Կեղծ ամեն ինչում

Կեղծ ամեն ինչում

Թվում է` մենք պարզ, ջերմ, հյուրասեր, մարդասեր ժողովուրդ ենք, բայց ապրում ենք կեղծիքի մեջ թաթախված: Կեղծ հայրենասիրություն, ընտանեկան կեղծ երջանկություն, կեղծ ընկերություն, կեղծ բարեպաշտություն, որտեղ չկան իրական սեր, հավատարմություն, հավատք` առ Աստված: Մենք կարող ենք մեր ամենամոտ ընկերոջը դավաճանել ու խաբել, բիզնես գործընկերներին եւ գործատուներին «գցել» եւ խղճի խայթ չունենալ: Կեղծիքն ամենուր է` կուսակցություններում, աշխատանքային հարաբերություններում, հանրային դաշտում, անգամ արվեստի ու գիտության մեջ մենք ազնիվ ու շիտակ չենք: Այդ կեղծիքը ներթափանցել է ամենուր` պետական ապարատ, բուհական ու առողջապահական միջավայր: Անգամ միջպետական հարաբերությունները, մեր դաշնակիցների ու գործընկերների հետ հարաբերությունները կեղծիքից զերծ չեն, եւ նաեւ դա է մեր ողբերգությունների պատճառը:

Մենք կարող ենք ասել, որ ցավում ենք արցախցիների համար, որ պատրաստ ենք աջակցել եւ սատար կանգնել նրանց, ապա մեր երկրի առաջին դեմքը կարող է գնալ Բրյուսել եւ հայտարարել, որ Արցախը ճանաչում է Ադրբեջանի կազմում: Իսկ երբ նրան հիշեցնեն Հայաստանի պարտավորությունները փոքր եղբոր` Արցախի հանդեպ, բացատրի, թե Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելը ոչ մի կապ չունի Արցախի հետ:

Ցավալին այն է, որ նույն կեղծիքը նաեւ Արցախում է բուն դրել. հազարավոր մարդիկ դուրս են գալիս փողոց, պահանջում են ռուսներից` կատարել իրենց պետության ստանձնած գործընկերային պարտավորությունները, բայց վախենում են նույնը պահանջել ՀՀ վարչապետից: Կամ գոնե բացահայտ հայտարարել, որ մենք քեզ չենք լիազորում՝ մեր անունից հանդես գալու: Կարծես բոլորս կախարդանքի տակ լինենք` վախենում ենք իրերն իրենց անունով կոչել եւ ուղիղ խոսել միմյանց հետ: