Մեդալային հաշվարկում Հայաստանը 66-րդ հորիզոնականում է․ որոնք են Տոկիո-2020-ի առաջատար հավաքականները

Մեդալային հաշվարկում Հայաստանը 66-րդ հորիզոնականում է․ որոնք են Տոկիո-2020-ի առաջատար հավաքականները

Տոկիոյում շարունակում է ընթանալ 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը։
 
Մեդալային հաշվարկում 17 մասնակցից բաղկացած Հայաստանի օլիմպիական թիմն ամառային այս Օլիմպիական խաղերում  զբաղեցնում է 66-րդ հորիզոնականը՝ իր ակտիվում ունենալով 2 արծաթե և 2 բրոնզե մեդալ։ 
Առաջատարը Չինաստանի հավաքականն է՝ ընդհանուր 74 մեդալով, որից 34-ը՝ ոսկե։  ԱՄՆ օլիմպիական հավաքականը երկրորդն է՝ 30 ոսկե, 35 արծաթե և 27 բրոնզե մեդալներով, երրորդ հորիզոնականում է Ճապոնիան՝ 22 ոսկե, 10 արծաթե և 15 բրոնզե մեդալներով։ Լավագուն քառյակն էլ եզրափակում է Ավստրալիան՝  17 ոսկե, 6 արծաթե ու  20 բրոնզե մեդալներով։ 

Հայաստանի պատվիրակությունից արծաթե մեդալակիրներ են դարձել Ռիո-2016 օլիմպիական փոխչեմպիոն, աշխարհի ու Եվրոպայի կրկնակի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանն ու Ռիո-2016 օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի եւ Եվրոպայի հնգակի, Եվրոպական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը, որը եզրափակչում մրցավարական ակնհայտ կողմնակալության արդյունքում պարտվեց Ռուսաստանը ներկայացնող Մուսա Եվլոեւին:

Բացի այս, Ալեքսանյանը կիսաեզրափակչի գոտեմարտի ընթացքում վնասել էր ձախ ոտքն ու եզրափակչին վնասվածքով էր մոտեցել։ Բրոնզե մեդալը նվաճել է սպորտային մարմնամարզիկ, Եվրոպայի չեմպիոն, Եվրոպական խաղերի չեմպիոն Արթուր Դավթյանը։

Ի դեպ, մենք գրել էինք, որ Դավթյանն ու Սիմոն Մարտիրոսյանն արդեն իսկ վերադարձել են հայրենիք, որտեղ էլ՝ «Զվարթնոց» օդանավակայանում ջերմ ընդունելության են արժանացել հայ բազմաթիվ երկրպագուների կողմից։

Շնորհիվ Մարտիրոսյանի ու Դավթյանի` տևական դադարից հետո Երևանի օդանավակայանում կրկին զուռնա-դհոլ էր հնչում։ Հատկանշական է, որ Դավթյանը Տոկիոյի Օլիմպիական խաղերում պատմական նվաճում գրանցեց։ Շուրջ 41 տարվա դադարից հետո Դավթյանը անկախ Հայաստանին բերեց առաջին մեդալը Օլիմպիական խաղերի սպորտային մարմնամարզության մրցաշարում: 

Այսօր առավոտյան էլ Եվրոպայի կրկնակի չեմպիոն (2017, 2019), Եվրոպական խաղերի չեմպիոն (2019) և աշխարհի առաջնությունների բրոնզե կրկնակի մեդալակիր (2017, 2019) Հովհաննես Բաչկովը Օլիմպիական ախաղերի կիսաեզրափակչում մրցում էր ամերիկացի Դևիս Քեյնշոուի հետ։ Հայազգի բռնցքամարտիկը ցավոք պարտվեց ամերիկացուն ու զրկվեց հնարավորությունից եզրափակիչ դուրս գալու։ Բաչկովը, ամեն դեպքում, դարձավ Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր։

Հիշեցնենք՝ օլիմպիական մրցաշարի 1/16 եզրափակիչում Բաչկովը 5։0 հաշվով հաղթել է Անտիգու և Բարվուդայի ներկայացուցիչ Ալստոն Ռայանին, 1/8  եզրափակչում հայ բռնցքամարտիկը 4։1 հաշվով գեղեցիկ հաղթանակ է տոնել ադրբեջանցի Ջավիդ Չալաբիևի նկատմամբ և քառորդ եզրափակիչում Հովհաննեսը 5։0 հաշվով պարտության է մատնել ուզբեկ Էլնուր Աբդուռահիմովին։