Ընդդիմության դաշտում մեծ բոլոլա է սկսվել

Ընդդիմության դաշտում մեծ բոլոլա է սկսվել

Ընդդիմադիր երկու բևեռների` Հանրապետականների եւ նրանց հարող շրջանակների ու քոչարյանականների եւ նրանց հարող շրջանակների միջև կրկին «փոխհրաձգություն» է սկսվել: Օրերս Politik.am կայքի խմբագիր Բորիս Մուրազին իր հեղինակային «Մուրազի ժամ» վերլուծական հաղորդման ընթացքում անդրադարձել էր 2018 թվականի իրադարձություններին և ընդդիմադիր դաշտում այսօր առկա իրավիճակին: Մասնավորապես նշել էր, որ Նիկոլ Փաշինյանին իշխանություն հանձնողը Սերժ Սարգսյանն է եղել, ինչն էլ բարկացրել է ՀՀ երրորդ նախագահի թիմակիցներին: Այս համառ «մարտերի» սկիզբն արդեն պարզ չէ որտեղից է գալիս` մեզ ասացին, որ Ռուբեն Հակոբյանի որդին է Երեւանի ավագանու նիստում ՀՀԿ-ի եւ նրա իշխանության տարիների մասին վատ արտահայտվել, իսկ Սամվել Հակոբյանը «Մայր Հայաստան» խմբակցության անդամ է, ինչից էլ վրդովվել է հասարակական գործիչ Նարեկ Սամսոնյանը: Եւ սկսվել է «խառը խփոցի»` Ռուբեն Հակոբյանն է Սերժ Սարգսյանին «մերկացնող» գրառումներ արել, ՀՀԿ-ի երիտթեւն էլ Թեւանյան Անդրանիկին է նախշել եւ այսպես շարունակ: Մինչ գործող իշխանությունը Սահմանադրություն է փոխում, Հայոց պատմությունը փոխարինելով Հայաստանի պատմությամբ, փոխելով գերբն ու զինանշանը, հրաժարվելով Արարատ սարից եւ Արցախի հարցից, Բաքվի բռնապետ Իլհամ Ալիևը նոր սպառնալիքներ է հղում Հայաստանին և հայ ժողովրդին, իսկ մեր ընդդիմությունը զբաղված է ներքին գզվռտոցով, որից միայն իշխանությունն է շահում: 

Բորիս Մուրազին «Հրապարակի» հետ զրույցում պնդեց, որ ամեն բան սկսվել է իր վերլուծությունից: Մենք զրուցել ենք քաղաքական հայտ ներկայացրած Բորիս Մուրազիի հետ, ով politik.am կայքի խմբագիրն է և հասարակական գործիչ Նարեկ Սամսոնյանի հետ:

Նարեկ Սամսոնյան

«Ես Բորիս Մուրազիի հետ ոչ մի խնդիր չունեմ, ո՞նց կարող եմ ես նրա հետ խնդիր ունենալ... Նախ տարբեր են մեր քաշային կատեգորիաները, երկրորդ տարբեր են մեր ոլորտները: Ես անդրադարձել եմ Անդրանիկ Թևանյանի կատարած աշխատանքներին, որի պատճառների, մոտիվացիաների, փաստային բազայի արձանագրումները կան մեր յութուբյան էջում: Բորիս Մուրազին ընդամենը գործիք է այն մարդկանց մեջտեղում, որոնց հետ քաղաքական բանավեճ ենք ունեցել` հրապարակային: Նա ո՞վ է, որ ես նրա հետ խնդիր ունենամ, ամոթ է, ես, անկեղծ, անգամ վիրավորվում եմ: Ինչ վերաբերում է այս անձանց` Ռոբերտ Քոչարյանի հետ կապելուն, ասեմ, որ նրանց պետք չէ անվանել քոչարյանական թև: Անդրանիկ Թևանյանը փորձում է նման տպավորություն ստեղծել, որ ինքը քոչարյանական է, սակայն ես հավաստիացումներ ունեմ քոչարյանական թևից` ամենաբարձր մակարդակներով, որ Անդրանիկ Թևանյանը ոչ մի կապ չունի իրենց հետ: Անդրանիկ Թևանյանը փորձում է նման կեղծ տպավորություն ստեղծել: Երկրորդ և երրորդ նախագահների միջև ոչ մի տարաձայնություն էլ չկա, երկրորդ նախագահը նույնպես չի ընդունում այն դիսկուրսը, որը ծավալում են դաշտում` իր անվան ետևում պախկված մարդիկ: Թևանյանն անցյալում եղել է պատգամավոր, սակայն այս պահին իրավիճակն այլ է, մենք ունենք հավաստիացումներ: Ես վստահաբար համարում եմ, որ ընդդիմադիր լուրջ թևերի ցանկացած բախումից շահում է իշխանությունը, բայց Ձեր նշած մարդիկ պարզապես ներկայանում են ընդդիմություն, իսկ իրականում` հեղափոխություն իրականացրած, Սորոսից գրանտներ ստացած, Ալիևին ցիտող մարդիկ են, ովքեր իրենց մեղքերը փորձում են ծածկել` այլ մարդկանց անունները գրելով: Դա ընդունելի չէ: Երևանցիների ձայների 1-2 տոկոսը հավաքած ուժը, որն, ի դեպ, կարողացել է Քոչարյանի անվան տակ պախկվելով հավաքել, չի կարող լուրջ վնաս հասցնել իր այս պահվածքով: Ո՞վ է ընդդիմադիր` Զարուհի Փոստանջյա՞նը, թե՞ մնացածը: Ժամանակին Նիկոլ Փաշինյանին նամակներ էին գրում, ասում էին` հազիվ պրծանք նախկիններից, ամեն ինչ լավ է և այլն: Սորոսից գրանտներ ստացած Անդրանիկ Թևանյանը, որը 10 տարուց ավելի նախկին իշխանությունների դեմ ստեր էր գեներացնում, նա՞ է ընդդիմադիր: Անլուրջ է ուղղակի: Երկու տոկոսանոց ուժ է նա, որին սպասարկում են կասկածելի ծագում ունեցող մարդիկ: Ես կարծում եմ, որ դաշտի մաքրազերծում է տեղի ունենում` նիկոլիզմի մաքրազերծում: Նիկոլականությունն ու նիկոլիզմը չի ենթադրում պարտադիր ՔՊ-ի կազմում լինել, այն սուտ գեներացնելն է, մանիպուլյացիաներ անելն է, սեփական մեղքերն ուրիշների վրա բարդելը, մարդկանց շառով տալը և այլն: Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում Լևոն Քոչարյանին պատասխանեց ճիշտ այնպես, ինչպես վերոնշյալ մարդիկ իմ ուղիղ եթերին, այսինքն` ոչ մի բան ըստ հարցի էության: Ի՞նչ է սա, եթե ոչ նիկոլիզմ: Նիկոլ Փաշինյանն այս իրավիճակից չի կարող շահել, որովհետև երկու տոկոս ձայն հավաքած մարդն իրենից մի մեծ բան չի ներկայացնում: Ես իմ եթերի ժամանակ շատ պարզ եմ ասել, թե ինչու են հիմա սրանք որոշել անդրադառնալ երրորդ նախագահին, որովհետև դա միայն օգուտ է Նիկոլին: Այսօր Սերժ Սարգսյանին ու Ռոբերտ Քոչարյանին թիրախավորելը օգտակար է բացառապես Նիկոլ Փաշինյանին, ինչու, որովհետև հենց նրանք ենք քաղաքական դաշտի դոմինանտ քաղաքական գործիչները, որոնք իրենց ետևում ունեն մարդկային և ինստիտուցիոնալ ռեսուրսներ: Այնքան, ինչքան թիրախավորում են Սերժ Սարգսյանին Նիկոլի նախկին աջակիցները, հաստատ վերջին տարիներին այդքան չեն թիրախավորել Ռոբերտ Քոչարյանին»: 

Բայց որոշ ՀՀԿ-ականներ պարբերաբար քննադատում են Քոչարյանին, նկատեցինք մենք.

«Եթե նման բան ընկալում եք, ապա այն չունի համակարգային բնույթ, հակառակը` մշտապես դրա մասին խոսել են ՀՀԿ-ականները ու պնդել, որ չի կարելի թիրախավորել: Դրա պատճառն այն մարդիկ են, ովքեր թաքնվում են Քոչարյանի ետևում ու սիստեմատիկ «խփում» են երրորդ նախագահին: Մենք մաքրում ենք այդ զանգվածը, որովհետև վերջում իրենց ոչ ոք ոչինչ չի ասում և ընկալում է ստեղծվում, որ այդ ամենի ետևում կանգնած է երկրորդ նախագահը: Սա էլ է նիկոլիզմի ցցուն օրինակ: Չի կարող լինել մի համակարգային դեպք, երբ երրորդ նախագահին համակրող մեդիան անի այն, ինչ անում են Անդրանիկ Թևանյանի ստեղծած դաշինքին սպասարկող մեդիաները: Այդ մարդիկ թաքնված են Ռոբերտ Քոչարյանի անվան տակ, բայց ես կարծում եմ, որ նրանք Նիկոլ Փաշինյանի թիմից են: Մի մարդ, ով Սորոսի հիմնադրամից փողեր է ստացել, ո՞ւմ թիմից կարող է լինել: Նա մի մարդ է, ով Օպերայում մեջբերել է Ալիևին և միացել է հեղափոխությանը, չորս օր քայլել փողոցում և պահանջել Սերժ Սարգսյանի հրաժարականը: Դուք կարող էիք ասել` Արամ Զավենի Սարգսյանի մասին է խոսքը, բայց ոչ` խոսքը Անդրանիկ Թևանյանի մասին է»:

Տպավորություն է, թե Սերժ Սարգսյանի թիմը վրդովվել է Ռուբեն Հակոբյանի որդու` Սամվել Հակոբյանի ելույթից հետո, որտեղ նա քննադատում է նախկինում եղած արատավոր բարքերը.

Բորիս Մուրազի

«Տպավորությունը չգիտեմ, բայց ես համոզմունք ունեմ, որ Սերժ Սարգսյանը չի փոխվել: Այն, ինչ կար իշխանություն եղած ժամանակ, կա նաև հիմա, իսկ Նարեկ Սամսոնյանի մասին չեմ խոսի, քանի որ նա ոչ ոք է: Մարդիկ այն ժամանակ ստեղծեցին ֆեյքերի ՊՈԱԿ, որն այսօր բարեհաջող օգտագործում է Նիկոլը: Ինչի համար է այն ստեղծվել, որպեսզի թիրախավորեն ու հայհոյեն մարդկանց, ոչ մի կերպ թույլ չտան, որպեսզի քննադատեն իրենց իշխանությանը: Իմ կողմից արվել է լրագրողական աշխատանք, վերլուծություն: Այն կարող է մեկի համար օբյեկտիվ, իսկ մյուսի համար սուբյեկտիվ լինել, ես չեմ պնդում, որ ասել եմ բացարձակ, աստվածային ճշմարտություն: Ես ասել եմ այն, ինչ մտածել եմ` եղած փաստերի վրա: Սերժ Սարգսյանի քարոզիչների կողմից դրան արձագանք է եղել` անձնական թիրախավորմամբ: Ես երեկ էլ էի գրել, որ 2018 թվականին Նիկոլի դեմ եմ եղել: Հանրապետականների այսօրվա պահվածքը նման է նրան, որ անցնես համաշխարհային պատերազմի միջով, գաս տուն, ասեն` ութ ժամ ջուր չի լինելու: Դա որքանո՞վ կարող է մի մարդու համար կարևոր լինել, ով պատերազմի միջով է անցել` 2018-ի դեպքերի: Ես շատ հանգիստ եմ տանում, որ այդ մարդիկ իրենց այդպես են պահում, պարզապես ինձ համար շատ անսպասելի էր, որ այդ ամենին մասնակից դարձավ Սաթիկ Սեյրանյանը: Նա Ժուռնալիստների միության նախագահն է և այդ ամենն ինձ համար առնվազն հասկանալի չէ: Մյուսների մասով ամեն ինչ բնական է` Շմայս ու Լիսկա ունեցող կուսակցությունը չի կարող այլ ձևով վարվել: Հիմա էլ նոր շմայսներ են ասպարեզ եկել, բայց Շմայսը գոնե պատերազմ տեսած մարդ էր, կենսագրություն ու ծնունդ ունի, հիմա ասպարեզ են եկել անծնունդ, անկապ շմայսներ, որոնց գլխավոր թիրախը մարդկանց հայհոյելն է: Դե ոչինչ, մարդիկ քֆուրով տուն են պահում, բան չկա ասելու այդտեղ, բայց ինչպե՞ս է իրեն թույլ տալիս դրան մասնակից դառնալ Ժուռնալիստների միության նախագահի խմբագրած կայքը: Դա խոսում է այն մասին, որ ՀՀԿ-ն ու Սերժ Սարգսյանը կարողացել են դեգրադացնել անգամ լրատվական դաշտը: 2018-ից կա մտահոգություն, որ Նիկոլին իշխանություն տվողը Սերժ Սարգսյանն է եղել, որ նա է տվել, դա փաստ է, անհերքելի փաստ, բայց այստեղ խոսքը պայմանավորված տալու մասին է: 2018-2019 թվականներին իշխանության ներկայացուցիչները հայտարարել են, որ Արթուր Վանեցյանը` լինելով ԱԱԾ սպա, իրենց օգնել է հեղափոխության օրերին: Եթե Սերժ Սարգսյանը կապ չունենար այդ իշխանափոխության հետ, ապա Վանեցյանի գործողությունները կհամարեր դավաճանական, իսկ դավաճանությունն աններելի է: Ո՞նց էր ԱԱԾ սպան դուրս եկել գերագույն գլխավոր հրամանատարի դեմ: Ալեն Սիմոնյանը, Դանիել Իոաննիսյանը հրապարակավ խոսել են, որ Վանեցյանն իրենց օգնել է, այնպես որ հարցն այստեղ է. եթե 2018-ի հայտնի պրոցեսներին մասնակցելը դավաճանություն է, ապա ինչպե՞ս է ստացվում, որ ԱԱԾ սպան, ով օգնել է Նիկոլին, դարձել է ձեր ընդդիմադիր թիմի վարչապետի թեկնածուն»:

Իշխանությունները չե՞ն շահում, երբ ընդդիմադիրները թշնամանում են: Կա տպավորություն, որ այս կոնֆլիկտը գալիս է խորքից` երկու նախագահների տարաձայնություններից, նկատեցինք մենք.

«Ես ի՞նչ կապ ունեմ Քոչարյանի հետ: Իմ կայքի ետևում էլ գրված չէ, որ այն Անդրանիկ Թևանյանին է պատկանում: Ինձ համար կարևորն այն է, որ ավագանու ընտրություններին, երբ Թևանյանը իմ կարծիքով կայացրել է սխալ որոշում, ես այդ մասին հրապարակավ խոսել եմ, այսինքն` ես ոչ մեկի հանդեպ կաշկանդվածություն չունեմ»: