«Հրապարակ». Ո՞ւմ ենք «դավերյա» արել մեր պետությունը
«2022-ի սեպտեմբերի 13-ին մահացել ա որդիս, բայց մարմինը հայտնաբերվել ա նոյեմբերի սկզբին: Խայտառակ վիճակ, անտերություն, ինչի՞. տղա ենք պահում, մեծացնում, որ էդպե՞ս վարվեն»,- մեզ հետ զրույցում ասում է Վերին Շորժայի դիրքերում պատերազմի ժամանակ զոհված Սերյոժա Ղազարյանի հայրը՝ Սերժիկ Ղազարյանը:
Նրա խոսքով` անգամ որդու մարմինը գտնելուց հետո էլ իր տեղը չի գտնում, երբեմն մասնակցում է պաշտպանության նախարարության դիմաց ակցիա իրականացնող ծնողների գործողություններին։ «Չեմ ուզում, էլի, նույնը կրկնվի, չեմ ուզում որեւէ ծնող զգա էն, ինչ մենք ենք զգում, մասնակցում եմ այդ ակցիաներին, բայց ոչ մեկին չեմ հավատում: Մի տղա չկա սրանց մեջ, որին հավատամ: Շինծու պահվածք, շոու: Եթե մարդիկ պաշտոն են ստացել, չի նշանակում, որ իրենց վստահված գործը նորմալ կատարում են: Մի նկար լինի` դեմը չոքեն ու ծաղիկներից հոտ քաշեն, էդ ա լավ ստացվում սրանց մոտ: Ոչ մի անգամ Սուրեն Պապիկյանին չտեսա»,- նշում է զոհվածի հայրը:
Նրա խոսքով` չի կարելի 21-րդ դարում բանակի եւ զինվորի հետ այսպես վարվել. «Զոդի պոստերում երեխեքը մի ամիս շարունակ փոխարինող չեն ունեցել, ո՞վ ա 21-րդ դարում նման բան տեսել: Մայկա-տրուսիկից են խոսում, բայց մեր երեխեքն անգամ մայկա-տրուսիկ չեն ունեցել: Խի մեր երեխեքին մենք էդպե՞ս ենք պահել: Մեկը չկա, որ դրանց հետեւի: Մեկը չկա, որ ասի` էս ի՞նչ եք անում էս բանակի հետ: Պետությունն էդքան փող ա տրամադրում, ի՞նչ են անում այդ փողերի հետ: Ծնողները հանդիպել են Սուրեն Պապիկյանին, բայց նա ինչ ուզում է ասի, ոչ մի բառին ես չեմ հավատում: Տղաս վերջին անգամ սեպտեմբերի 13-ի առավոտյան զանգեց, ու վերջ…. Էնքան շատ ա մեր վիշտը, էնքան խորն ա, որ, կհավատա՞ք, ոչ մեկին չեմ էլ ուզում տեսնեմ: Իմ տղան մի քանի ժամ, մեկ այլ զինվորի հետ 50 հոգանոց զորքի դեմ կռիվ է տվել, բայց ի՞նչ…. Որպեսզի լավ պատկերացնեք, թե ինչ տեսակ պետությունում ենք ապրում, թե ինչ արժեք է զինվորը, ասեմ, որ ամիսներ շարունակ տղայիս մարմինն եմ ման եկել, էն մտքից, որ կարող ա կենդանիները հոշոտեին մարմինները, խելագարվում էի: Ամիսներով ման եկանք, հետո՝ նոյեմբերի 7-ին, հենց տղայիս ծննդյան օրը, հուղարկավորեցի նրան: Եթե իմ տղայի հետ ա այսօր նման բան տեղի ունենում, վաղն էլ կարող է ուրիշի հետ նման բան պատահել, բայց ես չեմ ցանկանում, որ ինչ-որ ծնող զգա էն, ինչ ես եմ զգում: Ինչքա՞ն կարա էսպես շարունակվի: Ո՞րն ա մեր ապրելու նպատակը հիմա, երեխա թաղելը, հա՞: Ի՞նչ են ուզում էս ժողովրդից: Վերքս շատ թարմ ա, ամեն անգամ էս մասին խոսելով էլ ավելի ա թարմանում»:
«Ծնողի համար կրկնակի վիշտ ա երեխային ծննդյան օրը թաղելը: Թշնամուս չեմ ցանկանա նման բան: Էս ամեն ինչից հետո մի հարց ա ինձ մտատանջում. ո՞ւմ ենք «դավերյա» անում մեր պետությունը: Ինչքա՞ն կարելի ա նոր զոհի մասին լսել, ինչքա՞ն կարելի է Եռաբլուրը մեծացնել: Գիտե՞ք մարդիկ ինչ դժվարությամբ են երեխա պահում, մեծացնում: Ո՞նց կարելի ա զինվորի հետ էսպես վարվել: Զոհեր, զոհեր, զոհեր, ու մեկ էլ հանկարծ պարզվում ա` բանակցում ենք խաղաղության համար: Սա՞ ա խաղաղությունը: Եթե սա խաղաղությունն ա, չեմ ուզում պատկերացնել, թե պատերազմը ոնց ա լինելու»,- նշում է մեր զրուցակիցը:
Կարծիքներ