ՆԱՍԱ-ն Մարսի վրա երբեմնի լճերի գոյության հետքեր է հայտնաբերել

ՆԱՍԱ-ն Մարսի վրա երբեմնի լճերի գոյության հետքեր է հայտնաբերել

ԱՄՆ ազգային օդատիեզերական գործակալության՝ ՆԱՍԱ-ի Perseverance մարսագնացը Կարմիր մոլորակի մակերևույթին հայտնաբերել է տվյալներ, որոնք հաստատում են  հնագույն լճային նստվածքների գոյությունը: Այդ նստվածքը, ըստ ամենայնի, առաջացել է ջրից, որը Ջեզերո խառնարանում լցնում էր ահռելի լիճը:

 Այս մասին ասվում է Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականների հետազոտության մեջ, որին հղում է անում Reuters-ը։

Գիտնականները մարսագնացի RIMFAX ռադարի միջոցով ստացել են Մարսի մակերևույթի 20 մետր խորությամբ հատվածի պատկերը: Պատկերներում երևացող նստվածքի շերտերը վկայում են, որ հողի կուտակումները խառնարանում հայտնվել են երկու լճերի շնորհիվ, որոնք սնուցում էին այն:

Ենթադրաբար, նստվածքները գոյացել են մոտ 3 միլիարդ տարի առաջ։ Գիտնականները ենթադրում են, որ Մարսի որոշ տարածքներ կարող են ծածկված լինել մանրէաբանական կյանք պարունակող ջրով: Մարսագնացի հավաքած նմուշները ստանալուց հետո գիտնականները լրացուցիչ հետազոտություններ կանցկացնեն։

ՆԱՍԱ-ի Perseverance մարսագնացը վայրէջք է կատարել Մարսի վրա 2021 թվականի փետրվարին։ 2023 թվականի սեպտեմբերին ՆԱՍԱ-ն հայտնել է Մարսի վրա թթվածին արտադրելու փորձերի հաջողության մասին: Մոլորակի վրա գտնվելու ընթացքում Perseverance-ը 16 անգամ սկսել է ածխաթթու գազից թթվածին արտադրելու գործընթացը, որի արդյունքում արտադրվել է 122 գ թթվածին: