15-ամյա Զավենը բոլորիս օգնության կարիքն ունի

15-ամյա Զավենը բոլորիս օգնության կարիքն ունի

  15 տարեկան Զավենն իր մայրիկի հետ բնակվում է Հրազդան քաղաքի ՋԷԿ-ի հանրակացարանում: Տղան ի ծնե հաշմանդամ է եղել, մինչեւ 10 տարեկանը չի կարողացել քայլել: 10 տարին լրանալուց հետո Երեխաների աջակցության հիմնադրամի ֆիզիոթերապևտ Արփինե Սիմոնյանի  շնորհիվ Զավենը սկսել  է կամաց-կամաց քայլել: Զավենի մայրը՝ տիկին Անահիտը, մեզ հետ զրույցում ասաց, որ եթե Զավենը չվիրահատվի, չի կարողանա քայլել.

«Փետրվար ամսին տղայիս տարել եմ «Արաբկիր» ԲԿ-ի օրթոպեդիկ բժշկի մոտ, բժիշկը զննելուց հետո ասաց, որ պետք է անհապաղ վիրահատեն, որը կլինի մի քանի էտապներով: Դրանից հետո որդուս հետ գնացել եմ «ՎԻԳ-ՄԵԴ» կլինիկան, որտեղ քայլվածքի հետազոտություն է անցել: Հետազոտության նպատակն էր, որպեսզի բժիշկների համար պարզ լինի, թե սկզբնական ոտքի որ հատվածից սկսեն վիրահատությունը:  Եզրակացության հիման վրա բժիշկն ասեց, որ սկզբից կվիրահատեն տղայիս ծնկները, հետո՝ ոտնաթաթերը:

Ծնկների վիրահատությունն անվճար կանեն, վիրահատության համար հարկավոր են երկաթե կոնստրուկցիաներ, որը մենք պետք է ձեռք բերենք, հիվանդանոցը չունի, որ տրամադրի: Մեկ կոնստրուկցիայի արժեքը 350 հազար դրամ է: Այս պահին գումար  չունեմ, իսկ վիրահատությունը շատ անհրաժեշտ է տղայիս: Բժիշկն ասաց, որ ոտքի երակները ձգված են, մազանոթները նեղացած, եթե չվիրահատվի, ապա մեկ, երկու տարի հետո քայլել չի կարողանա ընդհանրապես: Խնդրանքով դիմում եմ բարի մարդկանց, որպեսզի օգնեն` այդ կոնստրուկցիաները ձեռք բերել: 58 տարեկան եմ, աստված չանի, եթե ինձ հետ մի բան պատահի, տղայիս ոչ ոք չի խնամի»:  

Զավենը սովորում է 8-րդ դասարանում: Այս տարիների ընացքում մայրն անվասայլակով է որդուն դպրոց տարել: Տարեցտարի տղան մեծանում է, Անահիտի հոգսը՝ ծանրանում: Անգամ վատ կենցաղային պայմաններում ապրելով, մայր եւ որդի հույսները չեն կտրում, որ կարող է օրերից մի օր իրականանա Զավենի երազանքը՝ քայլելով դպրոց գնա, զբոսնի, լինի հասարակության լիարժեք անդամ:

Ընտանիքին օգնել ցանկացողները կարող են զանգահարել՝  094 30-91-78, Անահիտ Ղազարյանին: