Էրիկ Բեկնազարյան. Մի լար, աղջիկ

Էրիկ Բեկնազարյան. Մի լար, աղջիկ

- Ինքնասպանության ձեւերից նախընտրում եմ կախվելը` դրա մեջ մի տեսակ մռայլ էսթետիկա կա. անշունչ մարմինը լուռ տարուբերվում է` որպես հիվանդ հոգու վերջին երգը: Երակները փրթելն անառողջ երեւույթ է, կամրջից նետվելը՝ խիստ էքստրեմալ` նույնիսկ մեռնողի համար: Ատրճանակն էլ չէր խանգարի:

- Ինչո՞ւ ես մտածում դրա մասին:

- Օգնում է:

- Ո՞նց:

- Հանգստացնում է:

- Դա լուծո՞ւմ է:

- Ոչ էլ խնդիր է:

- Բայց չէ՞ որ կյանքը մի անգամ է տրվում, մտածե՞լ ես դրա մասին: Որ գնաց` էլ հետ չես բերի:

- Գիտեմ, սիրում եմ իրեն, բայց հաճախ չի պատահում, որ հանդիպեմ հետը:

- Լավ, այլ բանից խոսենք,- ասում է հոգեբանը՝ ուղղվելով բազկաթոռի մեջ,- գործերդ ո՞նց են աշխատավայրում:

- Հեռացա նախքան հեռացվելս:

- Խոսե՞նք դրա մասին:

- Էլ խոսելու բան կա՞, առաջին դե՞պքն է:

- Բայց այնուամենայնիվ խոսենք, ամեն դեպք իրենով եզակի է:

- Նույն քաքն է, չէ:

Ժամը լրացավ, դուրս եկավ: Փողոցներն աղմկոտ են ու մարդաշատ: Կյանքի ոչ մի նշույլ: Արդեն կես ժամ քայլում է, ու տեսածը միայն ձանձրալի պարոններ ու տիկիններ են, հոպարներ ու մորքուրներ, հետո մեքենաներ են, որ ամբողջ ուժով սլանում են գրողի ծոցը: Առջեւում tell cell-ի մի տուփ է ու մի կին, որ վճարում է կատարում: Սուպերմարկետի կարմիր համազգեստով աշխատողը ծխում է ու սուրճ խմում: Հանգստանում է: Թող հանգստանա: Կողքով երկու մարդ են անցնում: Նրանց զրույցն ականջ է ծակում` «Ապե, հա... հեսա հելնեմ... էթամ ընդե... ըստուց... ընդուց... բադակտուց...»: Կանայք են զբոսնում, ու նրանց վրայից առօրեականության ձեթ է կաթում: Ապրել մի հինգ հարյուր տարի, ճանաչել նրանց բոլորին, բացահայտել նրանց ներքին կայծը, չէ՞ որ ունեն, բոլորն էլ ունեն, իմանալ նրանց թախիծն ու սերը: Բայց կյանքը կարճ է: Չէ՜, ուղղակի կյանքի ու մահվան միջեւ մի երրորդ բան էլ կա, մենք անգոյության մի ճահճից մյուսն ենք խրվում, մենք չենք հասցնում ապրել, մեզ չի հաջողվում դուրս գալ կյանքի բաց ծովը: Ամեն անցնող քայլի հետ աչքերն ավելի ու ավելի դառնում են մոլագար թմրամոլի աչքեր, ով, սակայն, թմրանյութի փոխարեն հոգի է տենչում: Հանկարծ մոտն անզուսպ մի ցանկություն է առաջանում՝ մոտենալ մեկին, ճղել նրա մարմինն ու փնտրել, գտնել, մեջից հանել հոգին: Հետո զգում է, որ էնքան էլ հեռու չէ նման մի բան գործելուց, ու իրեն ստիպում է փոխել ճամփան: Փորձում է դուրս գալ ամբոխից, մի խաղաղ տեղ գնալ: Անցնում է նրբանցքներով, քիչ հետո վերջապես մի հանգիստ տեղ է գտնում: Նստում է: Վառում է ծխախոտը: Դիտում է շուրջը: Մի աղջիկ ռոլիկներ է քշում, ուզում է սահելով հասնել մինչեւ ծաղիկները: Ընկավ: Սկսեց լացել: Էդպես է, միշտ էլ էդպես է, մենք ուրախ սահում ենք դեպի չքնաղ բույրերը, բայց ընկնում ենք ու ջարդվում: Մի լար, աղջիկ, վեր կաց, մաքրիր աչքերդ, գնա, ծաղիկները սպասում են քեզ, նրանք քեզ հեքիաթներ կպատմեն կյանքի մասին, նրանք քեզ հոգու գաղտնիքներ կշշնջան: Գիտեմ, անկումը հետքեր է թողնում: Ամենակարեւորը՝ որ երբեք չվախենաս:

