Ակն ընդ ական

Ակն ընդ ական

Հայտնի արեւելյան ասացվածքն ասում է՝ եթե տանդ պատերն ապակուց են, քար մի նետիր հարեւանիդ ուղղությամբ։ Եթե դու իշխանության ես եկել փողոց փակելով, երկիրը կաթվածահար անելով, մի դատապարտիր քո դեմ փողոց փակելու եւ երկիրը կաթվածահար անելու փորձեր անողներին։ Եթե դու ժամանակին դագաղներ ու սգո պսակներ ես ուղարկել քո քաղաքական հակառակորդների տները, մի բողոքիր, որ մարդիկ այսօր անեծքներ են հղում քեզ ու քո թիմակիցներին։ Եթե դու խրախուսել ես հայհոյանքն ու վիրավորանքը՝ ուղղված նախկին իշխանություններին, մի զարմացիր, որ հիմա էլ քեզ են հայհոյում ու վիրավորում։

Եթե դու ժամանակին խոշորացույցը ձեռքիդ զննել ես, թե ինչ միջոցներ են ծախսվում իշխանության ներկայացուցիչների սպասարկման վրա, ով քանի անգամ է գործուղման մեկնել, ով ինչ մեքենա է վարում, ով որտեղ է հարսանիք անում, ով ինչ գույք ունի, ով է պետական տենդերները շահում, ում են պաշտոնի նշանակում եւ այլն, ապա մի զարմացիր, առավել եւս՝ վրդովվիր, որ քո հանդեպ էլ են նույնն անում։ Կյանքն առհասարակ բումերանգ է, եւ պատմությունն էլ կրկնվելու սովորություն ունի։ Եվ դու էլ, ըստ էության, լավ ուսուցիչ ես եղել ու ընդօրինակման ենթակա մեթոդներ ու տեխնոլոգիաներ ես սերունդներին ժառանգել։

Այնպես որ՝ պետք չէ զարմանալ, որ այդ մեթոդներն ու տեխնոլոգիաները կիրառում են նաեւ քո դեմ։ Եթե ուզում էիր, որ դրանք քո դեմ չկիրառվեին, գոնե չպետք է այսքան արագությամբ նմանվեիր նրանց, ում դեմ ընդամենը 4 տարի առաջ պայքարում էիր ինքդ։ Եվ երկիրն էլ չպետք է հասցնեիր այս վիճակին։ Էլ չենք ասում՝ 4 տարի շարունակ թուրն ու մուրճը ձեռքդ առած՝ չպետք է պառակտեիր ու թշնամացնեիր մարդկանց, ատելություն ու վրիժառություն սերմանեիր։ Բաժանարար գծեր սահմանեիր ու բոլոր կարմիր գծերը խախտեիր։