«Հրապարակ». Ասել են`կա՛մ Ջավախք եք ունենալու, կա՛մ` Նախիջեւան. Ջավախքը նորմալ հետները ինտեգրվելն է, մյուսը՝ դատարկվելը

«Հրապարակ». Ասել են`կա՛մ Ջավախք եք ունենալու, կա՛մ` Նախիջեւան. Ջավախքը նորմալ հետները ինտեգրվելն է, մյուսը՝ դատարկվելը

Հարցազրույց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի 
հետ։

- Ի՞նչ ենք ստանալու մենք «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կյանքի կոչելուց հետո, իշխանությունների ներկայացմամբ՝ ծրագիրը Հայաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի, Իրանի Իսլամական Հանրապետության միջեւ կոմունիկացիաների զարգացումն է՝ ճանապարհներ, երկաթուղիներ, խողովակաշարեր, մալուխներ, էլեկտրահաղորդման գծեր: Մինչդեռ մասնագետների մի խումբ կարծում է, որ անվտանգության առումով այս նախագիծը խոցելի է, հնարավոր չի լինելու վերահսկել փոխադրումները եւ այլն։

- Նախագծով խոսք է գնում կոմունիկացիաների ստեղծման մասին, որոնք նախկինում եղել են հետխորհրդային ժամանակների չափորոշիչներով: Հիմա համաշխարհային փոփոխությունների արդյունքում այն երկրները, որ զարգացած չեն եղել` զարգացել են, այդ երկրներն ունեն ե՛ւ ձեռք բերելու, ե՛ւ օտարելու՝ իրացնելու խնդիր, խոսքը տասնյակ, հարյուր միլիոնավոր տոննաների մասին է։ Եթե Կովկասում բոլոր կոմունիկացիաները սկսեն աշխատել, դա բոլոր խոշոր խաղացողների համար դրական է լինելու՝ նույն ՌԴ-ի, Հնդկաստանի, Արաբական էմիրությունների համար, որովհետեւ Իրանով գալու են, Հայաստանի կամ Թուրքիայի միջոցով հասնեն Եվրոպա․ սա է ամենակարեւոր խնդիրը։ Եթե գնացք էլ լինի, ֆանտաստիկ կլինի։ Ներկայումս Հայաստանի եւ Ադրբեջանի բեռների տեղափոխության 80, եթե ոչ ավելի տոկոսը կատարվում է Վրաստանի միջոցով: Հիմա դա լա՞վ է, թե՞ վատ Վրաստանի համար, իհարկե, լավ է: Դրա համար Հայաստանն էլ է ուզում, որ բեռների տեղափոխությունը լինի իր միջոցով, որի արդյունքում մենք կկարեւորվենք, վաղը, մյուս օրը այստեղ ներկայացուցչություններ կլինեն, լոգիստիկ կազմակերպություններ կլինեն։

- Իսկ նախագծի ռիսկերը, ինչպես նշեցի, անվտանգային խնդիրները հաշվի առնվե՞լ են։

- Ես կարծում եմ՝ մասնագետներն աշխատում են, Հայաստանի արտգործնախարարը եւս այլ երկրներին ներկայացնում է, կարծում եմ՝ ներկայացնելուց, մեր քաղաքական դիրքորոշումը հայտնելուց հետո կաշխատեն մնացած մասնագիտական կառույցները։

- Ճի՞շտ եմ հասկանում, որ «Խաղաղության խաչմերուկ» նախագիծն ընդամենը Հայաստանի իշխանությունների ցանկությունն է` այն նախապես չի քննարկվել մյուս պետությունների հետ, որոնց եւս առնչվում է։

