Համաճարակային անվտանգության պատասխանատու մարմնի ղեկավարը զբաղված է բարեկամներին պաշտոն տալով

Համաճարակային անվտանգության պատասխանատու մարմնի ղեկավարը զբաղված է բարեկամներին պաշտոն տալով

Հայաստանն ունի ՀՀ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին օրենք, որի 7-րդ հոդվածը սահմանում է, որ բնակչության համաճարակային անվտանգությունն ապահովողը ՀՀ կառավարության լիազորած տեսչական մարմինն է, իսկ կառավարությունն իր 2019 թվականի N 1071-Ա որոշմամբ, որն ընդունվել է անցյալ տարվա օգոստոսի 22-ին, լիազոր մարմին է ճանաչել առողջապահության եւ աշխատանքի տեսչական մարմնին: Հետեւապես, հենց այս մարմինը պետք է այս օրերին ամենաակտիվը լիներ: Հենց նա է օրենքով այսօրվա վիճակի պատասխանատուն: Հենց այս մարմնի ղեկավարին՝ Հակոբ Ավագյանին, պետք է դեմքով ճանաչի ամեն քաղաքացի, հենց նա պետք է սովորեցներ մարդկանց դիմակ կրելու ու լվացվելու նուրբ արվեստը, այլ ոչ թե վարչապետը կամ առողջապահության նախարարը, քանի որ օրենքով, բացի սննդի բնագավառից, հենց Հակոբ Ավագյանի ղեկավարած կառույցը պետք է իրազեկեր ՀՀ քաղաքացիներին, փոխանցեր հիգիենայի, առողջ ապրելակերպի գիտելիքները, սանիտարահիգիենիկ եւ հակահամաճարակային վերահսկողություն իրականացներ, զանգվածային հիվանդությունների եւ թունավորումների կանխարգելման միջոցառումներ կազմակերպեր ու վերահսկեր դրանց ընթացքը եւ այլն: 

Այս ամենի փոխարեն, առողջապահության եւ աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանն ինտրիգներով եւ յուրայիններին գործի տեղավորելով է զբաղված: Վերջերս նա իրեն տեղակալ է նշանակել սեփական կնոջ քեռու դստերը՝ Գոհար Դարբինյանին: Տեղակալի պաշտոնը թափուր էր մնացել մարտի վերջից: Դարբինյանը մասնագիտությամբ շատ հեռու է ոլորտից՝ իրավաբան է, եկել է արտակարգ իրավիճակների նախարարությունից: 

Օրենքը չի արգելում, իհարկե, որ ազգականները միասին աշխատեն, անմիջական ենթակայությամբ, սակայն կան բարոյական նորմեր: Համաճարակի ընթացքում հակահամաճարակային հսկողություն իրականացնող մարմնում՝ բարդ մի ոլորտում, առանցքային պաշտոնի է նշանակվում դրանից անտեղյակ անձը: Թե ինչպես է աշխատում տեսչական այս գլխավոր մարմինը՝ տեղեկանում ենք առողջապահության եւ աշխատանքի տեսչական մարմնի կայքից: Այստեղ վերջին նորությունները 15 օրվա վաղեմության են եւ հիմնականում առնչվում են տարբեր տնտեսվարողների գործունեության կասեցման ակտերին: Մայիսի 25-ի հաղորդագրության մեջ կարդում ենք, որ կասեցման որոշումներ են կայացվել 650 տնտեսվարողների նկատմամբ՝ խանութների, դեղատների, վարսավիրանոցների եւ այլն: Խախտումներն առնչվում են աշխատողների կողմից անհատական պաշտպանության միջոցներ՝ դիմակ, ձեռնոց չկրելուն, ախտահանման միջոցների բացակայությանը, արտաքին շփման մակերեսների ախտահանման թերություններին, ջերմաչափմանը եւ այլն: Հիմնական պատժամիջոցը ձեռնարկության աշխատանքի 24-72-ժամյա կասեցումն է, յուրօրինակ ձերբակալություն: Այն կիրառվում է ամենաաննշան շեղումների դեպքում, որոնք կարելի է հենց տեղում վերացնել:

Օրինակ, 24-ժամյա կասեցում կարող են կիրառել այնպիսի խախտումների համար, ինչպիսին աշխատողի դիմակ չունենալն է, աշխատակից, որին անդիմակ բռնացրել են աշխատավայրում։ Նա, իհարկե, կարող է 10 րոպեից վերացնել այդ խախտումը, բայց ոչ՝ կասեցում: Կամ՝ եթե օբյեկտը չունի աղբաման, կարող է այն ձեռք բերել կես ժամում: Ի՞նչ իմաստ ունի այդ չնչին խախտումների համար 24 ժամով կասեցնել տնտեսվարողի գործունեությունը, վնասել նրան եւ 24 ժամ անց, ի դեմս նրա, ունենալ պետության դեմ գազազած սուբյեկտ: 

Դեպքեր են եղել, երբ պարետը կասեցման որոշում է ընդունել, 3 օր հետո միայն եկել են «օբյեկտը» պլոմբելու, այնինչ տնտեսվարողը վաղուց վերացրած է եղել խախտումները: Առհասարակ, տեսչական մարմնի կայքին ծանոթանալիս տպավորություն է ձեւավորվում, որ դրա ղեկավարը չի կարդացել ՀՀ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին ՀՀ օրենքը, չգիտի էլ, որ նման օրենք կա, որն իրեն լայն ու կարեւոր լիազորություններ է տալիս: 
Օրինակ, օրենքի համաձայն, Ավագյանի ղեկավարած մարմինը պետք է իրականացնի սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման միջոցառումների մեթոդական ղեկավարումը, վերահսկի առողջապահության նախարարի գործողությունները, ինչը չի անում:

Արսեն Թորոսյանը հայտարարում է, որ կորոնավիրուսով հիվանդների համար հիվանդանոցներում տեղ չկա, իսկ մամուլում, համացանցում գրեթե ամեն օր տեղեկություններ են հայտնվում այն մասին, որ տարբեր հիվանդանոցներում բազմաթիվ դատարկ հարկաբաժիններ կան, որոնք կարող են տեղավորել եւ բուժել կորոնավիրուսով հիվանդներին: Առողջապահության եւ աշխատանքի տեսչական մարմնի պարտականությունն է՝ ստուգել այս տեղեկությունների իսկությունը եւ միջոցներ ձեռնարկել ընդդեմ նախարարության պաշտոնյաների: Կամ՝ մարզային հիվանդանոցների կեսը դատարկ է, բայց տասնյակ բժիշկներ են վարակվել։ Ո՞րն է պատճառը։ Տեսչական մարմնի ղեկավարն այս ուղղությամբ ի՞նչ առաջարկներ է արել վարչապետին: Բոլոր հարցերի պատասխանները փորձեցինք ստանալ անձամբ Հակոբ Ավագյանից, բայց նա խրոնիկ անհասանելի էր: Ուստի մնում է սպասել, թե ինչպես կարձագանքի նա այս հոդվածին: