Չարենցավանի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարի դեմ հարուցված քրգործը կարճվել է. նոր «տուշոնկա շոուն» տապալվեց

Չարենցավանի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարի դեմ հարուցված քրգործը կարճվել է. նոր «տուշոնկա շոուն» տապալվեց

Չարենցավանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Սուրեն Մուրադյանի նկատմամբ ամիսներ առաջ հարուցված քրեական գործը կարճվել է:

Մենք գրել էինք, որ որ Մուրադյանի նկատմամբ իրավապահները «տուշոնկա շոու» էին բեմադրել ոստիկանությունն ու քննչականը մտել էր նրա տուն ու առանձնատուն և արցախիցներին օգնելու համար նախատեսված ապրանքներ էին փնտրում` նրան մեղադրելով իբրև թե այդ օգնությունը յուրացնելու մեջ: Ամիսներ շարունակ քննելով գործը ու տեսնելով, որ Մուրադյանը ոչ միայն որևէ բան չի յուրացրել, այլև ինքն է իր հաշվին արցախիցներին օգնել` նրանց ապահովելով կացարանով, սնունդով և այլն, ստիպված եղան գործը կարճել:

Սուրեն Մուրադյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է այդ թեմային` ներկայացնելով իր դեմ հարուցված շինծու քրեական գործի մանրամասներն ու դրա կարճումը:

Ներկայացնում ենք Սուրեն Մուրադյանի գրառումը.

«Ի գիտություն ինձ բոլոր ճանաչողների, բարեկամների և չարեկամների և հատկապես այն մարդկանց ովքեր համարում են, որ ««առանց կրակի ծուխ չի լինում»
Ինչպես շատերտ կհիշեք անցյալ տարվա մարտի 12-ին իմ հանդեպ իրականացվեց ոստիկանական բեմականացում ինչն ի սկզբանե իմ կողմից որակավորվեց որպես պատվեր։ Ոստիկանության Չարենցավանի բաժնի ՔՀԲ-ի օպերլիազոր, մինչ օրս ինձ անհայտ, Հ. Հայրապետյանի ներկայացված զեկուցագրի հիման վրա, իմ` որպես ««Չարենցավանի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի, պաշտոնեական դիրքը օգտագործելու պայմաններում, կենցաղային իրերի և մթերքի յուրացման կասկածով» Ոստիկանության Չարենցավանի բաժնի կողմից նախկին պետ Է. Սիրեկանյանի գլխավորությամբ իրականացվեցին օպերատիվ միջոցառումներ։
 Դրանք սկսվեցին նախ ինձ տասնյակ ոստիկանների ուղեկցությամբ, կարծես թե ես առանձնահատուկ վտանգավոր հանցագործ էի և կարող էի փախչել, առանց նախապես գործի էության և իմ իրավունքների մասին ինձ ծանուցելու, թույլատրելու կապ հաստատել վերադասի (հաշվի առնելով իմ հանրային ծառայության մեջ գտնվելու հանգամանքը) կամ փաստաբանի հետ, հրապարակայնորեն աշխատասենյակից բերման ենթարկելով Քարաշամբ գյուղում գտնվող իմ առանձնատուն, որտեղ միայն ինձ պարզաբանվեց որ ես կասկածվում եմ պատերազմի հետևանքով Արցախից տեղահանված անձանց համար նախատեսված տարաբնույթ օգնության յուրացման և այդ առանձնատանը պահելու մեջ:

Այնուհետ ես տեղեկացրել էի, որ պատերազմի ընթացում իմ առանձնատանը ապաստանել է ութ հոգուց բաղկացած մի ընտանիք, որը հաշվառվել է Չարենցավանի համայնքապետարանում և այնտեղից ստացել իրենց, որպես տեղահանվածի, հասանելիք աջակցությունը, ապա պատերազմի ավարտից հետո վերադառնալով Արցախ թողել են երկու էլ. ջեռուցիչները, որոնք մնացել են առանձնատանը՝ հետագայում ևս հավանական այլ տեղահանվածների ապաստանելու նպատակով, ինչի վերաբերյալ համապատասխան գրառում է արված համայնքապետարանի օգնության բաշխման ցուցակներում:  

Այնուհետ շուրջ քսան ոստիկանների կողմից, ոստիկանության մարզային վարչության պետի տեղակալի, Չարենցավանի բաժնի պետի, երեք տեղակալների անմիջական հսկողության ներքո առավելագույն ժրաջանությամբ իրականացվեց խուզարկությունը, ինչի արդյունքում ընդհերակա հանդիսացող երկու համագյուղացիների, ապա նաև ամբողջ գյուղի բնակչության մոտ տպավորություն էր ստեղծվել թե ես ներառված եմ ինչ որ առանձնահատուկ վտանգավոր հանցագործության մեջ: Խուզարկության արդյունքում առանձնատնից առգրավվեցին իմ կողմից նախապես հայտնված 2 էլեկտրական ջեռուցիչները, որոնք համայնքապետարանից իմ միջոցով տրամադրվել էին իմ առանձնատանը 2020թ. պատերազմական գործողությունների արդյունքում ապաստանած արցախցի ընտանիքին, ինչպես նաև ի զարմանս և ի հակադրություն ինձ՝ ինձ պատկանող այնպիսի իրեր, որոնք առհասարակ որևէ առնչություն չունեին համայնքապետարանից արցախցիներին տրամադրվող օգնության հետ: Այդուհետ, տեղում արձանագրություն կազմելուց հետո, ինձ տարան Չարենցավանի բաժին, ուր համաձայն հարուցված գործի ինձ տրվեց մեղադրյալի կարգավիճակ՝ երկրից բացակայելու արգելքով հանդերձ և ես տվեցի բացատրական ցուցմունք:

Այս գործողություններին զուգահեռ, հասկանալով որ այսպիսի բեմականությամբ իրականացված օպերատիվ գործողությունների արդյունքում չի բացահայտվել տվյալ գործողությունների համար հիմք հանդիսացող փաստացի որևէ հանգամանք, երկրորդ խուզարկությունը անցկացվեց արդեն մեր բնակարանում ինչին ես ընդհանրապես տեղյակ չեմ եղել և չեմ մասնակցել: Մեր բնակարանից ի թիվս այն ապրանքների ` սնունդ, հիգիենայի պարագաներ, սրբիչներ, որոնք տեսականորեն կարող էին լինել օգնության համար տրամադրված պարագաներից, առգրավվել են այնպիսի իրեր որոնց առգրավումը առնվազն տարակուսանք և ծիծաղ էր առաջացնում, որոնց թվում եին 1հատ ամանորյա կարմիր գուլպա, 2 հատ ամանորյա կարմիր գլխարկ, 2 հատ կարմիր գույնի մոմ, 3 տուփ ամանորյա խաղալիք, 4տուփ տոնածառի լույսեր, մանկական խաղալիքներ, նորածին երեխայի հագուստներ և այլն, ինչից ակնհայտ երևում է որ խնդիր էր դրված առավելագույն, թեկուզև չհիմնավորված իրերի առգրավման արդյունքում արհեստականորեն հիմնավորել օպերատիվ գործողությունների համար իրավական հիմք հանդիսացած զեկուցագրում նշված 600.000 դրամի չափաքանակը՝ քրեական գործը հարուցելու նպատակով:

Խուզարկության հաջորդ օրը ոստիկանության աշխատակիցների կողմից խուզարկություն է կատարվեց նաև նախապես կապարակնքված աշխատասենյակումս, ինչպես նաև առգրավված ապրանքների ստուգման նպատակով ստուգվեցին համայնքապետարանի օգնության համար նախատեսված պահեստը, վերցվեցին տրամադրված օգնության ցանկերը` իրենց ապրանքատեսակներով և արցախցի ընտանիքների ցուցակները՝ իրենց տրամադրված ապրանքատեսակներով,  ինչից ակնհայտ  դարձավ, որ առգարվված ապրանքների ճնշող մեծամասնությունը պարզապես տեսականորեն ակնհայտորեն չէր կարող կապ ունենալ արցախցիների համար տրամադրված օգնության հետ: Սակայն ինձ համար անհասկանալի տրամաբանությամբ և անընդունելի բացատրություններով, ողջ առգրավված խմբաքանակը,  առանց նախնական համեմատական անցկացնելու պահեստում կամ օգնության ապրանքատեսակների ցանկում առկա ապրանքների հետ,  կամ պարզելու, թե այն առհասարակ կապ ունի տրամադրվելիք օգնությունը, թե ոչ, ուղարկվեց դատաապրանքագիտական փորձաքննության, որը արդեն իսկ հասկանալի պատճառով տևեց 10 ամսից ավել:

Ինձ համար առավել անհասկանալի և վիրավորական էր այս հրապարակային բեմականացման հաջորդ էջը, երբ խուզարկությունից երկու օր հետո, մինչ քննչական կոմիտեի կողմից մեղադրանքի հարուցումը, մամուլում հրապարակվեց ոստիկանական գործողության հիմք հանդիսացող, մինչ օրս չհիմնավորված, կեղծ և անանուն ՙհաղորդումների՚ հետևանքով մշակված զեկուցագրի հիման վրա իրականացված օպերատիվ գործողությունների և առգրավված իրերի մասին տեղեկատվությունը՝ առանց դրանց վերաբերյալ իմ փաստարկված բացատրությունները մատնանշելու: Ակնհայտ էր, որ տվյալ տեղեկատվությունը կարող էր մամուլին տրամադրվել բացառապես ոստիկանության կողմից՝ միմիայն ինձ վարկաբեկելու և իմ ընտանիքի բարի համբավը պախարակելու նպատակով: 

Հարուցված գործի քննությունը տևեց 10 ամիս, քանզի այն միտումնավոր սառեցված էր  և ոչ մի պրակտիկ տեղաշարժ չկար ապրանքների փորձաքննության, ոչ արցախցիների հարցաքննության մասով, ոչ էլ առգրավված ապրանքների ծագումնաբանության պարզման ուղղությամբ և ահա ամանօրի նախաշեմին որպես ամանօրյա նվեր ինձ վերադարձվեցին ամանօրյա զարդարանքները և նորածնիս արդեն իր համար փոքրացած շորերը։  Իսկ օրերս ինձ տրամադրվեց քրեական գործիս կարճման որոշումը որը ներկայացնում եմ ստորև։ 

Հայտնում եմ նաև որ պատրաստվում եմ դիմել համապատասխան իրավապահ մարմիններին իմ՝ որպես հանրային պաշտոնյաի և անհատի, անվան, բարի համբավի և հեղինակության հանդեպ միտումնավոր և անիրավաճափ ոտնձգություն անելու համար համապատասխան աշխատակիցներին պատասխանատվության ենթարկելու համար։

Հ․Գ․ Միաժամանակ անկեղծ շնորհակալությունս եմ հայտնում իրավապահ համակարգի եզակի այն աշխատակիցներին, որոնք ներգրավված լինելով այս գործընթացում, իրենց դրսևորեցին որպես անաչառ արհեստավարժներ՝ հնարավորինս զերծ մնալով բանսարկության ուղենիշից»։