«Հրապարակ». Կամաց-կամաց խփելով` վերցնում են այն, ինչ իրենց խոստացել են այսօրվա իշխանիկները

«Հրապարակ». Կամաց-կամաց խփելով` վերցնում են այն, ինչ իրենց խոստացել են այսօրվա իշխանիկները

Մեր զրուցակիցը «Սեւ հովազ» կազմակերպության ղեկավար Սերոբ Գասպարյանն է։

- Սոթքի եւ Նորաբակի ուղղությամբ թշնամու հարձակման հետեւանքով ունեցանք 3 զոհ, 2 վիրավոր, որոնց վիճակը շարունակում է ծայրահեղ ծանր մնալ։ Երեկ սոցցանցերում տեղեկություններ սկսեցին շրջանառվել այն մասին, որ հայկական կողմը 200 ադրբեջանցի է ոչնչացրել, դիրքեր են ոչնչացվել եւ այլն։ Որքանո՞վ են իրական նման տեղեկատվական հոսքերը։

- Այս ամեն ինչը նման է 44-օրյա պատերազմի «Հաղթում ենք»-ին, այն ժամանակ լուրեր տարածվեցին, որ մեր զորքն արդեն մտնում է Գետաշեն, Շահումյան, գրավելով հասել ենք Քուռ, չգիտեմ ուր, ինչ տեղեկություն ասես, տալիս էին` կեղծ։ Այսօր նայում ենք, ամբողջ համացանցը ողողված է ադրբեջանական շարասյունների տեսանյութերով, ամբողջ համացանցով պանիկա է տարածվում, ու հաստատ համոզված եմ, որ հիմա օդանավակայանում հերթ է` թռիչքների։ Այս ամեն ինչը միտումնավոր է արվում։ Այո, թշնամին ունեցել է զոհեր եւ մեզնից շատ զոհեր է ունեցել՝ դա հստակ է։ Ադրբեջանը սկսում է կրակել ու փորձում է ցույց տալ, թե Հայաստանի զինված ուժերը կրակեցին իրենց վրա։ Ստացվում է, որ նման տեղեկություն տարածող մարդիկ ջուր են լցնում ադրբեջանցիների ջրաղացին, աշխատում են հատուկ նրանց համար։ Մեր անգրագետ, տգետ, միամիտ մասսաներն էլ, առանց հասկանալու այդ ինֆորմացիայի ճիշտ լինելը, թե ինչի համար է սա արվում, սկսում են՝ իբր լավ բան է, տարածել, կիսվել։ Մեկը որոշում է լայքեր հավաքի, փող աշխատի, չգիտեմ ոնց դիմեմ այդ մարդկանց։ Սա է ընդամենը: Այդ մարդիկ ադրբեջանական տեղեկատվական պատերազմի զինվոր են դառնում, իսկ ադրբեջանական կողմը շատ լավ է աշխատում։ Իրենք կրակում են, իրենք հարձակվում են, իրենք դա գցում են հայ տգետների ուղեղները սրանք էլ սկսում են տարածել, Ադրբեջանի ջրաղացին ջուր լցնել, իբր մենք ենք խփել, մենք ավելի շատ վնաս ենք տվել, քան թե իրենք։

- Տարածվող կադրերից երեւում է, որ Ադրբեջանն ուժեր է կուտակում։ Շփման գծի ամբողջ երկայնքո՞վ են նման կուտակումները, թե՞ հատվածական։

- Ամբողջ շփման գծի երկայնքով կուտակումներ կան, կուտակումներն արվում են, ու միշտ էլ կա դա՝ բերում են, հերթափոխ են անում։ Մենք բազմիցս ասել ենք, որ Ադրբեջանը չի սահմանափակվելու իր ձեռք բերածով։ Մեր տգետ, վախկոտ, նարկաման, չգիտեմ եսիմինչ իշխանությունների պատճառով, սրանք ասֆալտ անեն, թալանեն երկիրը, նարկոտիկ բաժանեն, այլասերման քարոզչություն անեն եւ այլն։ Մենք տեսնում ենք, թե ոնց է Ադրբեջանը նորագույն տեխնիկաներ բերում, զինվում, բանակը հզորացնում, իսկ մեր ախմախները, երեք տարի է անցել պատերազմից հետո, մեր երեխաները վրանների տակ են մնում, անձրեւը գալիս` չռռում է երեխաների վրա, 40 աստիճան տաքությունով երեխային դիրք են բարձրացնում։ Էս են սրանք։

- Առաջնագծում կանգնողների հոգեբանական վիճակն ինչպիսի՞ն է․ նախօրեին զոհված երիտասարդների մասին ասում են` շատ խիզախ են եղել։

- Առաջնագծում կանգնածները բոլորն են դուխով տղաներ։ Ոչ թե մեր օլիգարխների կամ իշխանիկների երեխեքի պես թաքնված են ու Երեւանում ճոխ մեքենաներով ման գալուց իրենց դուխով տղու տեղ են դրել, բայց եթե հանես սահման, կարող է պամպերսի կարիք ունենան։

- Ադրբեջանը լայնածավալ հարձակում է նախատեսում, որ Հայաստանը «գետնի՞ն հավասարեցնի»։

- Հայաստանը երբեք գետնին չի հավասարվի։

- Նկատի ունեմ` իրենց ծրագրերն ի՞նչ են։

- Իրենց ծրագրերը հարյուրամյակներով նույնն են՝ Հայաստանը ոչնչացնելու, ինչպես նախկինում` կրոնափոխ անելու... ստրուկի կարգավիճակով ապրելու։ Այսօր ոնց նայում եմ, նոր կրոն է ձեւավորվել Հայաստանում՝ նիկոլիզմ, ու այդ կրոնին դավանում են Հայաստանում եղած համարյա բոլոր աղանդավորները։ Իրենց էլ ձեռնտու չէ լայնածավալ պատերազմը։ Կամաց-կամաց մարդիկ խփում են, ոչնչացնում են եւ առաջ են գալիս...

- Այսինքն՝ լայնածավալ պատերազմը քիչ հավանական է։

- Այստեղ կա Իրանի ֆակտորը, որը զսպող օղակ է, պարզապես կամաց-կամաց խփելով՝ վերցնում են այն, ինչ իրենց խոստացել են այսօրվա իշխանիկները։