Սփյուռք ունեցող երկրի համար եվրոբոնդերի թողարկումը սխալ տնտեսական որոշում է. Հրանտ Բագրատյան

Սփյուռք ունեցող երկրի համար եվրոբոնդերի թողարկումը սխալ տնտեսական որոշում է. Հրանտ Բագրատյան

2019 թվականին Փաշինյանը հպարտանում էր, որ իր օրոք 2015 թվականից հետո առաջին անգամ արձանագրվել է արտաքին պետական պարտքի նվազման միտում: Այսօր սակայն պետական պարտքը արդեն մոտավորապես 8,7 մլրդ դոլար է, այսինքն, հասնում է ՀՆԱ-ի 70 տոկոսի:

Արդեն երկրորդ անգամ Փաշինյանի վարչապետության օրոք կառավարությունը եվրոբոնդեր է թողարկվում: Հունվարի 27-ին Հայաստանի Հանրապետությունը պարտատոմսերի միջազգային շուկայում տեղաբաշխել է 750 միլիոն դոլար ծավալով, 10 տարի մարման ժամկետով, 3.6% արժեկտրոնի եկամտաբերությամբ եվրապարտատոմսեր։ Տեղաբաշխման եկամտաբերությունը կազմել է 3.875%: 

Ֆինանսների նախարարությունը դեռ պաշտոնական հայտարարություն այս առիթով չի տարածել, սակայն հայտնի է, որ նախորդ տարիների համեմատ ցածր տոկոսով պարտատոմսերի թողարկումը կառավարությունում մեծ հաջողություն են համարում, իսկ ըստ ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի, դա Փաշինյանի  կառավարության հերթական սխալն է: «Այդ եվրոները պետք չեն: Դրանք գլխացավանք են: Աշխարհում եվրոյի գինը կատաստրոֆիկ իջնում է, որովհետև երկու տրիլիոն եվրո փող են բաց թողել միայն պանդեմիայի հետ կապված: Եվրոպայում բանկերը չգիտեն, թե եվրոն ինչ անեն: Շվեյցարիայում եվրոն թափած է 0,5-1 տոկոսով: Մերոնք գլուխ գովալու տեղ չունեն։ Նախորդ անգամ վերցրել էինք 500 մլն 4.2%-ով։ Այս անգամ հայտարարվել է 3.875%, բայց միևնույն ժամանակ իբրև նախնական ուղենիշ հայտարարվել է 4.375-4.5% 2031թ մարումների մասով (պարզ է, իրական թիվը 4-ից բարձր է լինելու)։ ՌԴ ֆիննախն, օրինակ, 2020-ի նոյեմբերին տեղաբաշխեց 2 մլրդ դոլարի եվրոբոնդեր 1.12% 7 տարի և 1.85% 12 տարվա մարման ժամկետներով։ Այստեղ գլուխ գովալու բան չկա։ Նշեմ նաև, որ նման տոկոսով հայկական արժեթղթերի պահանջը եղել է ավելի քան 2 մլրդ դոլար։ Իսկ դա նշանակում է, որ իրականում կարող էինք շուրջ 1.0-1.2 մլրդ տեղաբաշխել անվազն 2.5%-ով։ Հիմա թող դատախազությունը զբաղվի առ այն, թե այդ անհաջող տեղաբաշխման արդյունքում պետությանը քանի հարյուր մլն դոլարի վնաս են տվել։   Տասը տարի առաջ էլ, ասենք, տասը տոկոս էր, հետո՞:  Բա ո՞րն է Չինաստանի և ԱՄՆ-ի կռիվը: Չինաստանն ասում է՝ ձեր փողը՝ դոլարն ու եվրոն, համաշխարհային փող են, դուք ինչքան ուզում, տպում եք, մենք ընկնում ենք կրակը: Այս պայմաններում կարել՞ի է ուրախանալ այդ «թանկ գրոշներով»»:

Հարցին, թե չկա արդյո՞ք վտանգ, որ թուրքական կազմակերպությունները կգնեն հայկական եվրոբոնդերը, Բագրատյանը պատասխանում է. «Եվրոբոնդերի տեղաբաշխումը տեղի է ունեցել Լոնդոնի բորսայում, և ոչ մի նշանակություն չունի, թե ով այն կառնի՝ թուրք, ադրբեջանցի, թե ով»: Սակայն նա գտնում է, որ ճիշտ կլիներ ոչ թե Լոնդոնի ու Նյու-Յորքի բորսաներում պարտատոմսեր տեղաբաշխել, այլ Հայաստանի բանկերից և սփյուռքից դրամ վերցնել: «Էսօր Հայաստանի բանկերը եվրոյով դեպոզիտի համար տալիս են 0.5-1.0 տոկոս: Թող արժեթղթերը ծախեին հայկական բանկերին»: Եվրոբոնդերի թողարկումը Սփյուռք ունեցող երկրի համար, ըստ Բագրատյանի, սխալ տնտեսական որոշում է: 

«Արտաքին փող պետք է վերցնել, եթե ներքին ռեսուրսները սպառված են, որովհետև եթե մենք հայերին ենք տալիս, կամ սփյուռքահայերին, եկամուտը հետո հետ տալով, եկամտահարկը գալիս է մեր բյուջե: Ե՞րբ մենք պետք է սկսենք փողը առնել հայությունից: Այս կերպ մենք, այո, հարստացնում ենք թուրքերին: Մենք ունենք պետություն և մենք ունենք աշխարհասփյուռ հայություն: Պետությունը պարտք է վերցնում: Ինչո՞ւ մենք չենք ստեղծում մեխանիզմներ, որ պետությունը աշխարհասփյուռ հայությունից փող վերցնի, որ հայությունը հիմա մեզ փող տա, հետո էլ մենք հայությանը վերադարձնենք այդ փողը իբրև եկամուտ և ստանանք եկամտահարկ բյուջեում:

Ե՞րբ պիտի Հայաստանը կառավարող անգրագետները հասկանան, որ ճիշտ օգտագործելով սփյուռքը մենք միշտ արտաքին պարտքը կարող ենք տրանսֆորմացնել ներքին պարտքի։ Ե՞րբ պիտի ստեղծվի այդ մեխանիզմը: «Հայաստան» համահայկական հիմնադրամը աշխարհով մեկ տասնյակ գրասենյակներ ունի, մենք ինչո՞ւ ենք դիմում ուրիշի ֆոնդային բորսային, պարտք վերցնում, ահագին տոկոս էլ իրենց ծառայության համար փող թողնում HSBC-ին, Citi-ին և J.P.Morgan-ին: Խնդիրը պարզ դրված է. մենք պետք է պարտքով փող վերցնենք հայությունից և հարստացնենք հայությանը, որքան հնարավոր է: Դրանից հետո այդ նույն հայությունը պետք է հարստացնի մեր պետությանը ու այդպես շարունակ։ Եթե այդ աղբյուրը կսպառվի, դրանից հետո նոր կարելի է այն, ինչ որ արել են»: Մեր զրուցակիցը ավելացրեց, որ սա պետական պարտք է և պետք է հաստատվի Ազգային ժողովի կողմից: