Իշխանությունն ամեն գնով պահելու խնդիր կա

Իշխանությունն ամեն գնով պահելու խնդիր կա

Դեկտեմբերի 30-ին, Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, մեկնարկեց սահմանադրական փոփոխությունների նոր փուլը՝ նախատեսվում է փոփոխությունների հանձնաժողով ձեւավորել եւ փաթեթը մշակել կառավարության 2019թ․ հոկտեմբերի 10-ին հաստատված՝ դատական եւ իրավական բարեփոխումների 2019-2023 թթ․ ռազմավարությանը համապատասխան։ Եվ չնայած իմքայլականներից ոմանք հասցրել են հայտնել, որ Նիկոլ Փաշինյանը ցանկություն չունի կրկնել Սերժ Սարգսյանի օրինակը եւ երկրի կառավարման մոդելի փոփոխությամբ երկարաձգել ու ամրապնդել իր իշխանությունը, այդուհանդերձ, լրատվական արտահոսքը եւ քաղաքական գործընթացները հակառակի մասին են հուշում՝ դեժավյուի զգացողություն առաջացնելով։ Չէ որ Սերժ Սարգսյանն էլ վարչապետ չէր ուզում դառնալ, բայց համաձայնեց թիմի «ճնշման» ներքո։ Երեկ էլ Փաշինյանի քաղաքական եւ հոգեւոր դաշնակից ՀԱԿ-ը հանդես եկավ հայտարարությամբ՝ կոչ անելով վերադարձնել նախկին՝ կիսանախագահական մոդելը։

Թե ինչու է այս մոդելը ձեռնտու Նիկոլ Փաշինյանին, մեկ այլ նյութի թեմա է, նշենք միայն, որ պառլամենտական ներկայիս համակարգը թույլ է տալիս վարչապետին անվստահության նախագիծ ներկայացնել, ճիշտ է, Փաշինյանն այսօր խորհրդարանում բացարձակ մեծամասնություն ունի, բայց հաշվի առնելով թիմում նկատվող խմորումները՝ որեւէ բանով նա ապահովագրված չէ։ 
Իսկ ՀԱԿ-ն իր հայտարարությամբ հիշեցնում է, որ գործող Սահմանադրությունն «ընդունվել է 500 հազար քվեների կեղծումով», ուստի լեգիտիմ չէ, եւ կատարվածը մեծագույն հարված է «Հայոց պետականության հիմքերին, որի հետեւանքները մինչ այսօր վերացված չեն»։ «Այն նաեւ պարունակում է բազմաթիվ թերություններ, որոնք հղի են երկրի բնականոն գործունեության խաթարման վտանգներով։ Այս ամենին Կոնգրեսը հանգամանալիորեն անդրադարձել է 2015 թվականին՝ կազմակերպելով ՈՉ-ի արշավը»։ 

Ուշագրավ է, որ սահմանադրական փոփոխությունների հարցում չկա կոնսենսուս անգամ խորհրդարանական ուժերի միջեւ։ ԲՀԿ-ում հարցը չեն քննարկել, սակայն պատգամավոր Գեւորգ Պետրոսյանի կարծիքով, սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտություն բացարձակ չկա, առավել եւս՝ կառավարման ձեւի․ հիշեցնենք, որ ԲՀԿ-ն 2015-ին կողմ քվեարկեց փոփոխությունների նախագծին։ Պետրոսյանն ասում է, որ Սահմանադրություն փոխելը չպետք է ինքնանպատակ լինի, առավել եւս մի մարմին լուծարելու նպատակով չպիտի Մայր օրենք փոխել․ «Մենք չհասկացանք՝ այդ ի՞նչ էր խորհրդարանական պետությունը, մենք չկարողացանք ապահովել այնպիսի իրավիճակ, որ ոչ թե ԱԺ-ն հետեւի կառավարության կամքին ու քմահաճություններին, այլ կառավարությունն ի կատար ածի ԱԺ որոշումները։ ԱԺ-ն առայսօր մնացել է կառավարության կցորդ»։ 

Գեւորգ Պետրոսյանը շրջանառվող խոսակցություններից տպավորություն ունի, որ փոփոխությունների անհրաժեշտությունն առաջացել է ՍԴ-ն փոխելու նպատակով․ «Ամոթ է, ՍԴ-ն լուծարելու համար փոփոխություններ ձեռնարկելն ուղղակի խայտառակություն է։ Այդքան խոսվում է պետական բյուջեն խնամքով օգտագործելու մասին, բայց չգիտեն, որ հանրաքվեն ինքնին մեծ ծախս է լինելու բյուջեի վրա։ Բացի այդ, իշխանական պատգամավորներից մեկն ասում է, թե ՍԴ-ն մեր պես փոքր երկրների համար շռայլություն է։ Սա ուղղակի ամոթ է, այդ մարդիկ թող ելույթ չունենան։ Բանը հասել է նրան, որ ով ինչ մտածում, ասում է՝ առանց հաշիվ տալու։ Իրենք գուցե այնքան շատ են ԱԺ-ում, որ չեն կարողանում վերահսկել կարծիքները, բայց դրա խիստ անհրաժեշտություն կա»։ ԲՀԿ-ական պատգամավորը հիշեցրեց, որ կիսանախագահական մոդելն ամենաշատ քննադատող գործիչներից մեկն այսօրվա վարչապետն է եղել․ «Եվ իրեն սատարող մի քանի հոգի, որովհետեւ մնացածն ընդհանրապես քաղաքական անցյալ չունեն»։ Պետրոսյանը հույս հայտնեց, որ քաղաքական այլ նպատակներով չի վերադառնա կիսանախագահական համակարգին։

Անդրադառնալով ՀԱԿ-ի հիմնավորմանը, որ հանրությունը չի ընդունել գործող Սահմանադրությունը, Գեւորգ Պետրոսյանը հարցով պատասխանեց․ «Կարելի՞ է իմանալ՝ ՀԱԿ-ն այդ ի՞նչ շրջանակներում է հարցումներ արել, քանի՞ անգամ են իրենք ժողովրդի մեջ մտել, շատերն անգամ ամաչում են ժողովրդի շարքեր դուրս գալ, որովհետեւ թուքումրի առարկա են դառնալու։ Այդ ե՞րբ մտան, ե՞րբ լսեցին, որ հիմա էլ ժողովրդի անունից են խոսում»։ Այս առաջարկի ենթատեքստը, ըստ պատգամավորի, հետեւյալն է․ «Իրենք ամեն գնով պիտի փորձեն իշխանությունը պահել՝ կլինի դա ՍԴ-ն, վճռաբեկը լուծարելու գնով, թե մոդել փոխելով, թե այս կամ այն պաշտոնյային ասֆալտին փռելով։ Քանի որ իրենք տնտեսական հեղափոխության իրենց խոստումն այդպես էլ չեն կարողանում իրականացնել, հասկանում են, որ ապիկար են այդ հարցում, ուստի պետք է ուրիշ բան անել»։

«Լուսավոր Հայաստանը» կողմ է սահմանադրական փոփոխություններին՝ պայմանով, որ Սերժ Սարգսյանի գծած  համակարգը պետք է փոխարինվի ժողովրդավարական համակարգով, ձերբազատվեն սուպերվարչապետական մոդելից։ «Հայաստանն այդպես էլ չի անցել խորհրդարանական կառավարման: Այս բարեփոխումները պետք է միտված լինեն ամբողջական, արդյունավետ խորհրդարանական կառավարում ունենալուն: Մեր բոլոր առաջարկները դրան են միտված լինելու»,- մեզ հետ զրույցում ասաց Էդմոն Մարուքյանը։

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն էլ ասաց, որ կուսակցությունում հարցը չեն քննարկել, ուստի նախընտրում է լռել։