«Հրապարակ». Ի՞նչ են քննարկել վեցժամանոց նիստում

«Հրապարակ». Ի՞նչ են քննարկել վեցժամանոց նիստում

Արցախի խորհրդարանում նախօրեին հրավիրված արտահերթ նիստը, որը սկսվել է երեկոյան 21:00-ին եւ տեւել ավելի քան վեց ժամ, անցել է բավականին լարված  մթնոլորտում։ Հիշեցնենք, որ նախօրեին՝ կեսօրին, երբ ադրբեջանցիները ռուս խաղաղապահների միջնորդությամբ Հայաստան տեղափոխվող երեք երիտասարդ ուսանողի առեւանգեցին, Արցախում ներքին իրավիճակը կտրուկ լարվեց, բազմաթիվ արցախցիներ հավաքվեցին նախագահականի, ԱԺ նստավայրի առջեւ՝ իշխանություններից պարզաբանումներ պահանջելու։ Ստեղծված իրավիճակն Արայիկ Հարությունյանին դրդեց լայն կազմով արտահերթ նիստ հրավիրել, որին խորհրդարանական ուժերից բացի մասնակցել են նաեւ Արցախի նախկին նախագահներ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը, ԱԽ նախկին քարտուղար Սամվել Բաբայանը, վերջինիս թիմակից Հայկ Խանումյանը, հասարակական սեկտորի ակտիվ ներկայացուցիչներ` հակառուսական կողմնորոշում ունեցող Արթուր Օսիպյանն ու Տիգրան Պետրոսյանը, մի քանի ՀԿ-ների այլ ներկայացուցիչներ, ինչպես նաեւ Ստեփանակերտի, Մարտունու քաղաքապետերը: Նշենք նաեւ, որ առեւանգված երիտասարդները Մարտունի քաղաքից են։

Ներկաները տպավորություն են ստացել, որ Արայիկ Հարությունյանը նիստը հրավիրել է այն նպատակով, որպեսզի ստեղծված իրավիճակից դուրս գալու կոնսենսուսային որոշում ընդունի։ Նա գույները մի քանի անգամ խտացնելով ներկայացրել է Արցախում ստեղծված իրավիճակը եւ հուսահատ արձանագրել, թե անելանելի վիճակում ենք հայտնվել, որից դուրս գալու մի քանի ճանապարհ կա։ Մեկը Բաքու-Ստեփանակերտ ուղիղ երկխոսություն սկսելն է, որը՝ Հարությունյանը տողատակերում հասկացրել է, որ պարտադրում են նաեւ ՀՀ իշխանությունները, ընդ որում՝ նախագահը չի կարեւորել միջազգային երաշխիքների առկայությունը՝ հարկ համարելով նշել միայն, որ այս ճանապարհը ներառում է նաեւ Աղդամով Ադրբեջանի հետ առեւտուրը: Մյուս ճանապարհը մնալ եւ ցեղասպանվելն է, երրորդը՝ ապահովել Արցախից բնակչության արտագաղթը։

Արայիկ Հարությունյանը, երկար խոսելով Արցախի ծանր վիճակի մասին, ասել է, որ այլեւս տեղ չունեն սպասելու, Արցախը միայնակ է մնացել իր խնդիրների հետ, պետք է որոշում կայացնեն։ Ակնարկել է, որ ռուսներից ակնկալիքներ չունենան: Հարությունյանի այս հոռետեսական հայտարարությունները վրդովմունքի մեծ ալիք են բարձրացրել դահլիճում, պարզվել է, որ ներկաների փոքր մասն է միայն համաձայն Հարությունյանի ներկայացրած՝ իրավիճակից դուրս գալու միակ «կառուցողական»  ճանապարհին: Դա Սամվել Բաբայանն է` իր թիմակիցներով, ինչպես նաեւ Արթուր Օսիպյանն ու Տիգրան Պետրոսյանը, անգամ Հարությունյանի «Ազատ հայրենիքի» պատգամավորներից ոմանք զգուշավոր, բայց մերժել են այդ ճանապարհը։  

Պատմեցին, որ բավականին ծավալուն ելույթներ են ունեցել Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը։ Բակո Սահակյանը փորձել է Արայիկ Հարությունյանին զսպել եւ հասկացնել, որ որոշումներն այս դահլիճում չպետք է կայացվեն, որոշում կայացնողն ու դրա պատասխանատվությունը ստանձնողը պետք է լինի Արցախի գործող իշխանությունը։ Ինչ վերաբերում է իրենց, ապա իրենք կարող են միայն իրենց մոտեցումներն ու տեսակետները հայտնել, բայց ոչ թե իր հետ պատասխանատվությունը կիսել։  

