Իսկ որտեղի՞ց է գալիս կեղծիքի արմատը

Իսկ որտեղի՞ց է գալիս կեղծիքի արմատը

«Հրապարակի» գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանի երեկվա՝ «Կեղծ ամեն ինչում» խմբագրականը կարելի է որակել որպես մեր՝ ներկայիս հայաստանյան իրականության ախտորոշում եւ այդ ախտորոշման բարձրաձայնում։ Այո, համակարծիք եմ, որ այն իրականությունը, որը Հայաստանում տիրում է այսօր, իրենից ներկայացնում է կեղծիքի խտապատկեր, եւ կեղծիքն ամենուր է թափանցել՝ անձնական կամ ընտանեկան կյանքից ու մասնագիտական գործունեությունից մինչեւ առ Աստված հավատքի դաշտ։

Բժիշկները լավ գիտեն՝ կարեւորը ոչ միայն հիվանդությունն ախտորոշելն է, այլ նաեւ այդ ախտորոշումը հիվանդին ասելը, առանց այլեւայլությունների։ Դա պահանջում է որոշակի համարձակություն, եւ այս տեսակետից խմբագրականը, որի շուրջ կմտորենք այսօր, կարելի է, բացի ախտորոշում լինելուց, համարել նաեւ համարձակ։ Սակայն հետաքրքիր է նաեւ այն հարցը, թե որտեղից ծնվեց այդ կեղծիքը, կամ որտեղ է գտնվում այդ կեղծիքի արմատը, որի մասին բարձրաձայնել է Արմինե Օհանյանը։

Եթե մարդկային կյանքի անձնական, ընտանեկան կամ մասնագիտական գործունեության ոլորտներում կեղծիքի առկայությունը, ներառյալ Աստծո հանդեպ հավատքի հարցում կեղծիքը, առնչվում է մարդու անձնական բարոյական նկարագրի ոլորտին եւ խղճին, ինչը ենթադրում է, որ այս մասին խոսելիս պետք է առնվազն վերհիշել հազար ու մի գործոն ու հանգամանք՝ սկսած ընտանեկան դրվածքից ու անձի ստացած դաստիարակությունից մինչեւ այն հանրային միջավայրը, դավանած արժեքային համակարգը եւ այլն, ինչը մեկ հոդվածի շրջանակում տեղավորելը պարզապես հնարավոր չէ, ապա քաղաքական հարցերում եւ հատկապես Արցախի հարցում առկա կեղծիքի հարցում կարելի է մի փոքր ավելի ծավալվել։

Եվ, ուրեմն, ինչու քաղաքական հարցերում եւ հատկապես այժմյան՝ ամենաարդիականը համարվող Արցախի հարցում կա հանրային եւ պետական կեղծիք։ Իրականում հարցի պատասխանը շատ պարզ է, որը լավագույնս ձեւակերպել է թերեւս Վարդան Պետրոսյանը՝ իր ներկայացումներից մեկում, երբ արձանագրում է, որ «մարդն առաջին հերթին իր գրպանի մասին է մտածում», եւ «քուչից բարձր մակարդակի «խառոշի տղա» չենք ունեցել՝ Տիգրան Մեծից հետո»։
Որքան էլ հումորային է ասվածը, սակայն արտացոլում է հայկական ողջ իրականությունը։ 1995-2020 թվականի սեպտեմբերի 27՝ Արցախի միայն արտադրած ցորենի ծավալի գումարային արժեքը եթե հաշվենք, ապա թերեւս կբավականացներ առնվազն 5-10 Արցախ զինելուն։ Հարցը ո՛չ ներկաներն են, ո՛չ նախկինները, դրա համար էլ սահմանազատում չարեցինք, որովհետեւ, մեծ հաշվով, մեկը մյուսին արժեն․ ներկաները՝ նախկիններին, նախկինները՝ ներկաներին, եւ մեկը մյուսի շարունակությունն է։ 2018-ից մինչ այսօր կարելի էր ճկուն դիվանագիտությամբ կանխել այն աղետը, որում հիմա գտնվում է Արցախը, եթե իշխանության պահպանման կամ այլ երաշխիքներ՝ «մեծ քաղաքականության գիշատիչներից» ունենալու հարցն առաջնային չլիներ, եւ ազգայինն ու պետականը չստորադասվեին անձնական կամ խմբային շահին։

Կեղծիքի արմատը հենց այստեղից է գալիս, որի մասին խոսվում է «Հրապարակի» խմբագրականում։