Պատերազմից հետո շատ էր փոխվել

Պատերազմից հետո շատ էր փոխվել

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Մասիսի քաղաքապետարան զինված ներխուժած անձի հետ բանակցությունների ընթացքում հնչել են կրակոցներ:

Ոստիկանության հատուկ նշանակության վարչության ծառայողները՝ ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ, մտել են ներս և հայտնաբերել 36 տարեկան Էդվարդ Մարգարյանի դին՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով: Նա ինքնասպան է եղել: Այս մասին հաղորդագրություն է տարածել ոստիկանությունը: Էդո Մարգարյանի մասին մասիսցիները ափսոսանքով են խսում. ասում են, որ ընկերական մեծ շրջապատ ուներ, հարգում էին: Հայրը եղել է ազատամարտիկ: Ինքը նույնպես կամավոր մասնակցել է 44-օրյա պատերազմին, որից վերադառնալուց հետո շատ փոխված է եղել:

Նրա վարքագծի մեջ այնպիսի բացասական փոփոխություններ են եղել, որ կինը բաժանվել է՝ իր հետ տանելով երկու երեխաներին: Թե ինչ պահանջներով է նա մտել Մասիսի քաղաքապետարան, հայտնի չէ: Սակայն Մասիսում բոլորը գիտեն, որ նա եւ քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը մտերիմ են եղել, ընդհանուր ընկերական շրջապատ են ունեցել: Մարգարյանի ֆեյսբուքյան էջում կան լուսանկարներ՝ Համբարձումյանի ընտանիքի անդամների, ընկերների հետ: Մասիսցիները բացառում են քաղաքական տարաձայնությունները: