Իշխանության մեքենաների վրա օպերատիվ համարներ են

Իշխանության մեքենաների վրա օպերատիվ համարներ են

Երեկ տեղեկություն տարածվեց, որ Վեդիից վերադառնալիս, Սուրենավան գյուղի մոտ Սուրեն Պապիկյանին սպասարկող Toyota Land Cruiser 200 մակնիշի աժդահա ամենագնացը՝ 36 RO 720 օպերատիվ համարանիշով, մեծ արագությամբ բախվել է «Նիվա» մակնիշի մի մեքենայի, որի մեջ գտնվող 14 տարեկան տղան դուրս է շպրտվել մեքենայից։ Երեխայի վիճակն այս պահին ծանր է։ Այս դեպքից մի քանի հարց է առաջանում՝ ինչո՞ւ են իշխանավորներին սպասարկող կամ նրանց ուղեկցող մեքենաներն այսպիսի վայրի արագությամբ սլանում։

Հիշենք, որ օրեր առաջ Սյունիքի մարզ ընթանալիս էլ Նիկոլ Փաշինյանին ուղեկցող ոստիկանական ջիպերից մեկն էր դուրս եկել հանդիպակաց գոտի, եւ քիչ էր մնացել՝ բախվեր դիմացից ընթացող մեքենային, որի մեջ Կարին Տոնոյանն է եղել։ Երկրորդ հարցն այն է, թե ինչու են ծառայողական ավտոմեքենաների վրա օպերատիվ համարանիշներ փակցված։ Պապիկյանին սպասարկող ամենագնացի համարները 001 TN 01 են, դրանից առաջ 500 ՕՕ 01 պետհամարանիշն էր փակցված այդ մեքենայի վրա, հետո փոխեցին՝ նախարարության համար դրեցին։

Այսօր այդ նույն Պապիկյանի մեքենայի վրա օպերատիվ համարանիշ են տեղադրել, այսինքն՝ հատուկ ծառայությունների սպասարկող համարանիշ։ Որ ի՞նչ անեն՝ որ առանց «նկարվելո՞ւ» վարեն, այսինքն՝ ինչպես ուզեն, ինչ արագությամբ ուզեն, խախտումներ թույլ տան, չնախատեսված վայրերում շրջադարձ կատարեն, դուրս գան հանդիպակաց գոտի եւ անպատիժ մնան։ Սա, մեղմ ասած, «բեսպրեդել» է, ուրիշ ոչինչ։ Նախկինում երբեք երկրի առաջին դեմքին այսպիսի քանակությամբ մեքենաներ չէին ուղեկցել, եւ ոչ ոք նման խախտումներ թույլ չէր տվել, ուրիշ մեքենաների վրա չէր վարել, մարդ չէր գցել տակը։

Բայց միայն Պապիկյանի մեքենան չէ օպերատիվ համարանիշներով։ Փաշինյանի կնոջն ու երեխաներին սպասարկող Nissan X-Trail մակնիշի մեքենան էլ է օպերատիվ համարանիշներով։ Իսկ սկզբնական շրջանում այդ մեքենայի վրա տեղադրված էր ՊՊԾ-ի հաշվեկշռում գրանցված 130 UU 01 պետհամարանիշ։ Հետո, որպեսզի քողարկվեն, այդ համարները փոխարինվեցին խառը, օպերատիվ համարներով՝ 36 TC 507: Քարոզարշավի ընթացքում հենց այս համարներով էր շրջում Փաշինյանի ավագ դստերը՝ Մարիամին տեղափոխող Nissan X-Trail-ը։

Բայց սա ամենը չէ։ Փաշինյանի՝ տասնյակ մեքենաներից բաղկացած ավտոշարասյան մեջ կան անձնական մեքենաներ, որոնց վրա, վստահաբար՝ օրենքի խախտմամբ, առկայծող փարոսիկներ են տեղադրվել, որոնք թույլատրվում են միայն իրավապահ կառույցների եւ անվտանգության մեքենաների վրա տեղադրել։ Օրինակ՝ Չարենցավան կատարած այցի ժամանակ մենք նկատեցինք 44 PR 808 համարանիշով մի սպիտակ Toyota Prado ամենագնաց, որի դիմապակու հետեւի մասից առկայծող փարոսիկ էր տեղադրված։ Ակնհայտ էր, որ այն նոր էր տեղադրվել, այսինքն՝ անձնական օգտագործման մեքենա է, քարոզարշավի ժամանակ ժամանակավոր դիմապակու հետեւն առկայծող փարոսիկ են տեղադրել։ Ո՞ր օրենքով՝ ոչ ոք չգիտի։ Իրենց նկատմամբ, փաստորեն, օրենքները չեն աշխատում։ Սա արտոնյալ կարգավիճակ է ստեղծում տվյալ մեքենայի համար՝ երթեւեկության մյուս մասնակիցների նկատմամբ։