«Հրապարակ». Ստացվում է՝ հայերին խաբեցին ամենալկտի ձեւով, Ռուսաստանին էլ խաբեցին

«Հրապարակ». Ստացվում է՝ հայերին խաբեցին ամենալկտի ձեւով, Ռուսաստանին էլ խաբեցին

Կրեմլի ռեակցիան՝ Բրյուսելի եռակողմ հանդիպմանը, Հայաստանում եւ Արցախում, թերեւս, ավելի մեծ արձագանք ունեցավ, քան բուն հանդիպումը եւ նույնիսկ Շառլ Միշելի հայտարարությունը՝ Լաչինի «ճանապարհով» եւ Աղդամով հումանիտար փոխադրումներ իրականացնելու մասին։ Նախօրեին Մոսկվան հայտարարեց, որ Հայաստանը ճանաչել է ԼՂ-ն որպես Ադրբեջանի մաս, եւ սա արմատապես փոխել է այն հիմնարար պայմանները, որոնք արձանագրվել են 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարությամբ։ «Գտնում ենք, որ այս պայմաններում Ղարաբաղի հայ բնակչության ճակատագրի պատասխանատվությունը չպետք է դրվի երրորդ երկրների վրա»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարությունում։ Արդյո՞ք սա չի նշանակում, որ Ռուսաստանը լվանում է ձեռքերը ղարաբաղյան խնդրից։ Զրուցել ենք քաղաքագիտության դոկտոր Միխայիլ Ալեքսանդրովի հետ։ 

- Ես չէի ասի, որ արդեն լվացել է ձեռքերը, բայց կա այդպիսի միտում` ձեռքերը լվանալու ցանկություն։ Խոսքն այն կետի մասին է, որ պետք չէ պատասխանատվությունը դնել երրորդ երկրների վրա։ Ես գտնում եմ, որ սա Մոսկվայի համար անընդունելի հայտարարություն է, որովհետեւ Մոսկվան իր վրա է վերցրել ԼՂ ճակատագրի պատասխանատվությունը։ Երբ որ Ռուսաստանը խաղաղարար ուժեր մտցրեց Լեռնային Ղարաբաղ, նա իր վրա վերցրեց այդ տարածաշրջանի ժողովրդի անվտանգության ապահովումը։ Սա ակնհայտ է։ Հենց այդ էր պատճառը, որ հայկական զինուժը հեռացավ Ղարաբաղից, եւ հենց այդ պատճառով Ադրբեջանին առանց կրակոցի մի քանի շրջան փոխանցվեց՝ Աղդամի, Քելբաջարի շրջանները։ Եթե դրանք չփոխանցվեին, ապա պարզ չէ, թե ինչպես կավարտվեր այդ պատերազմը եւ դեռ ինչքան կտեւեր։ Գուցե Ռուսաստանն ինքը ստիպված կլիներ մասնակցել այդ պատերազմին։ Այսինքն՝ Ռուսաստանն իր վրա կոնկրետ պարտավորություններ է վերցրել, եւ չի կարելի ասել, որ հիմա ինչ-որ բան փոխվել է։ Ոչինչ էլ չի փոխվել։ Խաղաղարար առաքելությունը դեռ շարունակվելու է մինչեւ 2025 թ. նոյեմբերը, եթե չեմ սխալվում, եւ մինչ այդ Ռուսաստանն անմիջական պատասխանատվություն է կրում ԼՂ հայության համար, եւ ոչ մի հայտարարություն այն  մասին, որ մենք կապ չունենք, որովհետեւ Փաշինյանն ընդունել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, տեղին չէ։ Հետո՞ ինչ, որ ընդունել է։ Ռուսաստանն էլ է այն ընդունել միշտ ու երբեք չի հրաժարվել այն ընդունելուց։ 

- Այս հայտարարության մեջ մի տող կա` որ պետք է անհապաղ սկսել խաղաղության պայմանագրի նախապատրաստումը՝ ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա։ Սա չի՞ նշանակում, որ պետք է վերադառնալ նոյեմբերի 9-ի  հայտարարությանը եւ հենց այն դարձնել խաղաղության պայմանագրի հիմք, ոչ թե Փաշինյանի՝ ավելի ուշ արտահայտած մտքերը։

