Կարող եմ հանդիպել հրապարակային և ոչ հրապարակային ցանկացած գործչի հետ

Կարող եմ հանդիպել հրապարակային և ոչ հրապարակային ցանկացած գործչի հետ

Նախքան կալանավորվելը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ մի քանի կայքերի խմբագիրների հետ հանդիպման մասին տեղեկատվությունը հերքվում է։

Ինչպես տեղեկացրել ենք այսօր «Ժամանակ» թերթը գրել էր, թե իրենց տեղեկություններով՝ Վերաքննիչ դատարանի կողմից որոշման հրապարակման օրը, երբ հայտնի դարձավ, որ Ռոբերտ Քոչարյանը կրկին կալանավորվելու է, Քոչարյանը հանդիպում է ունեցել մի շարք խմբագիրների հետ։ «Հանդիպմանը ներկա է եղել tert.am կայքի խմբագիր Արամ Անտինյանը, «168 Ժամ» կայքի խմբագիր Սաթիկ Սեյրանյանը, «Հրապարակի» խմբագիր Արմինե Օհանյանը, «Հայելի» կայքի խմբագիր Անժելա Թովմասյանը և մի քանի այլ խմբագիրներ։ Հանդիպման նախաձեռնողը եղել է Ռոբերտ Քոչարյանը, իսկ քննարկման թեման՝ մասնակից լրատվամիջոցների հետագա քաղաքականությունը»,- գրել է թերթը։

Տեղեկատվությունը ճշտելու նպատակով դիմեցինք «168 Ժամ» թերթի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանին։

‹‹Տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում։ Այդ թերթի կամ կայքի խմբագիր-սեփականատերը տեղեկությունը լրատվամիջոցների ղեկավարներից առնվազն կարող էր նաև անձամբ ճշտել, իրեն պետք եղած դեպքում շատ հեշտ կապ է հաստատում և կարող էր հրապարակելուց առաջ գոնե ձևական ճշտել լուրի իսկությունը››,- «Փաստինֆոյի» հետ զրույցում ասաց «168 Ժամ» թերթի խմբագիր Սաթիկ Սեյրանյանը:

«Ինքս՝ որպես գլխավոր խմբագիր և Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ, կարող եմ հանդիպել հրապարակային և ոչ հրապարակային ցանկացած գործչի հետ՝ և՛ նախկինների, և՛ ներկաների, և՛ Նիկոլ Փաշինյանի, և՛ Արմեն Սարգսյանի, և՛ Սերժ Սարգսյանի, և՛ Ռոբերտ Քոչարյանի, և՛ Լևոն Տեր-Պետրոսյանի, ցանկը կարող ենք շարունակել... Որևէ մեկը չի կարող կարգավորել և որոշել իմ հանդիպումների օրակարգը, այդ թվում և առաջին հերթին՝ այդ լրատվամիջոցի սեփականատեր-խմբագիր և ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը»,- ավելացրեց Սաթիկ Սեյրանյանը:

Նյութի աղբյուր՝ pastinfo.am