Հինգ տարի առաջ դեկտեմբերի 28-ին կյանքից հեռացավ Վահան Հովհաննիսյանը

Հինգ տարի առաջ դեկտեմբերի 28-ին կյանքից հեռացավ Վահան Հովհաննիսյանը

Հինգ տարի առաջ այս օրը կյանքից հեռացավ դաշնակցական, նախկին պատգամավոր, Գերմանիայում ՀՀ նախկին դեսպան, «Մանդիլիոն» գրքի հեղինակ Վահան Հովհաննիսյանը։

Մարդ, ով հնագիտությունից մտավ Արցախյան պատերազմ, ապա՝ քաղաքականություն, որում նրան տեղ այդպես էլ չլրացվեց․ Վահան Հովհանիսյանը հայտնի էր մտքի խորությամբ, սրությամբ, ինտելեկտով ու անասելի հումորով։ Վահան Հովհաննիսյանի ընկերներին, գործընկերներին, հարազատներին, լրագրողներին միավորում էր այն, որ Վահան Հովհաննիսյանը, սովորության համաձայն յուրաքանչյուրին դիմում էր հատուկ այդ մարդու համար հորինած անունով։

Դաշնակցական Լիլիթ Գալստյանին` «Աղբյուրսերոբովնա», ՀՅԴ Բյուրոյի նախկին ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանին՝ «Սերոժ», Ռոլանդ Շառոյանին` «Ռոլլի», Բագրատ Եսայանին՝ «բրատկա-բագրատկա», իր օգնական Վահանին՝ «Վահան ձյա», կոալիցիոն, ապա նաև՝ ոչ կոալիցիոն գործընկեր Արմեն Աշոտյանին, օրը գիտեր․ «նաչալնիկ», իսկ եթե քննադատական էր տրամադրված՝ «հանցավոր իշխանության ներկայացուցիչ»։

Հիվանդության վերջին շրջանում Վահան Հովհաննիսյանը «Երկիր» պարբերականում ու Yerkir.am կայքում հանդես էր գալիս «Մայրամուտ, որը հարկավոր է կասեցնել» հոդվածաշարով, և ինչպես ժամանակին պատմել է կայքի այն ժամանակվա գլխավոր խմբագիր Հարություն Հարությունյանը, Վահան Հովհաննիսյանը իրեն պարբերաբար զանգահարում ու հարցնում էր՝ «Ջեյմս, ինձ դեռ կուսակցությունից չեն հեռացրե՞լ»:

Միայն Դաշնակցությունում Վահան Հովհաննիսյանի «Ջեյմսերի» թիվը հասնում էր մոտ 200-ի։ Արդեն Հովհաննիսյանի մահվանից հետո, «Մայրամուտ, որը հարկավոր է կասեցնել» գրքի շնորհանդեսին Հարությունը պատասխանեց․ «Քեզ չեն հեռացրել կուսակցությունից, քեզ կարոտել են»:

Քաղաքական գործիչ լինելուց բացի, նա առաջին հերթին մեծ մտավորական էր, հնագետ-պատմաբան, հրապարակախոս։ Մի անգամ Վահան Հովհաննիսյանին հարցրել էին, թե որն է ամենաբարձր պաշտոնը , որ կցանկանար ստանձնել: Ասել էր` Կարսի նահանգապետ: Մի անգամ էլ, երբ հարցրել էին՝ եթե իմանար իր կյանքի վերջին օրն է, ի՞նչ կմաղթեր, ի՞նչ կխոսեր, պատասխանել է. «Եթե ես իմանայի իմ վերջին օրն է, ավելորդ չէի խոսի»: