Վախենում են, որ ազատության մեջ Շուշանյանը կրկին ստատուս կգրի

Վախենում են, որ ազատության մեջ Շուշանյանը կրկին ստատուս կգրի

Փաստաբան Մուշեղ Շուշանյանին կալանքի տակ պահելու հարցը, կարծես թե, այս իշխանությունների համար սկզբունքային է։ Շուշանյանը, հիշեցնենք, մեղադրվում է Նիկոլ Փաշինյանի նկատմամբ բռնության կոչ հնչեցնելու համար, նա ձերբակալվել էր սեպտեմբերի 28-ին և մինչ օրս կալանավորված է։ Հունվարի 18-ին նրա կալանքը երկարաձգվեց 2 ամսով՝ մինչև մարտի 28-ը։ Դատարանի այս որոշումը Շուշանյանի պաշտպանները բողոքարկել էին, սակայն վերաքննիչն անփոփոխ էր թողել, որից հետո պաշտպանները վճռաբեկ բողոք են տարել։

Մեզ հետ զրույցում Շուշանյանի պաշտպան Արայիկ Պապիկյանն ասաց, որ դեռ Վճռաբեկի որոշումը չկա։ Անդրադառնալով Շուշանյանին կալանավորելու վերաբերյալ դատարանի նախկին որոշումներին՝ Պապիկյանն ասաց․

«Բոլոր ակտերը, որոնք կայացվել են, բողոքարկված են։ Կալանքի վերջին երկարացումը` կրկին վերաքննիչ, բողոքարկված է։ Եվ նախկին և ներկա կալանքի որոշումների վերաբերյալ առաջին ատյանի դատարանը երկու հիմնավորում է նշել՝ «փախուստի դիմելն» ու «նոր հանցանք գործելը»։ Վերաքննիչը նախորդ դեպքում փախուստի դիմելու ռիսկը հիմնավոր չէր համարել, բայց «նոր հանցանք գործելը» համարել էր իրավաչափ ռիսկ և կալանքը պահել էին, հիմա նույն երկու հիմքերը վկայակոչելով` կրկին կալանքը երկարացրել են, այսինքն՝ անգամ այն պայմաններում, երբ Վերաքննիչը ռիսկերից մեկը չի տեսել․․․ կարող եմ ասել, որ առաջին ատյանի դատարանն ընդամենը ամսաթվերը փոխել ու նույն որոշումն էր մեզ տվել։ Եթե դիտարկում ենք «նոր հանցանք գործելու ռիսկը», այսինքն՝ հրապարակային խոսք ասելը կամ նոր ստատուս գրելը, ինչի համար նա մեղադրվում է, ապա նա դա կարող է անել նաև բանտից։ Այսինքն՝ կարող էին լրացուցիչ սահմանափակում դնել, արգելել սոցցանցերից օգտվել կամ հանրային վայրեր գնալ՝ տնային կալանքի պայմաններում, դա կծառայեր «նոր հանցանքը կանխելու» նպատակին, բայց նա կարող է բանտից իր փաստաբանի՝ իմ միջոցով, իր խոսքը փոխանցել ինձ, ես հրապարակեմ։ Այսինքն՝ այդ խափանման միջոցն անլուրջ է։ Ըստ էության, ինքը հիմա բանտում է խոսքի ազատ արտահայտման ռիսկից ելնելով»,- պատասխանեց Պապիկյանը։ 

Փաստաբանից հետաքրքրվեցինք, թե ինչպե՞ս է մեկնաբանում Շուշանյանն իր նկատմամբ հարուցված գործն ու կալանքի որոշումները, ինչո՞ւ են դատարաններն այդպես սկզբունքայնորեն տրամադրված Շուշանյանի դեմ, եթե Արմեն Աշոտյանը Փաշինյանի քաղաքական հակառակորդն է, ապա ո՞րն է փաստաբան Շուշանյանին կալանքի տակ պահելու մոտիվացիան․ 

«Ինքը պնդում է և հայտարարել է, որ իր նկատմամբ կա ակնհայտ և բացահայտ քաղաքական հետապնդում։ Պարոն Շուշանյանն էլ, ըստ էության, պարբերաբար կոշտ և սուր քննադատության է ենթարկել, երբեք չի թաքցրել և բավականին կոշտ քննադատել է։ Ճիշտ է՝ Շուշանյանը քաղաքական գործիչ չէ, ինչպես Աշոտյանը, բայց իրավաբանական տիրույթում հանրության կողմից ճանաչված, հարգանք վայելող փաստաբան է, բազմաթիվ լուրջ, հնչեղ գործերով մասնակցել է Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի ժամանակ, Նիկոլի ժամանակ լուրջ, քաղաքական բնույթի գործերով փաստաբան է եղել, ՄԻԵԴ-ում բավականին շատ գործեր ունի շահած, այսպես ասած՝ ինքն էլ իր լսարանն ունի, և եթե փաստաբաններից մեկին ազատ խոսք արտահայտելու համար բանտում պահում են, դա նաև կարծես ազատ է փաստաբանական համայնքին»։

Փաստաբանից նաև հետաքրքրվեցինք, թե ինչպե՞ս է Շուշանյանի առողջական վիճակը, շուրջ 3 ամիս է՝ կալանավորված է․

«Ինքը չի գանգատվում, բայց պատերազմում վիրավորված լինելուց հետո ինքը ոտքի անավարտ թողած բուժման խնդիրներ ունի։ Ինքը չի ասում ոչ մի բան, բայց պատերազմից հետո իր ոտքը վնասվել էր, հավաքել էին բժիշկները, ինքը բուժման էր գնում, բայց, պարզ է, բանտային պայմաններում ինքն այդ բուժումից չի օգտվում, բայց չի էլ բարձրաձայնում այդ հարցը»։