- Այո, խոսքը 20 թ. նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունների մասին է, բայց հարցն այն է, որ Ադրբեջանը չի կատարում այդ համաձայնագրի ոչ մի կետ։ Հայաստանը բոլոր կետերը կատարել է` Ադրբեջանին է փոխանցել տարածքները։ Դրա դիմաց Ադրբեջանը խոստացել է անխափան փոխադրումներ Լաչինի միջանցքով։ Տարածքներն Ադրբեջանը ստացավ, իսկ փոխադրումներն արգելափակեց։ Սա համաձայնագրի ակնհայտ խախտում է։ Կա կետ՝ կրակի դադարեցման մասին, բայց Ադրբեջանը մշտապես գնդակոծում է Հայաստանի եւ Ղարաբաղի տարածքները։ Այսինքն՝ կրակի դադարեցումն էլ չկա։ Ստացվում է՝ հայերին խաբեցին ամենալկտի ձեւով։ Ռուսաստանին էլ խաբեցին, որովհետեւ Ռուսաստանը հանդես է գալիս որպես այդ համաձայնագրի կողմ, իր վրա խաղաղարար առաքելություն է վերցրել, բայց պարզվում է, որ Ադրբեջանը մտադիր չէ կատարել խոստումները։ Հարված է հասցվում Ռուսաստանի դիրքին, որովհետեւ Ռուսաստանն է պատասխանատու Լաչինով իրականացվող փոխադրումների համար։ Ռուսաստանի ԱԳՆ-ն ուզում է, որ արագ ստորագրվի խաղաղության պայմանագիրը, բայց, կներեք, եթե նույնիսկ եռակողմ համաձայնագիրը չի կատարվում, ի՞նչ խաղաղության պայմանագիր եք դուք պատկերացնում։

- Հայաստանում Մոսկվային են մեղադրում արցախցիների շահերին դավաճանելու համար։ Այո, Նիկոլին շատերը դավաճան են համարում՝ Արցախը հանձնելու համար, բայց Ռուսաստանն առանձնապես չի խառնվել, ամբողջ ընթացքում լռել է, Ադրբեջանն ինչ ուզել, արել է։ Հիմա արդեն Արցախում ո՛չ գազ կա, ո՛չ լույս, ո՛չ ուտելու բան, ու հանկարծ ասում են մեզ՝ դուք եք մեղավոր։ Ռուսաստանի կողմից դավաճանություն չե՞ք տեսնում։

- Ես դեռ անցյալ տարի եմ այդ մասին խոսել, որ Ռուսաստանի ԱԳՆ-ն չի հայտարարում, թե ով է մեղավոր Լաչինի միջանցքի արգելափակման համար, Ադրբեջանին ապաշրջափակման պահանջներ չի ներկայացնում։ Այո, դա, որոշ իմաստով, կարելի է անվանել դավաճանություն, բայց դա այնքան էլ դավաճանություն չէ։ Ավելի շուտ՝ նշանակում է չցանկանալ կատարել սեփական պարտականությունները։ Ինչն է հետաքրքիր։ Փաշինյանին ասում եք՝ դավաճան է, բայց Փաշինյանը կատարել է եռակողմ համաձայնագրի բոլոր կետերը, իսկ Ադրբեջանը՝ ոչ։ Ռուսաստանը հիմա ասում է՝ թե ինչ է Փաշինյանը ընդունել-չի ընդունել, բայց Ռուսաստանը պետք է եռակողմ համաձայնագրի շրջանակում նախեւառաջ սեփական պարտավորությունները կատարի։ Իսկ Փաշինյանին մեջբերելը Ռուսաստանի խնդիրը չէ։ Ռուսաստանն իր վրա է վերցրել ԼՂ հայերի անվտանգության ապահովումը եւ պետք է դա կատարի` անկախ նրանից, թե Փաշինյանն ինչ է անում։ Սա պատասխանատվությունից փախչելու փորձ է, մենք հասկանում ենք, որ Ռուսաստանը բարդ դրության մեջ է, կաշկանդված է ուկրաինական պատերազմով, բայց ՌԴ ղեկավարությունն է մեղավոր, որ Ռուսաստանն անատամ է գործում։ Ռուսաստանը գերտերություն է, որը կարող է ոչնչացնել ողջ Արեւմուտքը, որը կարող է, եթե պետք լինի, միջուկային զենք օգտագործել, եւ պետք չէ դրսեւորվել անօգնական ծերուկի նման։ Հիմա Ռուսաստանի ղեկավարությունն իրեն պահում է այդ անօգնական ծերուկի պես։ 

- Ինչո՞ւ ՌԴ ԱԳՆ հայտարարությունը Բաքվում հիվանդագին ռեակցիա առաջացրեց։ Հայտարարեցին, որ այն խախտում է գործընկերային հարաբերությունները ՌԴ-ի եւ Ադրբեջանի միջեւ։ 

- Այո, նրանց դուր չեկավ դա, որովհետեւ հիմա բոլորը խոսում են այն մասին, որ պետք է ապաշրջափակել Լաչինի միջանցքը։ Ռուսաստանն էլ դիմացավ, դիմացավ ու արտահայտվեց։ Այսինքն՝ հիմա ե՛ւ Արեւմուտքը, ե՛ւ Ռուսաստանը, ե՛ւ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան, ե՛ւ Միջազգային դատարանը՝ բոլորն Ադրբեջանից պահանջում են բացել Լաչինը։ Ադրբեջանի հույսն այն էր, որ պրոադրբեջանական լոբբին Ռուսաստանի ԱԳՆ-ում եւ մյուս օղակներում կսեղմի իշխանությանը, եւ Ռուսաստանը կշարունակի լռություն պահպանել, բայց այլեւս հնարավոր չէ շարունակել լռել։ 

- Ինչո՞ւ է ԵԽ նախագահ Միշելը եռակողմ հանդիպումից հետո խոսել Աղդամի ճանապարհը բացելու մասին՝ այն, ինչ առաջարկում է Ադրբեջանը, եւ ինչը բացարձակապես անընդունելի է Ղարաբաղի համար։ Մեզ մոտ դրա հետ կապված ակցիաներ, ասում են, որ Միշելն ավելի վատ բան է անում Ղարաբաղի համար, քան նույնիսկ Ստալինը։   

- Հանուն արդարության պետք է ընդունել, որ Միշելը խոսեց նաեւ Լաչինը բացելու մասին։ Բայց տեսեք, թե ինչ կարող է ստացվել։ Ադրբեջանը կասի՝ ահա, ես բացեցի Աղդամի ճանապարհը, խնդրեմ, գնացեք, իսկ Լաչինը չեմ բացում։ Իհարկե, սա զիջում էր Ալիեւին, բացարձակ անընդունելի զիջում։ Միշելը երեւի ուզում է պուպուշ լինել Ալիեւի համար, փոխանակ սանկցիաներ կիրառվեն Ալիեւի ռեժիմի դեմ։ Նրանք վախենում են, որ նավթի առեւտուրը կվնասվի։ Բայց կարելի է ոչ թե երկրի հանդեպ պատժամիջոցներ կիրառել, այլ՝ կոնկրետ Ալիեւի դեմ։ Այնտեղ դրանցից վախենում են ավելի, քան նավթի կամ գազի մատակարարման հետ կապված սանկցիաներից։ Առեւտուրն Ադրբեջանի հետ կարող է չտուժել, բայց կարելի է սառեցնել Ալիեւի անձնական ակտիվները, տրանզակցիաները կարելի է սկսել վերահսկել։ Սա Ալիեւին շատ լուրջ կխոցի։ 

- Ինչո՞ւ է Մոսկվան պնդում, որ խաղաղության պայմանագիրը ստորագրվի իր մոտ։ 

- Ես չգիտեմ, թե ինչ է ուզում Մոսկվան։ Ինձ թվում է՝ Մոսկվայում ուզում են, որ հնարավորինս արագ ստորագրվի որեւէ փաստաթուղթ, որ Լաչինի միջանցքն ապաշրջափակվի, ու Ռուսաստանն էլ պարտավոր չլինի  ինչ-որ բան անել այն բացելու համար։ Ահա այսպիսի դիրքորոշում։ 

- Այսինքն՝ Մոսկվային թվում է, որ եթե ինքը կազմակերպի գործընթացը, այն ավելի արա՞գ տեղի կունենա։ 

- Այո, բայց դա ոչ ռեալիստական տեսակետ է։ Ոչ մի խաղաղ պայմանագիր հիմա լինել չի կարող։ Սահմանների դեմարկացիան կարող է շարունակվել տասնամյակներ։ Ի՞նչ խաղաղության պայմանագիր, Вы что, ребята? 

- Այսինքն՝ խաղաղությունը մեզ չի՞ «սպառնում»։ 

- Ես կարծում եմ՝ ոչ միայն մեզ, այլեւ մեր սերունդներին էլ չի սպառնում։ Դե չէ, իհարկե, կարող են ինչ-որ խաղաղության դեկլարացիա ստորագրել, որը ոչնչի չի պարտավորեցնի։ Եռակողմ համաձայնագիրը նույնիսկ ավելի առարկայական է լինելու, քան այդ փաստաթուղթը։ Կարող են գրել՝ մենք խաղաղության, բարեկամության կողմ ենք, պարտավորվում ենք կռիվ չսկսել եւ այլն։ Եվ ի՞նչ։ Հետագայում ամեն ինչ կշարունակվի այնպես, ինչպեսեւ եղել է։