Սեւեռումներ

Սեւեռումներ

Մասնավոր կառույցում աշխատող անձը, որը գրեթե ոչնչով կախված չէ պետական քաղաքականությունից, անմեղ դեմքով ասում է․ «Մի անհամեստ հարց տամ, էլի․ կարո՞ղ ես ինձ բացատրել, թե ինչու է Նիկոլ Փաշինյանն ընկել Հրայր Թովմասյանի ետեւից։ Այդքան ռեսուրս, այդքան էներգիա, այդքան անցանկալի հետեւանքներ բերեց այդ մտասեւեռումը՝ ո՞րն է պատճառը»։

Վերլուծաբանները, իհարկե, հազար ու մի պատասխան կտան այդ հարցին՝ փորձելով տրամաբանության շրջանակներում տեղավորել իշխանությունների քայլերը։ Բայց նման հարցերի ու հարցադրումների մի ստվար թղթապանակ կարելի է կազմել՝ ուսումնասիրելով իշխանական երկամյա գործունեությունը։ Ասենք, նույն Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Արմեն Գեւորգյանի, Սամվել Մայրապետյանի եւ շատ ուրիշների նկատմամբ մտասեւեռումն ինչո՞վ կարելի է բացատրել։

Լավ՝ դրանք նախկիններն են եւ ռեւանշի ձգտում ունեն, իսկ ինչո՞վ բացատրել «Լուսավոր Հայաստանի», «Բարգավաճի», Դաշնակցության կամ նորաստեղծ «Հայրենիք» կուսակցության նկատմամբ սեւեռումները։ Ենթադրենք՝ քաղաքական ուժերից վտանգ են տեսնում, եւ սեփական աթոռները պահպանելու կենդանական բնազդն է գործում, իսկ ինչո՞վ բացատրել «Հայ ժողովրդի պատմություն», «Հայ գրականություն», «Ռազմագիտություն» առարկաների, Հայոց եկեղեցու նկատմամբ սեւեռումները։

Ինչո՞ւ են, ասենք, բուհերի աշխատող ռեկտորներին կամ առողջապահական հիմնարկների փորձառու ղեկավարներին հանում պաշտոններից եւ նրանց փոխարեն նշանակում այնպիսի կադրերի, որոնք կաթվածահար են անում գործող հիմնարկները։ Եվ այս անհաջող կադրային նշանակումներից անգամ չեն խրատվում, հիմա էլ ուզում են մասնավոր բժշկական կենտրոնների տնօրեններ նշանակելու իրավունքը վերապահել իրենց։ Ի վերջո՝ սա ի՞նչ է․ կառավարման անկարողությո՞ւն, թե՞ իշխանատենչություն։