- Չեմ կարծում, որ սա միայն մեր դիրքորոշումն է, ես որքան շփվել եմ տարբեր միջազգային կառույցների հետ, կարող եմ փաստել, որ բոլորն ուզում են, որ կոմունիկացիաներն աշխատեն։ Իմ կարծիքով, ապագան մի քանի հնարավորությունների համար է լինելու, առաջինը ռեսուրսներն են, երկրորդը՝ կոմունիկացիաները, երրորդը՝ IT մասնակցության աստիճանը, այսինքն՝ ամենաժամանակակից այթի ոլորտո՞ւմ ես, թե՞ ոչ: Եթե դու չկաս, ապա բավականին դժվար է լինելու։ Հիմա եթե Հայաստանը վերջին երկուսն ունենա, ռեսուրսները հեշտ կգան։

- Բայց Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւն այսօր անդրադարձել է Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» կոնցեպցիային՝ այն բնորոշելով ուտոպիա, այսինքն՝ դա հայերի երազանքն է: Գուցե քարոզչական նպատակով հիմա էլ սա՞ է մեր իշխանությունն ուզում օգտագործել։

- Մի բան պետք է մենք գիտակցենք՝ ՀՀ ցանկացած գործողություն, որը կարող է դրական արդյունք բերել, Ադրբեջանի կողմից չի ընկալվելու, որովհետեւ թշնամական հարաբերություններ ունեն մեր նկատմամբ։ Դրա համար ես պիտի խնդրեմ նաեւ լրագրողներիդ, որ մեկնաբանեն, թե ինչն է մեզ ձեռնտու։

- Մենք մեր շահերի մասին մտածելով ենք հարցադրումներ անում՝ կարողանալո՞ւ ենք արդյոք վաղը վերահսկել այդ ճանապարհները, որքանո՞վ է այդ նախագծի իրագործումը մեզ՝ ՀՀ քաղաքացիներիս համար անվտանգ լինելու։

- Անվտանգային խնդիրներն իսկապես կարեւոր են, բայց այդ խնդիրներն աշխարհում այսօր բոլորն ունեն, վերադասավորումների փուլ է աշխարհում, եւ դա բերել փոքր հատվածում դիտել, սխալ կլինի, որովհետեւ ինքներդ լավ գիտեք՝ այսօր Արեւելքում ինչ է կատարվում. ամեն շաբաթ, ամեն հաջորդ օր նոր կարծիք, նոր մոտեցում, պահանջ է ի հայտ գալիս։ Այս ամենը պետք է հաշվի առնել, այո, պետք է կառավարելի դարձնել բոլոր պրոցեսները, եւ բոլոր տեսակետները, որ կառավարությունը հայտնում է, վստահ եղեք` նախապես քննարկումներ է անում։ Ցանկացած իշխանություն ուզում է, որ լավ բան անի։

- Ուզում են լավ, բայց ստացվում է՝ ինչպես միշտ։

- Հա, դե շատ երկրներ էլ ուզում են, որ ամբողջ աշխարհն իրենց ենթակայության տակ լինի, բայց այդպես չի լինի, մերը բարի ցանկություններ են։

- ՀՀ իշխանությունները 3 տարի է՝ բանակցում են խաղաղության պայմանագրի շուրջ, տպավորություն է, որ այն չի հաջողվում, դրա համար էլ խաչմերուկի թեման են առաջ բերել։ Դուք իրատեսական համարո՞ւմ եք խաղաղության պայմանագրի՝ մոտ ապագայում ստորագրումը, հաշվի առնելով Ադրբեջանի նկրտումները։

- Լավ կլինի, որ ստորագրվի, բայց եթե այդ պայմանագիրն էլ չստորագրվի, ամեն մեկը 91 թվականի հստակեցված սահմանագծով ապրեն, կամաց-կամաց հարաբերությունները հստակեցնեն, նույնպես ընդունելի տարբերակ կլինի։
Բայց ես կարծում եմ, որ այս ժամանակներում միակ կարեւոր գործոնը տնտեսությունն է եւ անվտանգությունը։ Անվտանգությունը շատ ժամանակ քեզնից կախված չի լինում, եթե դու չունես հզոր բանակ․․․

