«Դուք զորակոչել եք անգամ Աստծուն, դուք պարտված եք»

«Դուք զորակոչել եք անգամ Աստծուն, դուք պարտված եք»

 Կարդացել էի Քամյուի «Նամակներ գերմանացի ընկերոջս» էսսեն: Համարձակվեցի թարգմանել՝ ռուսերենից, մի քանի մասնագետի հետ խորհրդակցեցի, շտկումներ արեցինք եւ… տպագրեցի բանակային «Մարտիկ» թերթում, որի խմբագիրն էի: Արժանացա խստագույն քննադատության եւ զգուշացման՝ այլեւս երբեք ինքնագլուխ ոչինչ չանել: Թեեւ նյութերը երկու՝ Լրատվության եւ մամուլի դեպարտամենտի եւ բանակային գրաքննություն էին անցել: Մինչ օրս էլ չգիտեմ՝ ով ինչ էր տեսել Քամյուի «նամակներում»: Տավուշում վերջին սրացումը հիշեցրեց այդ էսսեն: Նորից կարդացի: Քամյուն գրել է 1944թ.: Ցնցող է հատկապես մի պատմություն. ուրեմն վաղ լուսաբաց է, գերմանական թափքածածկոցավոր բեռնամեքենան գնդակահարության է տանում  ֆրանսիացիների: Նրանց մեջ մի պատանի կա, որ դողում է: Ատամները զարնվում են իրար: Մահվան դատապարտվածների հետ գերմանացի հոգեւորական է: Գնդակահարությունից առաջ պետք է հաղորդություն տա: Պատանին դիմում է նրան. «Ես ոչինչ չեմ արել»: «Գիտեմ,- ասում է հոգեւորականը, բայց դու պիտի քեզ պատրաստես՝ մահն ընդունելու: Դա դժվար չէ, Տերը քեզ կօգնի»: Հետո հոգեւորականը մեջքով շրջվում է: Այդ պահին պատանին տեսնում է, որ թափքածածկի եւ կողերի միջեւ ճեղք կա: Բացում է, ցատկում:

Ներս խուժած թարմ օդի վրա հոգեւորականը շրջվում եւ տեսնում է, որ պատանին չկա: Բոլոր դատապարտյալները նայում են գերմանացի հոգեւորականին: Վերջինս միայն մի երկվայրկյան է տատամսկում, ապա արագ ծեծում է խցիկը: Բեռնամեքենան կանգ է առնում: Զինվորները շուրջկալում, պատանուն վերադարձնում են: Հոգեւորականն իջնում, տեղավորվում է խցիկում: Նրա տեղն զբաղեցնում է պատժիչ ջոկատի հրացանավորը: Քամյուն իր գերմանացի ընկերոջն ասում է. «Դուք զորակոչել եք անգամ Աստծուն, դուք պարտված եք»: Քիչ առաջ virtualaz.org-ում կարդացի սուլթան Անդուլ Համիդի թոռան սպառնալիքները Հայաստանին, հայ ժողովրդին. «Մի մոռացեք, ձեզ հետ կվարվենք այնպես՝ ինչպես վարվել ենք»:

Սա արդեն ոչ միայն Ադրբեջանի, որ զորակոչել է  արյունարբու սուլթանի ստվերը, այլեւ Թուրքիայի պարտությունն է: Որտեղ աշխարհի հետ երկխոսելու ոչինչ այլեւս չունեն եւ Սուրբ Սոֆիայի տաճարը վերստին դարձնում են մզկիթ: Զորակոչում են անգամ Աստծուն: