Ողբալի է, երբ Կոնսերվատորիան իր տեղում պահելու համար կարիք է առաջանում ամոթալի ստորագրահավաքի

Ողբալի է, երբ Կոնսերվատորիան իր տեղում պահելու համար կարիք է առաջանում ամոթալի ստորագրահավաքի

Այն, ինչ առաջարկվում է Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի վերաբերյալ, պարզապես, անկարելի բան է։ Նախաձեռնողներն, ամենայն հավանականությամբ , չեն պատկերացնում, ինչ չափերի և նշանակության համակարգի հետ գործ ունեն։

Կոմիտասի անվան կոնսերվատորիան Հայ երաժշտական մշակույթի կենսունակությունն ապահովող հիմնական արտերիան է, որն անքակտելիորեն և փոխադարձաբար կապված է, ոչ միայն իրեն շրջապատող համերգային դահլիճների և օպերային թատրոնի հետ, այլև հանրապետությունում գործող երաժշտական բոլոր կրթօջախների, կուլտուրական տարատեսակ կառույցների հետ։ Թե ուղղակիորեն, թե անուղղակի։ 

Նրա գործունեությունն է, որ ի վերջո պայմանավորում է, այսպես կոչված, մշակութային «քաղաքականությունը», հաստատում երաժշտարվեստի գնահատման չափանիշները։ Այստեղ է, որ սովորողը ստանում է մարդու հոգևորը կրթելու բարձրագույն դասը։ Այստեղ է, որ ապահովվում է բազմադարյան մշակույթի շարունակական երթը։ Եվ էլի, էլի շատ ուրիշ, կարևոր բաներ։

Ինչու պիտի այս շքեղ հաստատությունը, իր բազմաթիվ բաժիններով , հիրավի երաժշտական համալսարան, թողնի իր արժանավայել տեղը, տասնամյակներով ձևավորված իր աուրայով և տեղափոխվի «ծածուկ» մի տեղ, մաս կազմելու ինչ որ մի կառույցի։

Մի՞թե մենք այդքան ենք հարգում մեր մշակույթը։ Ողբալի է, երբ նման հաստատությունն իր տեղում և կարգավիճակում պահելու համար կարիք է առաջանում ամոթալի ստորագրահավաքի։

Հարյուր երեք տարվա ընթացքում կոնսերվատորիան ավարտած և ազգային արվեստին համաշխարհային ճանաչում բերած հարյուրավոր արտիստներ վաղուց ի վեր դրել են անհրաժեշտ ստորագրությունները․․․

 

Սվետլանա Նավասարդյան

Հ․Հ․ժող․արտիստ, Հ․Հ․ Պետական մրցանակի դափնեկիր

«Ս․ Մեսրոպ Մաշտոց» և «Պատվո» շքանշանների ասպետ,

պրոֆեսոր,

Շումանի, Բախի, Եղսաբեթ թագուհու անվան

և Սիդնեյի միջազգային մրցույթների դափնեկիր