Հայերից պրծել՝ անցել է Ֆրանսիային. Ալիևի «վատ երազը» 

Հայերից պրծել՝ անցել է Ֆրանսիային. Ալիևի «վատ երազը» 

Գաղտնիք չէ, որ Ադրբեջանի իշխանությունները, իրենց բռնապետ առաջնորդի՝ Ալիևի գլխավորությամբ, պարբերաբար մեղադրանքներ են հասցեագրում Ֆրանսիային ու այդ երկրի ղեկավարությանը, իրենց բնորոշմամբ՝ ընդգված հայամետ դիրքորոշման համար։ Առիթներն էական չեն Բաքվի ջղաձիգ շարժումների ու արձագանքի համար․ մի դեպքում՝ դա Հայոց Ցեղասպանության դատապարտումն է, մյուս դեպքում՝ Ադրբեջանի ագրեսիան հայության դեմ, այդ թվում՝ արցախյան 44-օրյա պատերազմից մինչև վերջին՝ սեպտեմբերյան դեպքերը, իսկ երրորդ անգամ՝ Երևանի ու Փարիզի ռազմական համագործակցությունը և այլն։ 

Ու էլի Ալիևը հիշել ու հիշատակել է Ֆրանսիային, որն, ըստ ամենայնի, նրա մթագնած ուղեղում դարձել է «մղձավանջ կամ վատ երազ», իսկ առիթն էլի էական չէ ու այս դեպքում նույնիսկ Հայաստանի ու հայության հետ առնչություն չունի։ «Ադրբեջանը, որպես Չմիավորված երկրների շարժման նախագահ, հատուկ ուշադրություն է դարձնում ապագաղութացման օրակարգին։ Համաշխարհային մակարդակով մենք մերկացրեցինք որոշ երկրների, հատկապես Ֆրանսիայի կողմից իրականացվող նեոգաղութատիրական քաղաքականությունը և պահանջեցինք վերջ տալ այս ամոթալի գործելակերպին», ասված է Ադրբեջանի նախագահի՝ «Կանանց իրավունքների խթանում և հզորացում» թեմայով Բաքվում ընթացող Չմիավորվածների շարժման համաժողովի մասնակիցներին ուղղված ուղերձում, փոխանցում են այդ երկրի լրատվամիջոցները։ 

«Կանանց իրավունքների պաշտպանությունը և հասարակության մեջ նրանց դերի ամրապնդումը Չմիավորման շարժման օրակարգում առաջնային է: Շարժման ընդունած փաստաթղթերում, այդ թվում՝ 2019 թվականի Բաքվի գագաթնաժողովի ամփոփիչ փաստաթղթում, հատուկ ուշադրություն է դարձվել այս թեմային և սահմանվել են անդամ երկրների պարտականություններն այս ոլորտում»,- ասված է Ալիևի ուղերձում։ 

Արձանագրենք, որ կանանց իրավունքների ու ապագաղութացման մասին հայտարարում է մեկը, ում բռնապետական հակումները վաղուց հայտնի են ամբողջ աշխարհին և որի հանցավոր գործողությունների հետևանքով հայաթափվել է Արցախը՝ երեխաներ, կանայք, տարեցներ, հիվանդներ, շարքային քաղաքացիներ, դարձել են գաղթական, ապօրինի առևանգվել ու կալանավորվել են ԼՂ նախկին ղեկավարները, իսկ մինչև այդ էլ 120 հազար մարդու ենթարկել են 9-10 ամսյա հումանիտար աղետի՝ սովահարության մատնելու ճանապարհով։