Տպավորություն է, որ իշխանությունը վախենում է արցախցիների ներկայությունից

Տպավորություն է, որ իշխանությունը վախենում է արցախցիների ներկայությունից

Ինչպիսի՞ սոցիալական ծրագրեր պետք է իրականացվեն Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների համար, որ երկարաժամկետ հեռանկարում արցախցիները կարողանան ինտեգրվել եւ ունենան սոցիալապես ապահովված կյանք Հայաստանում։ Այս հարցերի շուրջ զրուցել ենք աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախկին նախարար Ռազմիկ Մարտիրոսյանի հետ։

- Պարոն Մարտիրոսյան, մինչ այս պահը արցախցիներին ցուցաբերված սոցիալական աջակցություններն ինչպե՞ս եք գնահատում, թեկուզ` կարճաժամկետ ծրագրերը։ Այս ծրագրերով որոշ խնդիրներ լուծվե՞լ են։

- Ճիշտն ասած` տեղյակ չեմ, թե ինչ են անում։ Երկար ժամանակ է, որ հետաքրքրված չեմ այդ ոլորտով։

- Իսկ, Ձեր կարծիքով, ինչպիսի՞ ծրագրեր պետք է իրականացվեն, որ լուծվեն տեղահանված արցախցիների խնդիրները, գոնե` մասնակիորեն։

- Բարդ է այդ հարցին միանշանակ պատասխանելը, որովհետեւ նախ պետք էր կարգավիճակը ճշտել, եւ պետությունը պետք է լուրջ աշխատանքներ կատարեր միջազգային կազմակերպությունների հետ, որպեսզի փախստականի կարգավիճակ ստանային այդ մարդիկ, եւ հրատապ օգնության ծրագրեր իրականացնեին` գումարներ բերեին այն կազմակերպություններից, որոնք օժտված են նման խնդիրներ լուծելու։ Ես հիմա չգիտեմ՝ արցախցիներն ինչ կարգավիճակում են, որն է նրանց կարգավիճակը, ունե՞ն արդյոք փախստականի կարգավիճակ։ Ակնհայտ է, որ իշխանությունները ոչ մի սցենար չունեին՝ պատրաստ չէին, եւ հիմա շատ դժվարանում է խնդիրներին լուծում տալը։ Եվ չեմ կարծում, որ կկարողանան լիարժեք լուծել այս խնդիրները։ Լիներ մի ուրիշ իշխանություն` բավականին մեծ աղմուկ կբարձրացնեին, թեկուզ առաջնահերթ խնդիրները կլուծեին։ Այսօր Իսրայելը փորձում է Գազայի հատվածում ապրողներին վտարել, մեղմ ասած, բայց տեսեք` ինչ է կատարվում, նրանց չի հաջողվում դրան հասնել։ Նախադեպը նաեւ Արցախն էր, բայց տեսնում ենք, որ չկա բավարար ուշադրություն։ Արցախը մոռացվեց Գազայի հատվածում տեղի ունեցող դեպքերի ֆոնին։ Բայց պետք է ամեն ինչ անել, որ Արցախի հետ կատարվածը չմոռացվի, որն իր հերթին կստեղծի հնարավորություններ, որ հետագայում որոշ հարցեր լուծվեն։

- Իշխանությունները հայտարարում են, որ իրենց իրականացրած ծրագրերի շնորհիվ արցախցիներն ինտեգրվում են մեր հասարակությանը։ Արդյո՞ք արցախցիներն ինտեգրվում են, դա նկատելի՞ է։

- Նախ, պետք է հասկանալ՝ ինչ բան է ինտեգրացիան։ Ինտեգրացիան, եթե հայերեն թարգմանենք, նշանակում է՝ ամբողջացում։ Հիմա, արցախցիները մեզանից առանձին չէին ապրում, որ այսօր ինտեգրվեն։ Արցախցիները նման խնդիր չունեն` թե՛ ազգային, թե՛ մշակութային առումներով։ Այս պահին մենք ունենք այս մարդկանց հարցերը լուծելու սոցիալական, տնտեսական խնդիրներ։ Հայաստանը նման խնդիր վերջին 100 տարվա ընթացքում ունեցել է արեւմտահայերի հետ, ովքեր եկել էին 46 թվականին, 88-ին, երբ հազարավոր հայեր՝ ջարդերի հետեւանքով, Ադրբեջանից եկան Հայաստան։ Իրենք կարող էին ունենալ մշակութային խնդիրներ՝ այստեղ ինտեգրվելու համար, բայց արցախցիներին այս խմբերի հետ չպետք է կապենք։ Մենք արցախցիների հետ 32 տարի ապրել ենք իրար հետ՝ փաստացի։ Արցախցիներն ինտեգրվելու խնդիր չունեն, նրանց պետք է ապահովել աշխատանքով։ Ես այս ընթացքում փորձում եմ օգնել արցախցի մի քանի ընտանիքի, իրենք միայն աշխատանք են ուզում՝ լինի պետական, թե մասնավոր։ Այս մարդկանց աշխատանքով ապահովելու համար պետք է լինի նախաձեռնություն, եւ այսօր, դժբախտաբար, այդ նախաձեռնությունը կարող է իրականացնել իշխանությունը` իր ողջ ռեսուրսներով։ Մասնավոր սեկտորը, հասարակական կազմակերպություններն ինչ կարողանում, անում են, ինչը բավարար չէ։ Ամեն դեպքում, երբ տեսնում ենք իշխանությունների պահվածքը, կարող ենք եզրակացնել, որ իրենք չեն ցանկանում նման նախաձեռնություն իրականացնել։ Եթե անկեղծ՝ ինձ մոտ տպավորություն է, որ իշխանություն կրող անձինք վախենում են Հայաստանում արցախցիների ներկայությունից։ Ինձ մոտ տպավորություն է ստեղծվում, որ անում են ամեն ինչ, որ մարդիկ մոռանան իրենց պատմությունը, անցյալը՝ սկսած դասագրքերից, վերջացրած մեր ակտիվիստների, կռված մարդկանց, հայրենասերների նկատմամբ իրականացված անհեթեթ ձերբակալություններով։ Այս իրավիճակը լուրջ չէ պետության համար։ Պետությունը պետք է պատրաստ լինի ցանկացած սցենարների դիմակայելու, որ կարողանա արձագանքել` լուծելով խնդիրները։