45 հզր ռուբլին կեներ 270 հզր դրամ, հըմի՝ 180 հզր. 102-րդ ռազմաբազայի աշխատակիցների վիճակը ծանրացել է

45 հզր ռուբլին կեներ 270 հզր դրամ, հըմի՝ 180 հզր. 102-րդ ռազմաբազայի աշխատակիցների վիճակը ծանրացել է

Մի քանի օր է՝ Գյումրիում գործող առևտրի  ու սպասարկման կետերը դժգոհում են՝ նախկին շարժը չկա։ Պարզվում է՝ ռուսական ռուբլու փոխարժեքի կտրուկ անկման պատճառով ծանր իրավիճակում են հայտնվել գյումրեցի տնտեսվարողները։

Բանն այն է, որ քաղաքի տնտեսվարողների գործունեության մեջ կարևոր դեր ունեն ռուսական 102-րդ բազայի և սահմանապահ զորքերի աշխատակիցները, քանի որ, տնտեսագետների մոտավոր հաշվարկով, տնտեսվարողների  հիմնական եկամուտների մոտավոր 30%-ը գոյանում էր նրանց կողմից կատարված ուղղակի կամ անուղղակի ծախսերից: Ռուբլու արժեզրկման պատճառով ռուսական բազայում աշխատողներն սկսել են շատ քիչ օգտվել մի շարք ծառայություններից: Վիճակը հատկապես ծանրացել է արագ սննդի սպասարկման կետերի, տաքսի ծառայությունների, վարսավիրանոցների եւ որոշ մթերային խանութների համար, որոնց հաճախորդների մեծ մասը 102-րդ ռազմաբազայի աշխատողներն են, ռուս զինծառայողները։ «Ես ընդամենը ստանում եմ 45 հզր ռուբլի, ռուսականի կուրսը որ կըտեսնիմ, վատընամ գը, կպատկերացնեք՝ կուրսը 6-ով կմանրեի, 270 հզր․ դրամից ավել կեներ, հըմի 4-ով՝ 180 հզր կենե, ստացվում է՝ իմ աշխատավարձը 90-100 հզր․ դրամով կրճատվավ»,- մեզ հետ զրույցում ասաց ռազմաբազայի գյումրեցի աշխատակիցներից մեկը։

Ռազմաբազայի ռուս զինվորականներից Սերգեյն էլ, խոր մտահոգություն հայտնելով, ասաց․ «Ես այստեղ տան վարձ եմ վճարում՝ 100 հզր դրամ, գումարած՝ երեխաներիս մանկապարտեզի վարձը, կոմունալներ եւ, իհարկե, ամենօրյա սննդի ծախսը: Հիմա արդեն մտածում եմ աշխատանքային պայմանագիրը ժամանակից շուտ խզելու մասին, բայց այստեղից հեռանալն էլ այս պահին դժվար է թվում, որովհետև ինչ-որ առումով ընտանիքս այստեղ կարծես անվտանգ է: Այն, որ ներկա պահին իմ հայրենիքում խաղաղ չէ, որպես զինվորական եւ ազգությամբ ռուս՝ այդ փաստն ինձ շատ է մտահոգում, բայց որ այստեղ էլ ապրելն է դժվարացել, փաստ է»: 

Գյումրեցի քաղաքագետ Արմեն Մելքոնյանն էլ նշում է․ «Յուրաքանչյուր տարի Հայաստանից դեպի Ռուսաստան արտագնա աշխատանքի է մեկնում (մի քանի ամսից մինչև 1֊2 տարի տևողությամբ) մոտ 200 000 հայ։ Արտագնա աշխատանքի մեկնելու արդյունքում Հայաստանը տարեկան ունենում է առնվազն 1 մլրդ ամերիկյան դոլարին համարժեք մուտք։

200 000 ՀՀ քաղաքացի աշխատում է ռուսական ռուբլով և ապահովում է Հայաստանում նվազագույնը 600֊700 000 մարդու ապրուստ։ 

Պարզ հաշվարկը ցույց է տալիս, որ իրավիճակի անկայունության պատճառով Հայաստանը կարող է արդեն կորցնել իր ունեցած մուտքերի կեսը։ Վատթարագույն դեպքում ռուբլու արժեզրկումը արտագնա աշխատանքի մեկնելը անիմաստ դարձնելուն զուգահեռ կաթվածահար է անելու երկրի տնտեսական կյանքը»։