Նարեկ Սարգսյանին քաղաքացիական այլ հիվանդանոց տեղափոխելու համար դիմում են ներկայացրել

Նարեկ Սարգսյանին քաղաքացիական այլ հիվանդանոց տեղափոխելու համար դիմում են ներկայացրել

 Պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Նարեկ Սարգսյանի (հայտնի է որպես Ֆրանկլին Գոնսալես) գործով նախաքննությունը շարունակվում է։ Այս մասին «Հրապարակ»-ին հայտնեց նրա պաշտպան Արթուր Պիվազյանը: Նա կարծում է, որ նախաքննության ավարտին երկար ժամանակ չի մնացել, բայց նախաքննության ավարտի մասին իրենց չեն հայտնել։

Այս փուլում քննչական գործողություններ ընթանում են․ «Եղել են քննչական գործողություններ, վերջին ժամանակներում չկան, չգիտեմ՝ ինչի, գուցե քննիչն այնպիսի քննչական գործողություններ է անում, որոնց մենք չենք մասնակցում»։

Պաշտպանի խոսքով՝ կալանավորման ժամկետի որոշման վերաբերյալ բողոք են ներկայացրել վերաքննիչ դատարան, սակայն դեռեւս տեղեկություն չունեն, թե այն ում է մակագրվել։

Ինչ վերաբերում  է Նարեկ Սարգսյանի առողջական վիճակին, ապա նշեց, որ մշտապես դեղորայքներ է ընդունում․ «Նա տեղափոխվեց քաղաքացիական հիվանդանոց, ստուգումներ անցավ, առողջական խնդիրների հետ կապված` դիմել ենք վարույթն իրականացնող մարմնին, որպեսզի տեղափոխենք մեկ այլ քաղաքացիական հիվանդանոց՝ ավելի մանրակրկիտ հետազոտություններ անցնելու հետ կապված»։

Թե ինչ հիվանդանոց են ուզում տեղափոխել, եւ ինչպիսի առողջական խնդիրների մասին է խոսքը, պաշտպանը չմեկնաբանեց։

Հիշեցնենք՝ Նարեկ Սարգսյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու և թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն իրացնելու, պատրաստելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելու հատկանիշներով։ Նա 2018 թվականի հուլիսից հետախուզվում էր։ Հայտնաբերվել էր Չեխիայում՝ Ֆրանկլին Գոնսալես անվամբ, 2019-ի դեկտեմբերին արդեն արտահանձնվեց Հայաստանին։