Քննչականն էլ, ոստիկանությունն էլ երեկ սարսափելի ահաբեկված էին աջակցության ծավալից

Քննչականն էլ, ոստիկանությունն էլ երեկ սարսափելի ահաբեկված էին աջակցության ծավալից

Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման ժամանակ Ադրբեջանի դրոշն այրած դիզայներ Արամ Նիկոլյանը երեկ գիշեր ազատ է արձակվել։ Մեզ հետ զրույցում Նիկոլյանի պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևն ասաց, որ քրեական վարույթ չի նախաձեռնվել․

«Երեկ Նիկոլյանը ազատ է արձակվել, քրեական վարույթ չի նախաձեռնվել, ու այդ որոշումը ուղարկվել է դատախազին՝ օրինականության ստուգման համար։ Այս պահին դա է իրավիճակը, բայց ֆորմալ գործ չկա հարուցված»,- պատասխանեց Կոչուբաևը։

Պաշտպանին հարցրինք՝ հնարավո՞ր է, որ դատախազը քննիչի որոշումը անօրինական համարի և վարույթ նախաձեռնի․

«Տեսականորեն, դատավարության տեսանկյունից՝ այո, բայց կարծում եմ, սա այն հարցն է, որ ամենաբարձր մակարդակներով համաձայնեցված է եղել, որովհետև քննչականն էլ, ոստիկանությունն էլ երեկ սարսափելի ահաբեկված էին այն ծավալից, որ այս թեման ստացավ։ Այսինքն՝ այն հանրային դրական կարծիքից հատկապես, որ ձևավորեց Արամ Նիկոլյանը, բացառապես այդ հանրային կարծիքի ճնշման ներքո է, որ Արամ Նիկոլյանին երեկ չձերբակալեցին, կալանավորման չտարան, ավելին՝ քրեական վարույթ չնախաձեռնեցին»,- պատասխանեց պաշտպանը։

Ի սկզբանե իրավապահները կալանավորելու մտադրությո՞ւն ունեին՝ հարցրինք Կոչուբաևին․

«Այո, տեսեք՝ երբ մենք ի սկզբանե ոստիկանությունում էինք, պատճառաբանությունն այն էր, որ խուլիգանության կասկածանքով ձերբակալվել է Արամ Նիկոլյանը, բայց հետո, երբ արդեն տեսան, թե ինչպիսի հանրային լայն արձագանք ստացավ և նաև հանրային տրամադրությունները հիմնականում դրական էին, բոլորը Արամ Նիկոլյանին, անկախ քաղաքական հայացքներից սատարում էին, և սա ունեցավ իր կոնկրետ ազդեցությունը նախաքննական մարմինների վրա»։