Կտոր- կտոր են աղում, որ փրկության դիմադրություն չլինի

Կտոր- կտոր են աղում, որ փրկության դիմադրություն չլինի

Արևմուտքից անընդհատ օրինակներ  բերող ու նրանց հոսանքի տակ ընկած ղեկավարին պիտի հիշեցնել․ Հայաստանի նման փոքր երկրները, որոնք կանգնած են պետականությունը կորցնելու վտանգի առաջ,  ինքնությունն ամուր ու հաստատուն  պահելը պետության գոյության ամենամեծ երաշխիքն է։ Ինքնությունը պահելը հայոց աշխարհի փրկության միակ երաշխիքն է։ Շատ լավ բան է  Արևմուտքից քաղել արժեքավորը, որոնք կարող են չվնասել մեր ինքնությանը, բայց Արևմուտքից ամեն ինչը «քոպի փեստ» անելը դա նույնն է, ինչ ատաղձագործության մեջ  փայտանյութի բնական  տեսակների գունազարդումն ու աղավաղումը։ Ինչի՞ համար են մեր փայտանյութի վրա Արևմուտքի  ոչ արժեքավոր գունազարդումները, ու՞մ եք ուզում դրանով խաբել։

Հայաստանը բեմ չէ, որտեղ  վերարտադրվում է Արևմուտքի նմանակումը։ Կերպարանափոխության միջոցով ի՞նչ խնդիր եք լուծում։ Գիտական հետազոտության նպատակով Հայաստանը տարրալուծելու՞, մաս- մաս անելու՞, բաժանելու՞, քայքայելու՞, կլանելու՞․․ Հայաստանի հարցը լուծելու՞, կլանման տալու՞․․․ Նույն Արևմուտքը շատ արժեքավոր բաներ ունի, վերցրեք արժեքավորը, մեր ազգի ինքնությունը  պետությունը պահելու համար։ Այնտեղ յուրաքանչյուր տեսակի պահպանման խնդիր կա։ Դուք ոչ թե նրանցից վերցրեք միասեռականների ամուսնությունը կամ այլ բաները, որոնցից մեր ազգը հեռու է սար ու ձորով, այլ վերցրեք ձեր ազգը փրկող արժեքը՝ երբ տեսակ են վերացնում,  ինքնությունը։

Թշնամի երկիրը չի ընդունում մեր ինքնությունը, տեսակը, ամեն ինչ հարմարեցնում է իր շահերին։ Արևմուտքում մանկապարտեզից, առաջին դասարանից են սովորեցնում տեսակը, ինքնությունը հարգելը։ Փաշինյանը ձևացնում է, թե  տեսակը միայն նույնասեռականներն են, սեռական այլ շեղումներ ունեցողները և վայրկյան առաջ ինչ - ինչ ակնկալիքով օրենքներ է ընդունում, մոռանալով, որ իր իշխանության գալուց հետո հայ ազգը հայտնվել է տեսակի, ինքնության (նաև ֆիզիկական առումով) բնաջնջման  եզրին, ու ինքն իր ընդունած օրենքներով, մեր ինքնությունը ոչնչացնելու, ազգային մեր արժեքները փլուզելու ճանապարհով ոչնչացնում է մեր ազգային ինքնությունը։ Արևմուտքը շատ լավ հասկանում է, թե Փաշինյանը ուր է տանում Հայաստանը և լռում է, որովհետև ինքն է թելադրողը, մոռանում, որ ինքնությունը, տեսակը հարգելը իր հիմնային արժեքն է։  Թշնամին  շատ լավ տիրապետում է ինքնության ոչնչացման բաղադրիչներին, որոնք այսօր իրականացվում է Հայաստանում։  Նման պարագայում չկասկածելը, որ Փաշինյանը համագործակցում է այլ ուժերի հետ՝ հայի ինքնությունը, տեսակը ոչնչացնելու համար, անհնարին է։

Պայքարը հայ գրականության, հայ ժողովրդի պատմության, մեր ազգային արժեքների, Սահմանադրության, զինանշանի, գերբի, ազգային հերոսների, Արարատ սարի, ազգային գործիչների դեմ տեղավորվում է թշնամի երկրի ծրագրի շրջանակներում։ Եվ ինչքան էլ փորձեն քողարկել այս ամենը խուճուճ, բան չասող հայտարարություններով, միևնույն է՝ պարզ ընդգծվում է, որ այս ամենը ուղղված է մեր այգայնականության դեմ։ Այդքանը արվում է՝ մեր պատմությունը թաղելու, հիշողությունը վերացնելու համար։ Ճնշված, ցեղասպանություն տեսած ազգերի ազգայնականությունը համամարդկային բովանդակություն ունի։ Այն ուղղված է արտաքին ոտնձգությունների դեմ, արտահայտում է համազգային շահեր և նպաստում ազգային ինքնագիտակցության զարգացմանը։ Ազգայնականության իմացաբանական հիմքն ազգային մի շարք դրական հատկանիշների՝ ազգային հպարտության ու արժանապատվության գիտակցումն է։ Այսօրվա պետական քաղաքականությունն ուղղված է հենց այդ արժեքների դեմ։ Սոցիալական հարթակներում հաճախ է հնչում՝ մեր ազգը հպարտություն և արժանապատվություն չունի՞, ինչպե՞ս է դիմանում այս նվաստացմանը։

Մեր ազգը ունի այդ արժանապատվությունն ու հպարտությունը, բայց օրվա իշխանության մսաղացը աղում է բոլոր արժեքները և այսօր այդ մսաղացը թողած՝ ընկել ենք կուսաթաղանթի ու պահպանակների հետևից։ Իշխանության մսաղացի առաջ բոլորս ենք։ Կտոր- կտոր են աղում, որ փրկության դիմադրություն չլինի։