Վագիֆ Խաչատրյանի առևանգումը հնազանդության կոչ էր Արցախի իշխանություններին

Վագիֆ Խաչատրյանի առևանգումը հնազանդության կոչ էր Արցախի իշխանություններին

Արցախցի 68-ամյա Վագիֆ Խաչատրյանի առևանգումը, ՄԻԵԴ-ում հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանի կարծիքով, հեռահար նպատակ է հետապնդում. «Սա մի գործողություն էր, որը հնազանդության կոչ էր ուղղում Արցախի իշխանություններին: Մենք հասկանում ենք, որ իզոլացման պայմաններում այնտեղ ֆիզիկական բնաջնջման ռիսկերն արդեն կենսագործվում են, որպես փրկօղակ կարող է լինել հարկադիր տեղահանումը, որը ինքին միջազգային հանցագործություն է: Քանի որ այդ միջանցքը տոտալ վերահսկվում է ադրբեջանցիների կողմից, որտեղ խաղաղապահական եւ մարդասիրական առաքելություն իրականացնողները չգիտես ինչու դարձել են անզոր, Ադրբեջանը այս միջանցքով անցնելու դեպքում կարող է ձերբակալել եւ կամայական գործողություններ իրականացնել ցանկացած անձի նկատմամբ, այդ թվում` այս պահին Արցախում որոշում կայացնող քաղաքական եւ ռազմական ղեկավարության նկատմամբ: Եվ այս պահին այդ ղեկավարությունը պետք է գիտակցի, որ ոչ միայն հայրենիքի պաշտպանությանը մասնակցելն է պատժելի, այլեւ` ոչ պրո ադրբեջանական որոշումների կայացումը կարող է պատժելի լինել»:

Ըստ Ս. Սահակյանի, այս պահին մարդկանց տեղափոխումը անգամ ռուս խաղապահների միջոցով անհնար է դարձել, քանի որ «չկա մի ուժ, որն առանց ադրբեջանական վերահսկողության երաշխավորի մեկ անձի ապահով անցում Արցախից Հայաստան, սա ահաբեկող գործողություն էր ուղղված նաեւ որոշում կայացնողերի նկատմամբ, որ իրենք իրենց կյանքով ու ֆիզիկական անձեռնմխելիությամբ են պատասխանատվություն կրելու իրենց պրո հայկական, պրո արցախյան որոշումների համար»: