Հարգելի դատարան, Բախշիյանի օրինակը Ձեզ վախեցնու՞մ է. պաշտպանը՝ Ռուբիկ Մխիթարյանին

Հարգելի դատարան, Բախշիյանի օրինակը Ձեզ վախեցնու՞մ է. պաշտպանը՝ Ռուբիկ Մխիթարյանին

Ձեր համոզմամբ, եթե Առուշանյանին ազատ արձակելու օրինական հիմքերը լինեն, արդյոք կկայացնե՞ք նման դատական ակտ, չունենալով մտավախություն, որ հետագայում կարող եք ենթարկվել քրեական հետապնդման՝ ընդհուպ կալանավորվել։ Ուզում ենք հասկանալ՝ մենք գործ ունե՞նք օրինական դատարանի հետ, որովհետեւ Դուք այն դատավորն եք, որը վեց  ամիս առաջ կալանավորել է Արմեն Չարչյանին՝ անձեռնմխելիության ու կալանավորման հետ անհամատեղելի պայմաններում։ Դուք այն դատավորն եք, որը կալանավորեց Մանվել Փարամազյանին, որն ազատության մեջ գտնվելով, դրսեւորել է պատշաճ վարքագիծ։ Դուք երկու տարի առաջ հակասահմանադրական հոդվածով կալանավորել եք ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ Այս ամենը վկայում է այն մասին, որ Դուք չեք ունեցել երբեք համարձակություն՝ կայացնել անաչառ որոշում։ Եվ արդյոք Բախշիյանի օրինակը չի՞ վախեցնում ձեզ՝ այս գործով կայացնել անաչառ որոշում։ Դիմելով դատավոր Մխիթարյանին՝ այս մասին քիչ առաջ դատարանում ասաց  Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։

Վերաքննիչ քրեական դատարանում, հիշեցնենք, դատավոր Ռուբիկ Մխիթարյանի նախագահությամբ, քիչ առաջ  մեկնարկել է Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու մասին միջնորդությունը մերժելու որոշման դեմ փաստաբանների բողոքի քննությունը։

«Կյանքում ոչինչ հավերժ չէ, այդ թվում՝ քաղաքական իշխանությունը։ Այս պատմական էջը մենք ոչ թե  թերթելու ենք, այլ ուղղակի պատռելու ենք»,- հավելեց Ալեքսանյանը։