Գյումրիում դաժանաբար սպանված երիտասարդի գործով մեղադրվողին ազատ են արձակել. սպասվում է բողոքի ակցիա

Գյումրիում դաժանաբար սպանված երիտասարդի գործով մեղադրվողին ազատ են արձակել. սպասվում է բողոքի ակցիա

Գյումրիում դաժանաբար սպանված եւ հասարակական մեծ հնչեղություն ստացած 25-ամյա Արտյոմ Ադանալյանի սպանության գործով՝ մարդասպանության համար մեղադրվող ամբաստանյալին, Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նարեկ Բեգլարյանն այսօր որոշում է կայացրել  գրավի դիմաց ազատ արձակել։

Մինչ այդ դեռեւս 2018թ. մարտի 20-ին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով նույն մեղադրյալը դատապարտվել էր 11 տարվա ազատազրկման, որի հետ համաձայն չլինելով Արտյոմի մայրը՝ տուժողի իրավահաջորդ Ռուզան Ադանալյանը , վերաքննիչ բողոք է ներկայացրել:

Մեզ հետ զրույցում տիկին Ադանալյանն ասաց, որ այն բավարարվել է տուժողի արդար դատաքննության իրավունքների խախտման հիմքով։ Դատաքննությունը շարունակվում է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում եւ այնպես է ստացվել,որ տուժողի իրավունքները պաշտպանելուն եւ վերականգնելուն զուգահեռ գրավի դիմաց ազատ է արձակվել մեղադրյալ Ա.Մարտիրոսյանը։

«Մինչդեռ քրեական գործն ի թիվս այլնի՝ առանձնահատուկ է նրանով, որ Արտյոմին հասցված վնասվածքները տարբեր չափերի են, տեղակայման տարբեր բնույթի, գործից բացակայում են դիակի լուսանկարները՝ ինչը հանգեցնում է ողջամիտ հետեւությունների, որ սպանություն կատարվել է խմբի կողմից: Վաղը՝ 24.02.22թ.,ժամը 11:00 -ին ես՝ Ռուզան Ադանալյանս, ով տուժողի իրավահաջորդն եմ եւ միաժամանակ «Կյանքի իրավունք» իրավապաշտպան ՀԿ նախագահը, իրականացնելու եմ բողոքի ակցիա ԲԴԽ-ի դիմաց»- hraparak.am-ին փոխանցեց սպանվածի մայրը՝ նշելով, որ ակնկալում է լրատվամիջոցների աջակցությունը լուսաբանման հարցում։