Եթե համոզենք, որ ճանապարհը բացեք՝ բնակիչները մեր գլուխը կջարդեն

Եթե համոզենք, որ ճանապարհը բացեք՝ բնակիչները մեր գլուխը կջարդեն

Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ և Սեմյոնովկա համայքների բնակիչները ճանապարհը բացելու մտադրություն չունեն: Սեմյոնովկա համայնքի նախկին ղեկավար Դավիթ Մնացականյանը մեզ հետ զրույցում ասաց, որ այս անգամ բնակիչները վճռական են տրամադրված՝ ճանապարհը չեն բացի.

«Մեկ ամիս առաջ բնակիչները կրկին ճանապարհը փակեցին, ժողովրդին բացատրեցինք, որ համբերեն, տարածքային կառավարման նախարարությունից խոստացել են, որ այս հարցը իր լուծումը 10 օրից կստանա: Արդեն 1 ամիս ա, ոչ մի լուծում էլ հարցին չտրվեց: Հիմա օրերով, անգամ շաբաթով ճանապարհը փակ է լինելու, քանի որ մենք ՝ ես եւ Ծովագյուղ համայնքի ղեկավարը մեր վստահությունը բնակիչների կողմից կորցրել ենք: Ամեն ճանապարհ փակելուց խնդրել ենք, ասել ենք, որ հարցին լուծում կլինի: Հիմա մենք մեր բնակիչների դեմ սուտ ենք դուրս եկել: Մեկ բնակիչ էլ ես եմ, որտեղ իմ բնակիչները՝ այնտեղ էլ ես»:

Մնացականյանն ասաց, որ դեկտեմբերին կայանալիք ընտրություններին որոշվել էր, որ համայնքները փունջ – փունջ են միավորվելու: Հետո առանց բնակիչների կարծիքը հարցնելու խոշորացումը 1 փուլով արեցին. «Մենք ուզում ենք, որ 2 համայնքը միասին լինեն, քանի որ այս դեպքում՝ կոնկրետ Սեմյոնովկան ավելի կզարգանա, քան եթե միանա Սեւանի հետ: Ծովագյուղի բյուջեն գրեթե Սեւան քաղաքի բյուջեի չափ է կազմում: Մեր համայնքը շատ քիչ բյուջե ունի, եթե միանանք Ծովագյուղին, մեր համայնքը դառնալու է Ծովագյուղի մի թաղամաս, ավելի լավ կծաղկի ու կզարգանա: Ընտրություններին պատգամավորները, կուսակցությունները գալիս են համայնքներ, իրենց ծրագիրն են ներկայացնում, բայց հիմա մեկը չի գալիս։ Պատգամավոր ունենք ընտրած, թող այցելի, տեսնի իր ընտրատարածքում ինչ է կատարվում»:

Հարցրեցինք․ «Պարո՛ն Մնացականյան, ասացիք վճռական են տրամադրված գյուղացիները, չեք փորձելու համոզել, որ ճանպարհը բացեն, վերջիվերջո երեւեկությունը կաթվածահար է եղել՝ մարդիկ չեն կարողանում տեղից տեղ գնալ»: «Եթե համոզենք, բնակիչները մեր գլուխը կջարդեն»,- ասաց Սեմյոնովկայի նախկին գյուղապետը:

Նշենք, որ գյուղացիները չմասնակցելով տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին՝ այդպես արտահայտել են իրենց բողոքը համայնքների խոշորացման դեմ։ Պետության կողմից ծախսած գումարները ջուրն ընկան, իսկ բնակիչների կողմից այս բողոքի ակցիան ցույց է տալիս, թե ինչպես է հնարավոր միասնական ու միահամուռ կերպով մերժել իշխանությունների ցանկացած արկածախնդրություն: Այս պարագայում տարբերվում են ծովագյուղցիները, իրենց համառությամբ եւ միասնությամբ. Նրան միաբերան նշում են՝ դեմ ենք մեր համայնքի միացմանը այլ համայնքների. «Դեմ ենք խոշորացմանը, ու անգամ ստիպողաբար իշխանությունները չեն կարողանալու մեր համայնքը ներառել Սևան խոշորացված համայնքի կազմում»:

Հետաքրքիրն այն է, որ մինչ գյուղացիները գովեստի խոսքեր էին ասում նախկին համայնքապետ Վահամ Գևորգյանի հասցեին, թվարկում նրա կատարած գործերը համայնքի համար, շեշտում, էին, որ չեն պատրաստվում իրենց բյուջեն կիսել այլ համայնքների հետ, եւ համայնքապետ են համարում միայն Գեւորգյանին:

Վահրամ Գեւորգյանը մեզ հետ զրույցում հակառակն էր պնդում. «Ինձ հետ համաձայն չեն, ասում են, որ ես չպետք է գյուղապետ լինեմ, իմ դեմ ա պայքարը»:

Իսկ ո՞ւմ են ուզում գյուղացիները: «Հենց էտա, որ մարդ չկա: Ժողովուրդը իր պահանջը ընտրությունով ասել ա, դեմ են խոշորացմանը, քանի որ մեր համայնքը զարգանում է, մեր համայնքի բյուջեն ավելի մեծ է, քան մյուս համայնքներինը, եւ այդ գումարները մենք ուզում ենք հենց մեր համայնքի վրա ծախսվի: Բնակիչների հետ խոսեք եւ կհասկանաք, թե ինչու են դեմ»:

Վահրամ Գևորգյանը համայնքը ղեկավարում է 2012թ.-ից: Նրան հարգում են համայնքում, ասում են՝ համայնքի պահապանն է՝ օձն իր պորտով եւ հավքն իր թեւով չեն կարող մտնել Ծովագյուղ: