Մի ցավեցրեք վերադարձած գերիներին

Մի ցավեցրեք վերադարձած գերիներին

Հայ գերիների` Հայաստան վերադառնալու փաստն ուրախություն է ոչ միայն նրանց հարազատների, այլեւ` հասարակության համար: Բոլորս գիտենք, թե ինչ դժոխքից են նրանք եկել, ինչ դաժան կտտանքների եւ բռնությունների են ենթարկվել: Նրանց մեծ մասը ֆիզիկապես հաշմանդամ է դարձել: Այդ երիտասարդները, եթե ոչ ֆիզիկապես, հոգեպես հաստատ արդեն կոտրված ու ջախջախված են: 
 

Այս օրերին համացանցում ոմանք սկսել են քարկոծել նրանց՝ մեղադրելով տարբեր անտրամաբանական մեղքերի մեջ: Կարծես թե դա էլ իշխանական քարոզչամեքենայի մի նպատակ է. տեսնելով, որ չեն կարողանում բոլոր գերիների վերադարձի հարցերը լուծել, սկսել են մի թեզ դնել շրջանառության մեջ, թե նրանք այդքան էլ «լավը» չեն, որ գերի են ընկել, ուստի կարեւոր չէ նրանց վերադարձնելու համար ջանքեր գործադրելը: Նույն թեզի նման, թե արցախցիները լավը չեն, թող գնան իրենց տները, Արցախը բեռ էր, եւ պետք էր ազատվել դրանից եւ այլն… Այդ ֆեյքերն ու քառակուսի մտածողությամբ մարդիկ մոռանում են, որ իրենք եւ իրենց որդիներն էլ կարող էին հայտնվել գերու կարգավիճակում, եթե տանը համակարգչի առջեւ նստած կամ պառկած չլինեին, այլ գտնվեին ռազմաճակատում: Բոլոր պատերազմների ժամանակ էլ լինում են գերիներ, կան այդ կարգավիճակում հայտնվելու տարբեր պատճառներ եւ իրավիճակներ:

Իսկ այս պատերազմում դրանք չէին կարող չլինել, քանի որ փորձառու գեներալ-լեյտենանտ հրամանատարը «սխալմամբ» զինվորներին այն ուղղությամբ է ուղարկել, որտեղ եղել է թշնամու թաքստոցը, զինվորների ու հրամկազմի հետ չի եղել հեռակապ` ռացիա, զինվորները կա՛մ անզեն են եղել, կա՛մ նրանց զենքերը լիցքավորված չեն եղել, զինվորների տեղաշարժի քարտեզը լավ իմացել է թշնամին: Առաջին գիծ են ուղարկվել այն նորակոչիկները, ովքեր երկու ամիս առաջ էին զորակոչվել, ո՛չ զենք բռնելու ձեւը գիտեին, ո՛չ էլ տեղանքին էին ծանոթ: Այս ամենի մեղավոր դավաճան հրամանատարներին քարկոծելու փոխարեն նիկոլապաշտները քարկոծում են գերի ընկածներին: Հարց է, թե իրենք ինչպես կվարվեին, եթե հայտնվեին նրանց վիճակում: Բոլորս պետք է ջերմությամբ, հոգատարությամբ ընդունենք դժոխքից վերադարձած մեր երեխաներին ու եղբայրներին, նրանց հասկացնենք, որ իրենք շատ թանկ ու կարեւոր են մեզ համար, վերադարձնենք նրանց լիարժեք կյանք, չնայած դա շատ դժվար է: Իսկ ոմանք փորձում են ցավեցնել նրանց բաց վերքերը…