Գավառի ՔՊ-ականները տապալում են ավագանու աշխատանքները

Գավառի ՔՊ-ականները տապալում են ավագանու աշխատանքները

Գավառ խոշորացված համայնքի համամասնական ընտրակարգով ընտրված ավագանու անդամները 27-ն են, որից 14 –ը «Գուրգեն Մարտիրոսյան» դաշինքից, 11-ը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից, 2-ը՝ «Մեր համայնքը» դաշինքից: Ավագանու նիստերին ՔՊ-ական ավագանու 11 անդամներից ոմանք կա՛մ չեն քվեարկում, կա՛մ ձեռնապահ են, կամ էլ դեմ են քվեարկում Գավառի համայնքապետի ներկայացված որոշումներին: Համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքը, աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը եւ պաշտոնային դրույքաչափերը հաստատելու վերաբերյալ հարցը երրորդ անգամ ներկայացվել է ավագանու նիստին:

Երկու նիստի ընթացքում ՔՊ-ի ավագանու անդամները ձեռնապահ են եղել, իսկ վերջին նիստին՝ դեմ են քվեարկել: Համայնքապետարանի աշխատակազմի հաստիքացուցակը չնայած 11 դեմ ձայներին՝ հաստատվեց:

ՔՊ-ի ավագանու անդամ Լուսինե Ադամյանին հարցրինք՝ ինչո՞ւ եք դեմ աշխատակազմի հաստիքացուցակի հաստատմանը. «Նիստերի օրակարգերում լինում են հարցեր, որոնք անծանոթ են լինում մեզ, մեր խմբակցությունը չունի աշխատասենյակ, որ նախապես ուսումնասիրենք հարցերը: Մենք դեռ բոլոր ավագանիներով իրար հետ չենք աշխատել, բյուջեի քննարկում ա եղել, նոր մեզ հրավիրել են բյուջեի քննարկմանը: Մենք միասին ենք որոշում կայացնում՝ դեմ կամ ձեռնապահ լինել: Կոնկրետ աշխատակազմի հաստիքացուցակը դրվեց քննարկման, ներկայացրեցին մեր առաջարկությունները՝ խորհրդականների հաստիքները շատ էր, կարելի է 1 խորհրդական ունենալ, մյուս 2 խորհրդականների հաստիքների փոխարեն համայնքներում աշխատանքներ կատարել: Օրակարգը ուղարկվեց կառավարություն, ետ ուղարկեցին, երկրորդ անգամ ավագանու նիստին դրվեց քննարկման, մենք կրկին ձեռնապահ ենք եղել, քանի որ գլխավոր ճարտարապետի հաստիքը հանել էին, վարչական տարածքներում չկար նաեւ զինկոմի հարցերով զբաղվող անձնավորություններ: Էնպես չի, որ մենք դեմ ենք, կամ ընդդիմադիր ենք, բաներ կան, մենք էլ մեր առաջարկություններով ենք հանդես գալիս»:

«Նպատակահարմար գտանք դեմ քվեարկել այդ որոշմանը», -ասաց ՔՊ ավագանու մեկ այլ անդամ՝ Օհան Օհանյանը։ «Գուրգեն Մարտիրոսյան» դաշինքից Արման Մարուխյանը ասաց, որ կողմ եւ դեմ քվեարկելը ավագանու անդամի որոշումն է. «Իրենց խմբակցությունում ոնց որոշում են, էդպես էլ քվեարկում են: Մենք մեր դաշինքում նախապես քննարկում ենք հարցերը, չեմ կարծում, որ հաստիքները շատ են, նրանք հաշվի չեն առնում, որ համայնքը խոշորացվել է»: