Պիտի ունենալ ազգային երազ ու գնալ դրա հետևից. Սաղաթելյան

Պիտի ունենալ ազգային երազ ու գնալ դրա հետևից. Սաղաթելյան

Մենք այժմ ունենք պարտություն, բայց դա հայ ժողովրդի հավաքական պարտությունը չէ, այլ իշխանության ղեկին հայտնված մի խումբ մարդկանց գործունեության արդյունքն է և բոլոր այն փորձերը՝ ներքին և արտաքին ուժերի կողմից, հայ ժողովրդին ներկայացնել որպես թույլ ու չհաղթող, ձախողված ու դատապարտված ազգ պետք է ստանան համարժեք պատասխան։ Այս մասին քիչ առաջ ՀՅԴ Հայ Դատի գրասենյակի խորհրդաժողովի ժամանակ իր ելույթում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը։

«Պետք է չհաշտվել ինքնիշխանության կորստի և պարտության հետ։ Այս  նիստն անց է կացվում հայ ժողովրդի համար բախտորոշ ժամանակահատվածում, երբ հայրենիքը կանգնած է ներքին և արտաքին անվտանգությանն առնչվող լրջագույն մարտահրավերների առջև։ Սակայն պատմությունը ինքնին ապացուցել է, որ այս տարածաշրջանում հայ ժողովուրդը եղել և լինելու է գոյապայքարի մեջ՝ հայրենիքի փոքր հողակտորի և անկախ պետականության պահպանման համար։ Ահա այստեղ է, որ ՀՅԴ-ն ասելիք ու անելիք ունի։ Պետք է  հաղթահարել նվաստացումը և կառավարել կորուստները, ռիսկերը, վերականգնել արժանապատվությունը, հաղթահարել պարտվածի և փոքր պետություն լինելու հոգեբանությունը, ունենալ ազգային երազ և գնալ դրա հետևից։ Հայաստանի առջև այսօր ծառացած է համակարգային խոշոր ճգնաժամ և իշխանությունների այն պնդումները, թե ընտրություններից հետո ճգնաժամը հաղթահարված է, խաբեություն է»,- ասաց նա։