիմնական դեմքերը՝ սկսած Սերգեյ Լավրովից մինչեւ Սերգեյ Շոյգու։

Կարեն Ենգիբարյան