Բակո Սահակյանը մի քանի «ստուգողական» հարց է տվել Հարությունյանին, մասնավորապես` երբ այս կամ այն միջնորդ պետությունից պահանջում եք օգնություն կամ դիրքորոշում հայտնել, արդյոք Հայաստանին նման դիմում հղե՞լ եք, եւ ի՞նչ են պատասխանել ձեզ։ Արայիկ Հարությունյանն անկեղծացել է, թե ՀՀ իշխանություններն իրեն փոխանցել են, թե մենք ոչ մի բան անել չենք կարող, գնացեք, ձեր խնդիրները դուք լուծեք, ձեռքերը լվացել են մեզնից: Բակո Սահակյանը Հարությունյանին նախատել է՝ այդ դեպքում ինչո՞ւ արցախցիներին չի փոխանցել ՀՀ իշխանությունների այդ դիրքորոշումը։ Այն դեպքում, երբ, Սահակիչի խոսքով, Արցախն այս վիճակին հասել է ՀՀ իշխանությունների այն հայտարարություններից հետո, որ ճանաչում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Նախկին նախագահները մերժել են Աղդամով առեւտուր անելու  ճանապարհը եւ խորհուրդ են տվել առավել ակտիվ աշխատել ռուսական կողմի հետ, որոնց հետ շահերն այս դեպքում համընկնում են։ Բանն այն է, որ չնայած Արցախի սորոսական շրջանակների ներկայացմամբ Լավրովի առաջարկն է Աղդամով առեւտուր անելը, սակայն դրանից հետո Արցախի ԱԳՆ-ն հանդես եկավ պարզաբանմամբ, որ իրենք պաշտոնապես նման առաջարկ չեն ստացել, իսկ ավելի ուշ խաղաղապահ զորակազմի ղեկավարությունը, ըստ որոշ տեղեկությունների, ԱՀ վերնախավի մոտ անկեղծացել է, թե իրենք առաջինն են դեմ այդ ճանապարհին, քանի որ դրանից հետո իրենց ներկայությունն Արցախում այլեւս նպատակահարմար չի լինի։
Արայիկ Հարությունյանը խոսել է նաեւ առեւանգված տղաների ճակատագրի մասին եւ վստահեցրել, որ ամեն ինչ արվելու է՝ նրանց սեղմ ժամկետներում հայրենիք վերադարձնելու ուղղությամբ։  

Նիստից հետո Արցախի նախագահը դուրս է եկել Վերածննդի հրապարակ` հավաքվածների հետ խոսելու: Նա ներկայացրել է, որ իր հրաժարականի հարցը նույնպես քննարկվել է, եւ հարկ եղած դեպքում ինքը հրաժարական կներկայացնի: Սակայն մեզ պատմեցին, որ այդ հարցը նիստում չի քննարկել, մի քանի անգամ Հայկ Խանումյանն է տեղից ռեպլիկ արել Հարությունյանի ելույթի ժամանակ՝ եթե չես կարողանում լուծումներ գտնել, հրաժարական տուր, գնա։ Հարությունյանը պատասխանել է, որ այդ առաջարկի շուրջ եւս կմտածի եւ առաջիկա օրերին դիրքորոշում կհայտնի։ Պատմեցին նաեւ, որ Հարությունյանի ելույթի ժամանակ աննախադեպ ակտիվություն են դրսեւորել Օսիպյանն ու Տիգրան Պետրոսյանը, անընդմեջ տեղից  ռեպլիկներ են արել, ռուսների կողմը քար նետել, սակայն նախագահներից մեկը բացատրել է, որ ռուսներից բացի, միջազգային որեւէ դերակատար Արցախում խաղաղապահ զորք տեղակայելու հետաքրքրվածություն չի դրսեւորում, իսկ այդ պարագայում հրաժարվել ռուսներից, կնշանակի Արցախը սկուտեղի վրա նվիրել Ադրբեջանին։ Փոխարենը ՀԿ սեկտորի այս ակտիվիստները բավականին զուսպ պահվածք են դրսեւորել նախկին նախագահների ելույթների ժամանակ, քանի որ նախապես զգուշացված են եղել։
Եթե ամփոփենք, ապա ԱՀ նախագահը, կազմակերպելով այդ քննարկումը, փորձել է իրավիճակից լուծում գտնել եւ առաջարկել է միասնական որոշում ընդունել՝ դրանից բխող հետեւանքներով, սակայն նրան ուղիղ ասել են, որ որոշում ընդունողն ինքն է։