- Այսինքն՝ ամբողջությամբ մեզնից կախված է անվտանգությունը։

- Եթե ուզում ես ունենալ հզոր բանակ, պետք է ունենաս հզոր տնտեսություն, դրա համար։

- ՀՀ իշխանությունների վարած արտաքին քաղաքական կուրսն արդյո՞ք անվտանգային երաշխիքներ է ստեղծում նույն տնտեսվարողների համար, նկատի ունեմ, որ ռուսական հարթակները մերժում են ՀՀ իշխանությունները, սերտ կապեր են հաստատում Արեւմուտքի հետ, ինչի հետեւանքով ՌԴ-ի չհայտարարված սանկցիաներ կան արդեն։

- Ես չեմ կարծում, թե մերժում ենք․․․ Մի շատ կարեւոր բան եմ ուզում ասել․ պաշտոնյայի նյութապաշտ չլինելը բավականին խնդիրներ է լուծում։ Ես ժամանակին ամեն ինչին լավ հետեւել եմ: Երբ կոռումպացված համակարգ է, եւ այլ երկրների հետ էլ նույն սխեմայով է հարաբերվում, պաշտոնյան ինչ-որ առումով արդեն կարծես կապկանի մեջ լինի, դա բավականին զսպում է տվյալ իշխանություններին։ Այսօր ՀՀ իշխանությունները կապկանի մեջ չեն, ՀՀ վարչապետը լեգիտիմ ընտրված վարչապետ է, եւ ինքը ոչ մի անձնական սեփականություն չունի, որ դրանով կարողանան գործիքներ կիրառել, գուցե դա ամենաերջանիկ բանն է, որ այս փուլում ունենք։

- Նկատի ունեք՝ Նիկոլ Փաշինյանը քանի որ կոռումպացված չէ, դրա համար ՌԴ-ի հետ փոխհարաբերություններում կաշկանդված չէ՞։

- Այո։

- Բայց դա ի՞նչ կապ ունի, եթե իր վարած քաղաքականությունը մի ամբողջ ժողովրդի ճակատագրի վրա է ազդում։

- Ախր, պետք չէ սրել ամեն ինչ` իբր վեկտորի փոփոխություն եւ այլն։ Ի՞նչ վեկտորի փոփոխության մասին է խոսքը, աշխարհն արդեն փոխվել է, բազմավեկտոր երկրագունդ է, դուք տեսել եք որոշ երկրների ՀՆԱ-ն, Հնդկաստանը չորրորդն է։

- Մեր պուճուրիկ պետությունը բազում թելերով կապված է ՌԴ-ի հետ։

- Բայց փոքր կախվածից բացի աշխարհում բավականին հզոր շրջադարձեր են կատարվում։

- Իսկ այդ շրջադարձերի հետեւանքով հնարավոր չե՞ք համարում մեր արկածախնդիր քաղաքականության պատճառով պետություն կորցնենք, ի վերջո, ՌԴ-ի գործելաոճը բոլորը գիտեն, չի կարելի խաղալ նրա հետ։

- Չէ, բայց այդ դեպքերում ՌԴ-ն ուրիշ խնդիրներ ուներ, իր անվտանգության հարցն էր, այստեղ անվտանգային խնդիր չունի։

- Եթե Հայաստանը ՌԴ-ին փորձում է Արեւմուտքով փոխարինել, դա խնդիր չէ՞։

- Կարծում եմ՝ ՌԴ-ն առաջիկայում ինքն էլ Արեւմուտքի հետ փոխհարաբերություններում բարիդրացիական հարաբերություններ կհաստատի։ Խոշոր տերությունները կպայմանավորվեն ոչ միայն իրենց փոխհարաբերությունների, այլեւ տարածաշրջանների մասին` ինչքան շուտ, այնքան լավ։ Հետո մի բան ասեմ՝ տարածքային ամբողջականություն, ինքնորոշման իրավունք… այս հասկացությունների մասին միշտ այնպես են արտահայտվել, որ բոլորը դիտարկել են ինքնորոշման իրավունքը տարածքային ամբողջականության մեջ, բայց քաղաքական այրերը չեն բացատրել քաղաքացիներին, որ չկան եզակի դեպքեր, որ ինքնորոշման իրավունքով խնդիր լուծած լինեն. կա՛մ կոտորվել են, կա՛մ էս է եղել, կա՛մ էն, դա վատ է, պետք էր ճիշտն ասել հասարակությանը, որ այդ ինքնորոշման իրավունքն այն չէ, որ քեզ պետություն ենք տալու կամ միացնելու ենք այլ պետությանը․․․

- Նիկոլ Փաշինյանն էլ էր ասում՝ «Արցախը Հայաստան է, եւ վերջ», թող իրենք բացատրեին քաղաքացիներին․․․

- Դա էլ է գուցե չիմացության արդյունք, բայց մի վատ բան կա մեր երկրում, որ հաջորդականությունը միշտ թշնամական է եղել, դա հիմարություն է։ Հորդ բոստանը չէ, որ թշնամական եք, նույն Լեւոն Տեր-Պետրոսյանից հետո եկող մարդն աշխարհի վատ բաներն էր ասում նրա հասցեին, ոչ մեկը պետությունն իր հոր գրպանից չի բերել, դու պաշտոնյա ես, ձայնի ես տիրացել, կամ քեզ տվել են, բայց դու պարտավոր ես նախորդի նկատմամբ, կանչես նրան, նրա տեսակետները, հանդիպումները, դրանց նրբությունները պետք էր լսել։

- Նիկոլ Փաշինյանի՞ն նկատի ունեք, Լեւոն Տեր-Պետրոսյանն էր, չէ՞, կարծեմ մի առիթով ասել, որ Փաշինյանը լսում է, բայց չի հասկանում կամ չի էլ ուզում լսել։

- Լեւոն Տեր-Պետրոսյանը նաեւ ասում է` 97 թվականին իրեն չեն հասկացել․․․

- Լավ, գանք մեր ժամանակները, ինչպե՞ս եք պատկերացնում Արցախի ճակատագիրը, թողեցինք Արցախն Ադրբեջանին ու վե՞րջ։

- Չեմ կարծում, թե վերջ, միջազգային հանրությունը մարդու իրավունքների, ծննդավայրի, բնակավայրի նկատմամբ բավականին զգայուն է, բոլորն ասում են՝ պետք է վերադառնան ու անվտանգ ապրեն։

- Տեսնո՞ւմ եք նման նախադրյալներ։

- Ես ուրիշ բան եմ տեսնում, այդ կազմակերպչական համակարգը, որը պետք է․․․ վստահելի անձեր չկային, որ հասարակության վստահությունն ունենային, նրանք էլ այդ գիտակցությունն ունենային, ասեին՝ մենք մեր տներից դուրս չենք գալիս։

- Հասցրել էիք մի վիճակի, որ մարդկանց լինել-չլինելու հարցն էր` կկոտորվեին։

- Ես այդ կարծիքին չեմ։ 

- Այսինքն՝ արցախցիները պիտի մնայի՞ն Արցախում։

- Բացի դա, պետք է մնային եւ միավորվեին, բանակցեին, բայց դա չեղավ, որի համար շատ ցավում եմ։ Որովհետեւ այնտեղ մի արտահայտություն է եղել՝ ասել են կա՛մ Ջավախք ենք ունենալու, կա՛մ Նախիջեւան, Ջավախքը նորմալ հետները ապրել, ինտեգրվելն է, մյուսը՝ դատարկվելը։

- Ո՞վ է նման տարբերակ դրել, ուզում եք ասել` ԱՀ իշխանություննե՞րն են ընտրել Արցախի` Նախիջեւան դառնալու տարբերակը։

- Ես չգիտեմ՝ դա ընտրություն է եղել, թե անփութություն, անկազմակերպություն...