«Հրապարակ». Չեմ կարողանում ուղեղիս մեջ տեղավորել, որ Ստեփանն էլ չի գալու

«Հրապարակ». Չեմ կարողանում ուղեղիս մեջ տեղավորել, որ Ստեփանն էլ չի գալու

Զոհված աշխարհազորայինի այրի Անի Գարեգինյանը Մարտակերտի շրջանի Հոռաթաղ գյուղի բնակիչ է։ Անձնագրում որպես գրանցման վայր՝ նշված է Հոռաթաղ գյուղը։ Բռնի տեղահանվել է Արցախից 2023 թվականի սեպտեմբերի 19-ի հարձակումից հետո։ Սեպտեբերի 25-ին հոր  եւ մոր հետ լքել է Արցախը՝ ճանապարհին գրանցվելով Գորիսում։ Անգամ հասցրել է 100 հազարական միանվագ օգնությունը  ստանալ։ Բայց մյուս վճարումներն Անի Գարեգինյանին ՀՀ պետական մարմինները հրաժարվել են տրամադրել՝  պատճառաբանելով, թե նախկինում` 16 տարեկանում, նա ստացել է Հայաստանի Հանրապետության անձնագիր։ «Ինձ մերժել են որպես փախստական ճանաչել, քանի որ առաջին անձնագիրս Տավուշի մարզից եմ ստացել։ Ինձ հրաժարվեցին նաեւ փախստականի անձնագիր տալ», - բացատրում է Անին։ 

Նա ծնունդով Իջեւանից է։ Մարտակերտի շրջան հարս է  գնացել 2014 թվականին։ Պատճառաբանելով, որ նախկինում Տավուշի բնակիչ է եղել, անձնագրային ծառայությունը հրաժարվել է Անի Գարեգինյանին ճանաչել որպես Արցախից բռնի տեղահանված։ Աբսուրդային եւ անհեթեթ վիճակում է կինը։ Անձնագրայինը երիտասարդ կնոջը համարում է հայաստանցի, հրաժարվում են նրան ընդունել որպես փախստական եւ  փախստականի վկայական տալ, իսկ ՏԿԵ նախարարությունը եւ Միասնական սոցիալական ծառայությունը համարում են բռնի  տեղահանված։  Արդյունքում նա ստացել է 100 հազար դրամը՝ որպես միանվագ օգնություն, իսկ մյուս վճարումները չի ստանում։ 

Նույն վիճակում են Անի Գարեգինյանի ծնողները՝ Լուսինե Գարեգինյանն ու Գարիկ Գարեգինյանը։ Նրանք 2012 թվականին Հայաստանից Ղարաբաղ են տեղափոխվել՝ վերաբնակվելով Ներքին Հոռաթաղ գյուղում։ Ամուսինները եւս սեպտեմբերի 19-20-ի հարձակումից հետո տեղահանվել են՝ բնակություն հաստատելով Երեւանում։ Սակայն նրանց նույնպես միգրացիոն ծառայությունն ու անձնագրայինը մերժում են տրամադրել փախստականի կարգավիճակ, անձնագիր, քանի որ  նրանք ժամանակին եղել են Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ։ 

Ընտանիքն ապրում է Երեւանի Ներքին Շենգավիթ թաղամասում, վարձով տանը։ Ամիսը վճարում են 150 հազար դրամ` որպես տան վարձ։ Անին աշխատում է սուպերմարկետում, ստանում է ցածր աշխատավարձ, որը հազիվ է բավականացնում տան վարձը վճարելուն։ Այլ եկամուտ ընտանիքն այս պահին չունի։ 

Մենք դիմեցինք աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն՝ խնդրելով բացատրություն տալ, թե ինչու ընտանիքը չի ստանում բռնի տեղահանվածների համար սահմանված սոցիալական աջակցությունը։ Մեզ պատասխանեցին, որ Միասնական սոցիալական ծառայությունում Անի Գարեգինյանն ունի դիմում, որը բավարարվելու է։ Աջակցության  գոմարները վճարման ենթակա են։ «50 հազարական դրամները կստանան առաջիկայում։ Ինչ վերաբերում է 40+10 հազար ծրագրին, Միասնական սոցիալական ծառայությունից  դեռ պատասխան չենք ստացել։ Ստանալուն պես կտրամադրենք»,- հայտնեցին նախարարությունից։ 

Դիմեցինք նաեւ միգրացիոն ծառայություն, սակայն մեր զանգերն անպատասխան մնացին։ 

ՀԳ․ Այն, ինչ կատարվեց ամուսնու, Արցախի ու իր տան հետ, Մարտակերտի շրջանի Հոռաթաղ գյուղի բնակիչ Անի Գարեգինյանին վատ երազ է թվում։ Բայց այդ վատ երազի մասին նա խոսել չի կարողանում։ «Բթացած վիճակ է ինձ մոտ։ Հաբեր եմ խմում ամեն օր, չեմ  կարողանում քնել։ Ուղղակի պատմում եմ, ձեր հարցերին եմ պատասխանում։ Մեջս սառել է ամեն ինչ։ Էն, որ ամեն բառն ասելիս սիրտս կտոր-կտոր ա լինում, չուզելով եմ խոսում։ Չեմ կարողանում ուղեղիս մեջ տեղավորել, որ Ստեփանն էլ չի գալու, ինձ  ասի՝  բալաս»։

Ամուսնու` Ստեփան Ռաշիդի Առաքելյանի հետ Անին վերջին անգամ խոսել է սեպտեմբերի 19-ին։ «Կեսօրին էր, 1-1։30-ի կողմերը։ Ինքը զանգեց եղբոր հեռախոսից, ասեց, որ հեռախոսը կորցրել է, որ իրեն չզանգեմ, որ ամեն ինչ լավ է։ Հետո իմացանք, որ կռիվը սկսվել է, ու շոկ ապրեցինք»։ Ստեփանն աշխարհազորային է եղել։ Զոհվել է սեպտեմբերի 19-ին, Արցախում, Մարտակերտի շրջանի Չարեքթարի դիրքում։ Սկզբում ասել են, որ Ստեփանը վիրավորվել է, հետո՝ որ էլ չկա։ Նրա մարմինը բերել են փակ դագաղով եւ հուղարկավորել Եռաբլուրում։