Ադրբեջանն այս ամենին արձագանքում է ծայրահեղ հեգնանքով

Ադրբեջանն այս ամենին արձագանքում է ծայրահեղ հեգնանքով

Արդեն մի քանի օր է ներքաղաքական օրակարգի առանցքում Տավուշի տարածքների հանձնումն է Ադրբեջանին: Թեպետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ դրանք հայկական տարածքներ չեն, որտեղ չկան գերշքեղ հյուարնոցներ եւ այլն, սակայն այդ տարածքի հանձնումը նշանակում է զրկվել Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհից, Հայաստան մտնող գազատարից, նշանակում է` ադրբեջանական դիրքերի առաջխաղացում եւ Լոռու մարզը նույնպես դառնում է սահմանամերձ: Այս ամենի ֆոնին վարչապետը Եւրոպայում խոսում է «Խաղաղության խաչմերուկի» մասին: Զրուցել ենք ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովայի հետ:

- Նիկոլ Փաշինյանը հայ ժողովրդին պատերազմով է սպառնում: Ասում է` եթե Տավուշից հող չհանձնենք, Ադրբեջանը կհարձակվի: Գուցե իսկապե՞ս` Ադրբեջանն առաջիկայում լայնամասշատ գործողություններ է սկսելու: 

- Քանի որ ռազմական փորձագետ չեմ, չեմ եղել սահմանում, չեմ կարող ասել` ինչ է տեղի ունենում այնտեղ, կա՞ն արդյոք կուտակումներ, թե ոչ, բայց պետք է հասկանալ, որ պատերազմի վտանգը միշտ կա և կար նախորդ 3 տարիների ընթացքում, իսկ հայկական բանակը պետք է ամրացներ դիրքերը և պատրաստ լիներ նման գործողությունների: Այսօր քիչ թե շատ ամուր գիծը Տավուշն է, սակայն տեղի ունեցողն ավերելու է նաև Տավուշի պաշտպանական կողմը: Սա ակնհայտ է: Ադրբեջանի գործողություններն այս դեպքում դառնալու են առավել դյուրին:

- Ադրբեջանին պատերազմն այսօր ձեռնտո՞ւ է:

- Ձեր հարցին կտամ երեք հավանական պատասխան: Առաջին` արդյո՞ք Ադրբեջանն ունի միջազգային հանրության և աշխարհաքաղաքական կոնսենսուսը: Այս պահի դրությամբ կարող ենք արձանագրել, որ Ադրբեջանի հարաբերություններն Արևմուտքի հետ բավականին լարված են` քաղաքական առումով, տնտեսական առումով չենք կարող նույն բանն ասել: Իրանի մասով կարող ենք կրկին նույն վերլուծությունն անել, լարված էին հարաբերությունները, սակայն տնտեսական որոշ հարցերում եկել են ընդհանուր հայտարարի: Ադրբեջանն արտաքին աշխարհի հետ աշխատանքներ է տանում` իր իրավունքները լեգիտիմացնելու համար: Ադրբեջանն իր գործընկերների հետ ակտիվ աշխատանքներ է տանում այդ ուղղությամբ, սակայն Հայաստանի կողմից չենք տեսնում համարժեք հակազդեցություն: Ավելին` ես տեսնում եմ, երբ հրադադար է խախտվում և մենք ունենում ենք զոհեր, հայկական կողմը կիսում է Ադրբեջանի դիրքորոշումները, փաստացի մեղադրելով հայ զինվորներին հրադադարը խախտելու մեջ: Ավելին` խոսում է ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին, խոսում է պատերազմի հավանականության մասին ու դրա արդյունքի մասին: Տավուշցիների հետ հանդիպման ժամանակ անգամ ասել է, թե գիտի հնարավոր պատերազմն ինչպիսի ավարտ է ունենալու: Սրանք բոլորն ազդակներ` կանաչ լույսեր են Բաքվի համար` հարձակումը լեգիտիմացնելու համար: Այս պրոցեսները միմիայն ոգևորում են Ադրբեջանին, այն պահին, երբ նրանք կարողանան հարձակման հիմք ստեղծել, գնալու են այդ քայլին: Արցախի վրա հարձակվելու համար ոչ մի սանկցիայի տակ չընկավ ու հասկացավ, որ կարող է ամեն ինչ մարսել: Փաստացի Հայաստանում այսօր օկուպացիայի տակ է պահում, անգամ հստակ չգիտենք, թե քանի բնակավայր: Խոսվում է` 31 բնակավայրի 150 քառակուսի կիլոմետրի մասին: Փաստացի մենք այսօր չգիտենք, թե երրորդ տարի շարունակ որքան տարածքներ է օկուպացրել Ադրբեջանը և այդ ամենին չկա համարժեք պատասխան: Այս ամենի հետ մեկտեղ Ադրբեջանը պնդում է, որ հայկական կողմի զիջումները պետք է լինեն միակողմանի: Նպաստավոր պայմաններ են ստեղծվում Ադրբեջանի` Հայաստանի վրա հարձակվելու համար: Ավելին, երբ դիսկուրս է բերվում, որ միջազգային դատարաններից Ադրբեջանի դեմ հայցերը պետք է հետ կանչվեն, սա ևս ազդակ է թշնամի պետության համար: Երբ ամեն բան համակարգված դիտարկում ենք, պարզ է դառնում, որ ադրբեջանական կողմի համար հարձակման հիանալի նախապայմաններ կան:

- Այս ամենի ֆոնին ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը շարունակ խոսում «Խաղաղության խաչմերուկի» մասին: Հետաքրքիր է` Ադրբեջանն ինչպե՞ս է արձագանքում սրան:

- Ադրբեջանն այս ամենին արձագանքում է հեգնանքով` ծայրահեղ հեգնանքով: Չեն էլ թաքցնում ու ոչ մի կերպ չեն փոխում իրենց հռետորաբանությունը և սպառնում են: Միայն Ալիևի ելույթները բավական են հասկանալու համար, թե ինչպես են արձագանքում խաղաղության օրակարգին: Իրենց համար չկա նման օրակարգ, կամ կա, բայց միայն իրենց պայմաններով: Անդադար զիջելով` չենք հասնելու խաղաղության: Նրանց պահանջները շատանալու են: Վաղը կարող են այնպիսի պայմաններ առաջ քաշել, որ պատերազմն իսկապես անխուսափելի դառնա, իսկ մենք հայտնվենք ավելի վատ վիճակում, օրինակ, աշխարհաղաքական տեսանկյունից չունենալով ոչ մի դաշնակից:

- Բայց Նիկոլ Փաշինյանն ասում է` հանձնում ենք, որ պահանջենք: Ի՞նչ է նա այսքան ժամանակ Ադրբեջանից պահանջել:

- Անկեղծ ասած, չգիտեմ: Լավ ասենք պահանջում է, կա՞ այդ ամենը բավարարող: Եթե Ադրբեջանի բոլոր պահանջները բավարարվում են, իսկ Հայաստանինը` ոչ, ապա այստեղ մի բան այն չէ և դա հասկանում է ցանկացած գիտակից մարդ: Այսինքն` մի բան սխալ է գնում, անգամ չկա փոխզիջում հասկացողությունը, զիջում ենք միայն մենք: