Սովետը մերժում են, սովետիզմը` ոչ

Սովետը մերժում են, սովետիզմը` ոչ

Մի կողմից այս իշխանությունն ու իր սատելիտները ջանք չեն խնայում մեր ժողովրդին դեգրադացնելու` հայրենիքի գիտակցումը վերացնելու, ազգային զգացումները մեռցնելու, նրան սպառող կենդանի դարձնելու համար, որի համար միեւնույն է, թե իր հայրենիքը քանի քառակուսի կիլոմետր կլինի, իր հայրենակիցներն ինչ զրկանքների կենթարկվեն, նրանցից քանիսը կզոհվի, քանիսը գերի կընկնի, քանիսը բանտերում կփտի: Մյուս կողմից` ամեն ինչ անում են մարդկանց ստոր ու նվաստ բնազդներն արթնացնելու համար: Առաջինն ինքնապաշտպանական բնազդն է` պատերազմից ու մահից վախը: Երկրորդը կուշտ ուտելու, աշխույժ առեւտուր անելու, բարձր եկամուտ ստանալու բնազդն է:

Սահմանը բացվի, Ղազախի հետ առեւտուր անենք, միրգ-բանջարեղեն տանենք վաճառենք, փող աշխատենք` երեխեքին լավ շոր-կոշիկ առնենք: Եվ այս ամենը փորձում են անել` արթնացնելով սովետական երկրի մասին հիշողությունները: Ռուսաստանն ու Սովետը մերժում են, բայց սովետական համակեցությունը որպես օրինակ են բերում` էտալոն, որը պետք է փորձենք կառուցել մեր երկրում: Իսկ սովետական համակեցությունը հիշողների քանակը մեր երկրում խիստ նվազել է, ովքեր էլ դեռ ողջ են, շատ քիչ բան են հիշում այդ համակեցությունից, որ դրա առավելությունները գիտակցեն:

Եվ ամենակարեւորը` լրիվ ուրիշ երկրում, ուրիշ միջավայրում, այլ գաղափարախոսությամբ ու մենթալիտետով երկրի ատրիբուտներից մեկն ինչպե՞ս ես վերականգնում: Մանավանդ անգամ սովետական ահասարսուռ ու փակ երկրում, որտեղ պատժիչ հզոր համակարգեր էին գործում, եւ մարդն ընդամենը շարքային պտուտակ էր` ինքնուրույնությունից զրկված, չկարողացան կանխել 1965-ի զարթոնքը, 1988-ի շարժումը, սումգայիթյան ու Բաքվի ջարդերը, որոնք հենց այդ երկու` կողք-կողքի ապրող ժողովուրդների միջեւ տեղի ունեցան: