Պարզաբանում Պաշտպանի անգործության մասին Ռուզաննա Սեյրանյանի պնդումների վերաբերյալ

Պարզաբանում Պաշտպանի անգործության մասին Ռուզաննա Սեյրանյանի պնդումների վերաբերյալ

2019թ-ի օգոստոսի 20-ին «Հրապարակ» օրաթերթը նյութ է հրապարակել, որի մեջ Արցախի Հանրապետության բնակիչ Ռուզաննա Սեյրանյանը ներկայացրել է որոշ պնդումներ իր իրավունքների ենթադրյալ խախտման վերաբերյալ:

Ներկայացնելով որոշ փաստեր ու փաստարկներ ԱՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմի ղեկավարի պաշտոնում իր պաշտոնավարման ժամկետը չերկարաձգելու հետ կապված՝ Ռ.Սեյրանյանը նաև նշում է, որ դիմել է ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանին. «Մեկ անգամ անձամբ հանդիպել եմ Մարդու իրավունքների պաշտպանին: Ինձ խոստացան, որ կզբաղվեն իմ հարցով, բայց ոչինչ էլ չարեցին»,- ասված է նյութում:

Բողոքի առարկայի ու հիմքերի վերաբերյալ գնահատականը թողնելով Պաշտպանի վերջնական որոշմանը՝ Ռ.Սեյրանյանի «ոչինչ էլ չարեցին» պնդման վերաբերյալ Պաշտպանի աշխատակազմը հայտնում է հետևյալը՝
 

  1. Ռուզաննա Սեյրանյանը ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված բողոքով հայտնել է ԱՀ պետական մարմինների և ԱՀ գյուղատնտեսության նախարարի կողմից իր իրավունքների ենթադրյալ խախտման մասին:   Դիմելով Պաշտպանին՝ Ռ. Սեյրանյանը խնդրել է Պաշտպանի միջամտությունը վերոնշյալ մարմինների կողմից իր խախտված իրավունքների վերականգնման հարցում: 

    2. Նրա բողոքը «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ԱՀ օրենքով սահմանված կարգով ընդունվել է քննարկման, ինչի մասին գրավոր կերպով ծանուցվել է բողոք ներկայացրած անձը: Ուսումնասիրության ընթացքում Պաշտպանը գրություններ է հասցեագրել ԱՀ Նախագահի աշխատակազմի կառավարության գործերի կառավարչություն և ԱՀ քաղաքացիական ծառայության խորհուրդ՝ դիմումատուի պնդումների վերաբերյալ պարզաբանումներ ստանալու նպատակով: Նշված պետական մարմինների տրամադրած տեղեկություններից և պարզաբանումներից հնարավոր չի եղել միանշանակ և ամբողջական ծավալով եզրահանգել Ռուզաննա Սեյրանյանի իրավունքների խախտման առկայության կամ բացակայության մասին:

    3. Պաշտպանն այնուհետև հրավիրել է Ռ.Սեյրանյանին հանդիպման՝ նրա լրացուցիչ պարզաբանումներն ու փաստարկները լսելու համար:  Նրան նաև ներկայացվել է բողոքի քննարկման ընթացքը և դրա շրջանակներում Պաշտպանի հնարավոր հաջորդ քայլերը: 

    4. Ուսումնասիրության արդյունքների վերջնական ամփոփման նպատակով Պաշտպանը պարզաբանումներ է պահանջել նաև ԱՀ գյուղատնտեսության նախարարությունից, ինչի մասին ևս տեղեկացվել է դիմումատուն: Ս.թ. օգոստոսի 12-ին Պաշտպանի աշխատակազմը ստացել և մուտքագրել է ԱՀ գյուղատնտեսության նախարարության պատասխան գրությունը (Մալբրի էլեկտրոնային փաստաթղթաշարժի համակարգի համապատասխան էջի էկրանակադրը կցվում է): 

    5. Գործում առկա նյութերի ամբողջական և բազմակողմանի ուսումնասիրության արդյունքում Պաշտպանի աշխատակազմի կողմից պատրաստվել է Ռ. Սեյրանյանի բողոքի կապակցությամբ Պաշտպանի վերջնական որոշման նախագիծ և 20.08.2019թ.-ին ներկայացվել է Պաշտպանի հաստատմանը (տվյալ էջի էկրանակադրը նույնպես կցվում է):

    6. Հաշվի առնելով Պաշտպանի կողմից ձեռնարկված վերոնշյալ քայլերը, բողոքի բարդությունն ու համակողմանիությունը, ինչպես նաև Պաշտպանի աշխատակազմի ծանրաբեռնվածությունը՝ հայտնում ենք, որ բողոքի քննարկման ընթացքը կատարվել է ողջամիտ ժամկետում, առավել ևս, երբ բողոքի քննարկման համար չկա որևէ օրենսդրական ժամկետային սահմանափակում: Ավելին, բացի օրենքով նախատեսված գրավոր ծանուցումներից, Պաշտպանի աշխատակազմը նաև քանիցս բանավոր տեղեկացրել է դիմումատուին իր բողոքի քննարկման ընթացքի մասին:
 

Արցախի Հանրապետության ՄԻՊ