Բայց, անկեղծ ասած, ես էլ հոգնել եմ ու լացել եմ ուզում: Զգում եմ, որ օր-օրի կյանքը լքում է ոսկորներս: Ես դեռ պետք է իմ կյանքի կռիվը տամ, ու գուցե վերջս գա էդ կռվում: Ես չեմ հավատում աստծուն, աղջնակ, բայց եթե դու հավատում ես, խնդրում եմ` աղոթիր ինձ համար:

Առջեւում արագ սննդի մի կետ է, խոհարարը դուրս է եկել ծխելու: Խոհարար է: Քիչ հեռու ավտոլվացման կետ է, իր տարիքի մի ջահել մեքենա է լվանում: Մեքենա լվացող է նա: Կողքին խանութ է, մոտ երեսուն տարեկան մի կին է աշխատում: Վաճառող է նա: Բոլորը գտել են իրենց, բոլորը գտել են իրենց, բոլորը գտել են իրենց, եւ միայն ինքը դեռ դեգերում է խավարում ու չգիտի ուր գնալ: Վերջին չորս ամսում արդեն երրորդ գործն է փոխում: Նախ բանկում էր, հետո զզվեց ֆինանսական գործարքներից ու գնաց մի հասարակ խանութ` ինքն էլ վաճառող դառնալու, ուղեղն անջատել ու ծախել, բայց հոգնեց դրանից, հոգին բթացավ առօրեական զանազան ապրանքներ ծախելով: Վերջինը բանվորությունն էր՝ խմիչքի գործարանում: Անջատվել, անջատվել, չլինել: Բայց չկարողացավ զսպել իրեն, խմիչքի արկղը շպրտեց պատին, փշուր-փշուր եղավ, ու հեռացավ:

Ասես մտածողական օրգանները հրաժարվում էին գործել, ուղեղն այլեւս դադարում է ընկալել գործող համակարգի օրենքները: Ավարտեց համալսարանը` պետք է աշխատի: Հետո ամուսնանա, աշխատի` էդ փողին հիմար բաներ առնի, մյուս մասն էլ հարկ վճարի, որ ասֆալտ փռեն: Ինքն ատում է ասֆալտը: Ինքն ուրիշ արահետով պետք է գնար, ինքն արձակ դաշտ էր տենչում, անտառ, լեռ, չտրորված ուղիներ, քամի, աստղ, սեր: Մի լար, աղջիկ, անիմա, էդ ո՞վ է աղմկում ներսումդ, փակիր:

Անձրեւ թափվեց: Ծխախոտը հանգավ: Փողոցները կամայանան հիմա, ինչպես մեր հոգիները տարեցտարի: Բայց՝ չէ, անձրեւ չէր: Պարզապես երկինքը չդիմացավ այլեւս ու սկսեց լացել: Վեր կացավ: Քայլեց դեպի գետնի տակը: Գնացքը տարավ քաղաքի կենտրոն: Իջավ: Զանազան մարդիկ` ուրախ, տխուր, կյանքով լի: Թվում է` կյանքը դիպել է նրանց, նրանք կյանքի մեջ են: Մի մատղաշ աղջնակ` վարդագույն շուրթերով, ձեռքին՝ լցնովի պաղպաղակ: Ուզում է մոտենալ, դիպչել նրան, ուզում է նրա շուրթերից կյանքի հյութեր քամել, գնալ-դիպչել դեռատի աղջկա վարսերին ու այդպիսով բռնել եւ ժամանակի մազերից:

Անցավ: Նա էլ անցավ: Նայում է շուրջը: Միակ բանը, որ գրավում է ուշադրությունը` պատկերասրահն է, բայց այն արդեն փակ էր: Շարունակում է առաջ գնալ` հայացքով քրքրելով տեղանքը: Հիմա գիտեր` ուր է գնում: Անցնում է փողոցը, շրջանցում է բանկերն ու բրենդային խանութներն ու հայտնվում մութ մի նրբանցքում: Առջեւում մի հյուրանոց է, կողքին՝ «Ասեկոսե»-ի գրասենյակը, իսկ երկրորդ հարկում Ժան Պոլն է: Ապակե դռանը պատկերված է Միքելանջելոյի «Ադամի արարումը», միայն էն տարբերությամբ, որ էս անգամ աստված չի մոռանում Ադամին փոխանցել նաեւ ցավազրկողը:

Ներս է մտնում, բարձրանում է աստիճաններով: Բարձրանում է դանդաղ, շուրջբոլորը նայելով, նայելով պատերին փակցված պատկերներին: Երկրորդ հարկից աղոտ լսվում է երաժշտության ձայնը: Բացում է դուռը, դեպի ներս քայլ է անում. ասես ուրիշ աշխարհ մտներ: Այն մեղքերը, որոնց համար իրեն կայրեին այն աշխարհում, այստեղ սուրբ օրենքներ էին:

Նստում է: Դինամիկներից լսվում է Hozier-ի movement-ը: «So move me baby,- ասում է նա,- you do it naturally»: Naturally` կրկնում է նա կիսաձայն` naturally` էն է, ինչ պետք է իրեն, էն է, ինչ պետք է իրեն, որ լինի, էն է, ինչ պետք է իրեն, որ լինեն մյուսները: Հետ է նստում, գլուխը ետ է հակվում, փակում է աչքերը: Ժան Պոլը վերջին հանգրվանն է, միակ տեղը, որտեղ հոգին դեռ թռչում է ի բարձունս յուր:

Հանում է դրամապանակը, նայում միջի գումարին: Երեք բաժակ գինու կհերիքի, էդ բաժակով` գրեթե մի շիշ: Ի զարմանս իրեն` գինին իր ծննդավայրի` Իջեւանի տնական գինի է. դրա տվածը տված է: Դանդաղ խմում է, հետո էլի ետ է հակվում, փակում աչքերը: Երաժշտությունը փոխվեց` հիմա Զեմֆիրա է հնչում: Ասում է` «пожалуйста, не умирай...»: Կիսաձայն կրկնում է տողերը, մի քանի անգամ կրկնում է` «пожалуйста, не умирай»: Հետո փոխվում է` «по-ко-таемся по городу, от-ве-зи меня пожалуйста, к мос-ту, бли-же, БЛИ-ЖЕ»: 

Հին, մոսկովյան պատուհանից նայում է դուրս: Մթնում է, բայց փողոցում արդեն վառվել է լուսամփոփը: «Լուսամփոփի պես աղջիկ, ազնվամորու շուրթերով, ուզում եմ շուրթերիցդ կյանք քամել»: Որքան սիրուն էր նա, աստված, ինչպես լեռը, ծովը, քամին, ինչպես լուսաբացին զարթնող անտառը կամ ինչպես ծաղիկը վաղորդյան մառախուղի մեջ:

Երկրորդ բաժակն է խմում, կամաց-կամաց սկսում է ազդել: Մատուցողներից մեկը ծխում է, մյուսը` կարճ մազերով մի աղջիկ, նստել է աստիճաններին ու երգի բառերը շշուկով կրկնելով՝ գլուխը թեթեւ տարուբերում է, աննկատ պարում է` շարժվում է ռիթմի հետ: Սա ուրիշ աշխարհ է, էստեղ կարող ես անկեղծ լինել:

Երաժշտությունը մի պահ կանգ է առնում, լսվում է բուխարու ճրթճրթոցը: Հետո էլի մի քանի հոգի են ներս գալիս, ռուսերեն են խոսում: Խոսում են բավական աղմկոտ ու զվարթ: Նրանց դզել է միջավայրը: Մատուցողը, որ աշխարհի հանդեպ զգայուն մի աղջիկ է, վեր է կենում աստիճաններով, որ սպասարկի: Խորը թախիծ ու սեր կա նրա աչքերում: Նա զգայուն է` ահա թե ինչն է խնդիրը: Էս աշխարհում գոյատեւելու համար պետք է անզգա լինես: Չլացես, աղջիկ, մեր նմանները դեռ կտան իրենց կռիվը:

Տանում է նրանց կոկտեյլներն ու նորից նստում աստիճաններին: Տղան երրորդ բաժակն է դանդաղ խմում, հենվում է բազմոցի հենակին, գրեթե պառկած է, փակում է աչքերը: Մոտ մի ժամ հետո ռուսները հաշիվը բաժանում են իրար մեջ, մաս-մաս վճարում ու դուրս են գալիս: Նրանց հեռանալու աղմուկից տղան բացում է աչքերը: Մտքի եզրով գիտակցում է, որ քնած էր կամ ննջած: Աչքերը դանդաղ փակվում են կրկին: Ականջներին աղոտ կերպով դեռ հասնում է երաժշտությունը.

Hey you, outthere in the cold...
Hey you, don't help them to barry the light,
don't give in without fight...

Վերջին բառերը լսելով՝ կտրուկ բացում է աչքերը, առաջ է հակվում: Ասես մարտակոչ լիներ, որ հնչեց նրա ականջներում: Նախկին զինվորականն արդեն պատրաստվում էր մարտի նետվել, բայց բուխարու ցոլքերը, խաղաղ դեմքով բարմենը, նրա հանգիստ ծխելը հանգստացրին նրան, ու նա վերստին փակեց աչքերը:

Hey you, would you help me to carry the stone
Open your heart, I'm coming home.

Վերջին բառերի վրա թույլ ժպիտ է խաղում նրա դեմքին, բայց հաջորդ տողերին անմիջապես էլ այն չքանում է:

But it was only fantasy
The wall was too high
As you can see
No matter how he tried
He could not break free.

Մի քանի ցնցումներից, վեր թռչելուց հետո նրա աչքերը խաղաղ փակվեցին` նա քնած էր արդեն: Գիտակցության վերջին խորքերում զգում էր, որ պետք է վեր կենա, գնա կացարան, բայցեւ գիտեր, որ այնտեղ գնալով՝ ծանր խոհերը պետք է նորից կուլ տային իրեն, հետո թքեին իրեն` անուժ, նա պետք է մտածեր նոր աշխատանքի մասին, չքներ, շուռումուռ գար, չքներ: Նրա աչքերն ավելի ամուր սեղմվեցին:

Բացի նրանից, մնացել էին միայն ընկերների մի խումբ` 4 հոգի, ու մի զույգ: Քիչ հետո զույգն էլ գնաց, իսկ ավելի ուշ` մյուս խմբից երկու հոգի: Բուխարին հանգչում էր, բարմենը նստել էր ճոճաթոռին ու դիտում էր մարող կրակի վերջին պարը: Ծխախոտ վառեց:

Գիշերն արդեն իջել էր ու փռել իր թանձր շունչը: Շուրջբոլորն ամեն ինչ դառնում էր անթափանց: Քիչ հետո մյուս խումբն էլ գնաց: Մնացին միայն նա, բարմենն ու մատուցողուհին: Հետո հավաքարարը ներս մտավ ու մի թեթեւ մաքրեց տարածքը: Ժամանակը թռչում էր դեպի գիշերվա խորքը: Բուխարին հանգավ: Մատուցողուհին գնաց, մնացին միայն բարմենն ու նա. նա քնած էր: Երաժշտությունը դեռ թույլ հնչում էր: Ականջ դնելու դեպքում կարելի էր լսել եւ ծղրիդի երգը, հազվադեպ էլ մեքենա կարող էր անցնել:

Գիշերվա չորսն էր, երբ բարմենն ավարտեց վերջին գործերը, հետո հեռախոսը ձեռքը վերցրեց ու մի քիչ զբաղվեց, ապա թիկնեց բազմոցին: Աշխարհից փախած, բայց իր աշխարհը գտած այդ տղային քունը երկար սպասեցնել չտվեց, այն միանգամից իջավ նրա կոպերին: Երկուսն էլ քնած էին, իրարից քիչ հեռու, իրար անծանոթ, հարազատ: Բայց երկու ժամ հետո նա բացեց աչքերը: Մի քանի վայրկյան պահանջվեց, մինչեւ հասկացավ, թե որտեղ է, մինչ հիշեց օրը: Նայեց շուրջը` բարմենը քնած էր: Զգաց, որ մրսում է, անգամ՝ դողում: Ձեռքը երկարեց բազմոցին, քաշեց ծածկոցն ու փաթաթվեց: Մոտեցավ հին, մոսկովյան պատուհանին: Քայլում էր կամաց, թաթերի վրա, որ չարթնացնի մյուս տղային: Բացեց պատուհանը: Վաղ առավոտվա սառը օդը նոր դող բերեց նրա մարմնին, բայց նա չընկրկեց: Ընդհակառակը, վերմակի մեջ ամուր փաթաթված՝ գլուխը դուրս հանեց պատուհանից: Արեւի շողերը դանդաղ սահում էին, մութը դառնում էր թափանցիկ, վարդագույն. դա այգաբաց էր: Զգում էր, որ երակներով նորից սկսում է արյուն հոսել, բայց դա մի այլ աշխարհի արյուն էր:

Կյանքը ծագում է նորից, կյանքը սկսվում է: Դա հիշեցնում է նրան մի մոռացված աշխարհի մասին` սուրբ, հարազատ: Հեռվում սկսում են նշմարվել անգույն, ուրվական շենքերը, ամեն ինչ քնած էր, ու աշխարհը ծնվում է նորից:
Ձեռքը տանում է գրպանը, հանում դրամապանակը: Գումարը թողնում է սեղանին, նայում է տղային, հետո անձայն բացում է դուռն ու իջնում աստիճաններով: Նրա ստվերը սահում է ծնվող աշխարհի մեջ ու չքվում այնտեղ:

«Մշակութային Հրապարակ» ամսաթերթ